Երևանի մշակութային ու տեսարժան վայրերը

on

Երևանը վարդագույն տուֆից կառուցված շենքերի և դարերի պատմությունը պատմող քաղաք է, որտեղ հնագույն ժամանակների մշակույթը հարևանում է ժամանակակից կյանքին: Հայաստանի մայրաքաղաք այցելությունը հնարավորություն է տալիս ճանաչողական հանգիստ ունենալ և այցելել Երևանի բոլոր տեսարժան վայրերը:
Երևանի կենտրոնը ոչ պաշտոնապես կարելի է բաժանել 2 շրջանի՝ Հանրապետության Հրապարակ, որին կից տեղակայված են թանգարաններ, կառավարական շենքեր, Վերնիսաժը և Ազատության Հրապարակ՝ շրջապատված զբոսանքի համար ամենահաճելի վայրերով ու զվարճանքի համար նախատեսված տեսարժան վայրերով: Երևանի կենտրոնի այս երկու պայմանական մասերն իրար է միացնում Հյուսիսային Պողոտան՝ Երևանի կենտրոնի ամենաժամանակակից փողոցը, որ հաճախ անվանում են նաև «Երևանյան Արբատ»:

Եվ այսպիսով կփորձեմ ներկայացնել Երևանի մշակութային կենտրոններից, հետաքրքիր ու տեսարժան վայրերից մի քանիսը, որոնք առանձնացրել եմ:

★Վերնիսաժ

Վերնիսաժը ձևավորվել է 1980-ական թթ. կեսերին Երևանում՝ Մարտիրոս Սարյանի անվան այգու տարածքում, որտեղ հիմնականում նկարներ են ցուցադրվել։ Ժամանակի ընթացքում Վերնիսաժը բաժանվել է 2 մասի՝ նկարիչների մի մասը մնացել է Մարտիրոս Սարյանի այգում, մյուս արվեստագետների ու արհեստավորների համար տեղ է հատկացվել Հանրապետության Հրապարակին կից այգում:

Վերնիսաժում վաճառվում են մեր արվեստագետների ձեռքի աշխատանքները՝ գեղարվեստի, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, ոսկերչական իրեր, գորգեր, նկարներ, ազգային երաժշտական գործիքներ, քարից, փայտից, կավից, մետաղից պատրաստված կիրառական արվեստի գործեր, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, նաև խորհրդային տարիներին հրապարակված հազվագյուտ, գրքեր, շքանշաններ, կենցաղային իրեր, պարագաներ:

★Լիոնի այգի

Լիոնի այգի հանրային զբոսայգի Երևան-Էրեբունի վարչական շրջանում։ Զբաղեցնում է 17 հա տարածք։ Այստեղ է գտնվում Վարդավառ արհեստական լիճը, որի մակերեսը կազմում է 8 հա։

2010-2011 թթ. այգին ամբողջովին վերանորոգվել է Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ։ Վերաբացվել է 2011 թվականի հուլիսին։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Այգին վերանվանվել է ի պատիվ Լիոն քաղաքի և դարձել երկու քաղաքների բարեկամության խորհրդանիշը։

Վարդեվառ լիճը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում, հայոց արքա Արգիշտի Ա-ի օրոք։ Լճում կա հուշաքար, որտեղ նշված է, որ շուրջ 3 հազարամյակ առաջ Արգիշտի թագավորը կառուցել է այս լիճը և կոչել Արգիշտի ծով։ Նա այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ 1578 թվականին լիճը վերանորոգվում է Երևանի կառավարիչ Մեհմեդ Թոխմախ խանի կողմից և անվանում Թոխմախի լիճ։ 1975-1985 թթ. լճի հատակը և եզրերը բետոնապատվել են։ Ստեղծվել է գեղեցիկ այգի։ Այդ ժամանակվանից լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով։ Խորհրդային ժամանակաշրջանում լիճը անվանվեց կոմունիստական կուսակցության երիտասարդական թևի պատվին Կոմերիտմիության լիճ, 2000 թվականից՝ Վարդավառի լիճ։

Լիճը զբաղեցնում է 8 հա տարածք և օգատգործվում է «վինդսերֆինգ» սպորտաձևի սիրահարների կողմից։

★ Տիգրան Մեծի այգի

Հայոց թագավոր (մ.թ.ա. 95-55 թթ.), պետական և ռազմական գործիչ Տիգրան Մեծի հուշարձանը տեղադրվել է 2004 թվականին, Երևանի Նոր Նորք համայնքի Տիգրան Մեծ զբոսայգում։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի նոյեմբերի 18-ին։

Սա Երևանում Տիգրան Մեծի երկրորդ արձանն է։ Մյուսը գտնվում է հանրապետության նախագահի նստավայրի տարածքում, քանդակագործը կրկին Լևոն Թոքմաջյանն է։

★Երևանի քարայր

Երևանյան ամենահին բնակատեղին հայտնաբերվել է շատ պատահաբար, ընդամենը 50 տարի առաջ։ Այդ տարիներին մայրաքաղաքի սիրված հանգստավայրը Երևանյան լիճն էր: Ու մի օր անցորդները պատահաբար ոսկորներ և կմախքի մնացորդներ են հայտնաբերել։
Քաղաքացիների ահազանգերին արձագանքած պատկան կառույցները պարզեցին, որ ոսկորները ռնգեղջյուրի, արջի, իշայծյամի, վայրի ցուլի ավելի քան 70 000 տարվա մնացորդներ են։
Պարզվեց, որ դրանք դուրս են բերվել Երևանյան լճի ափին գտնվող մի քարայրից, որը նախնադարյան մարդու կացարան է եղել։
Քարայրում խորհրդային տարիներին մի անտուն ծերուկ է բնակություն հաստատել։ Ու մի օր էլ որոշել է իր կացարանում մաքրություն անել` այնտեղից դուրս բերելով բոլոր «անպետք» իրերն ու մնացորդները։ Հենց այդ պատահականության շնորհիվ էլ հնագետներն իմացել են պատմական արժեք ունեցող քարայրի գոյության մասին։

«Քարայրում հայտնաբերվել են հազարից ավելի քարե գործիքներ, նետասլաքներ, նիզակի ծայրեր, բրիչներ, կոկիչներ, մարդաբանական գտածոներ, որոնց թիվն անցնում է 2500-ից»,- պատմում է Երևան քաղաքի պատմության թանգարանի հնագույն և միջնադարյան պատմության բաժնի վարիչ Անժելա Տերյանը:

Հայտնաբերված նյութերը հնագետներին առիթ են տվել ենթադրելու, որ երևանյան քարայրը նախնադարյան որսորդ-քարագործների համար ոչ թե բնակարան, այլ «արհեստանոց-կայան» է ծառայել։
Քարայրի կենտրոնում նաև 48 000 տարվա օջախատեղի է հայտնաբերվել։ Հնագետները խորհրդային տարիներին քարայրում միայն մի քանի շերտ են ուսումնասիրել։ Ավելի հին շերտերը շարունակում են հողով ծածկված ու չուսումնասիրված մնալ։ Մասնագետները կարծում են, որ դրանք շատ ավելի հին շերտեր են և մոտ 100 հազար տարվա պատմություն ունեն
Ի դեպ, այս քարայրը Երևանյան լճի ափին միակը չէ, այստեղ նմանատիպ 4-5 քարայր կա, բայց դրանք այսօր ծածկված են տիղմով ու աղբով, և որևէ մեկը դրանց ուսումնասիրությամբ չի զբաղվում։ Ստացվում է, որ 100 000 տարվա հեռավորությունից մեզ հասած պատմական գանձերն անկախ Հայաստանում կարող են հիմնովին անհետանալ։

★ Օղակաձև այգի

«Բարեկամության ձեռքեր»

Օղակաձև այգին գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում։ Այգին սկսվում է «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին, եզերվելով Խանջյան և Երվանդ Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։ Այգու երկարությունը 5 կմ է։ Մինչև 1960-ական թվականները Շախմատի տնից մինչև այգու վերջն ընկած հատվածը եղել են սեփական տներ՝ իրենց պտղատու ծառերով։ Սակայն 1960-ականների վերջին դրանք քանդել են։ Այգում կանգնեցվել են արձաններ, կառուցվել են շատրվաններ և լողավազաններ։ Այգու միջով անցնում է Գետառը, որը հոսում է այգու ողջ երկարությամբ։

★Մանկական երկաթուղի

★Կիևյան կամուրջ

★Կարմիր Կամուրջ

★Կասկադ

★Մատենադարան

Թանգարաններ

★ Ժամանակակից արվեստի թանգարան

(Հասցեն՝ Մաշտոցի պող. 7)

Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվել է 1972թ-ին և շուրջ 20 տարի իր տեսակի մեջ միակն էր ամբողջ տարածաշրջանում: Այդ ժամանակահատվածում, երբ սոցիալիստական ռեալիզմն իշխող ուղղություն էր արվեստում, մոդեռն արվեստն իր բոլոր արտահայտումներով արգելված էր: Չնայած դրանթանգարանը կայացավ և պահպանեց իր հավաքածուն շնորհիվ հայ նկարիչների նվիրատվությունների, այդ թվում հենց նկարիչների գործերի և սփյուռքի արվեստի պահուստային ֆոնդի նկարների, նաև Մշակույթի նախարարության ձեռքբերումների շնորհիվ: Ցուցահանդեսի մշտական ցուցադրության մեջ կան մեծանուն արվեստագետներ Մ. Սարյան, Մ. Ավետիսյան, Ռ.Խաչատրյան, Ռ. Աթոյան, Խ. Կալենց, Ա. Շիրազ և այլոք: Այստեղ կյանքի են կոչվում բազում նախագծեր, անցկացվում են նաև արվեստի մասին դասընթացներ և սեմինարներ: Թանգարանն իրականցրել է ցուցադրություններ աշխարհի շատ երկրներում Ֆրանիսա, Իտալիա, Նիդերլանդներ, Դանիա, Լեհաստան, Պորտուգալիա: Վերջին տարիներին ևս թանգարանը համալրվեց ոչ միայն հայ, այլև օտարազգի արվեստագետների աշխատանքներով. Թալին Զաբունյան (Ֆրանսիա), Սեմ Գրիգորյան (Գերմանիա), Հարություն Ջինանյան (Ռուսաստան), Զիբա Աֆշար (ԱՄՆ), Մայքլ Գորման (ԱՄՆ), Գարի Ջոն (ԱՄՆ), Կարեն Բիստեդտ և Քրիս Բրաուն (ԱՄՆ), Հայկ Մեսրոպյան (Շվեյցարիա), Օնիկ Ատամյան (Անգլիա) և ալոք:

★ Փայտարվեստի թանգարան

(Հասցեն՝ Պարոնյան փող., 2 շենք)

Փայտարվեստի թանգարանը հիմնադրվել է 1977 թ-ին, այն տարիներին, փայտարդյունաբերության նախարար Ալբերտ Ստեփանյանի նախաձեռնությամբ,
ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, նկարիչ` Գրիգոր Խանջյանի եվ Հայաստանի վաստակավոր նկարիչ՝ Հովհաննես Շարամբեյանի աջակցությամբ:

Ցուցադրությունը պայմանականորեն բաղկացած է երեք բաժիններից՝ հնագույն մշակույթի, քանդակի, կիրառական արվեստի:

★ Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոն

(Հասցեն՝ Աբովյան 64 /Աբովյան պուրակ/)

Ժողովրդական արվեստի կենտրոնի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականու­թյան ապահովումն ու հանրահռչակումը: Շուրջ 10.000 առարկայից կազմված հավաքածուն ընդգրկում է գորգագործության, փայտարվեստի, ասեղնագործության և ժողովրդական արվեստի այլ ոլորտներ:

Այստեղ հաճախակի կազմակերպվում են ցուցահանդեսներ և միջոցառումներ, իրականացվում են կրթամշակութային ծրագրեր, վարպետության դասեր:

★ CIAO USSR

(Հասցեն՝ Սեբաստիայի 141/5)

Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը 2005 թ-ից զբաղվում է հին իրերի հավաքագրումով: Այսօր նա ունի խորհրդային տարիների կյանքն ու կենցաղը ներկայացնող մեծածավալ հավաքածու, որի մի մասը ներկայացված է «Վեգա» խանութի տարածքում:

CIAO USSR-ում խորհրդային սերնդի մարդիկ կարոտով ուսումնասիրում են իրենց պատանեկությունն ու երիտասարդությունը հիշեցնող խորհրդային կենսագրություն ունեցող իրերը, երիտասարդներն էլ հայտնվում են մի ժամանակաշրջանում, որտեղ գոյություն չեն ունեցել բջջային հեռախոսներ ու պլանշետներ, իսկ եղած համակարգիչներն էլ՝ հսկայական չափերի են:

★ Հայաստանի երկաթուղային թանգարան

(Հասցեն՝ Սասունցի Դավթի հրպ. /երկաթգծի կայարանի տարածքում/)

Երևանի երկաթգծի կենտրոնական կայարանում գործող թանգարանի հավաքածուն ընդգրկում է մոտ 200 թանգարանային առարկա: Ցուցադրությունը սկսվում է 1895 թ-ից, երբ ռուսական կայսր Նիկոլայ II-ին ներկայացվում է Կարս-Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երթուղիով երկաթգիծ կառուցելու հայտը: Ցուցադրությունում կարելի է տեսնել 1960-70-ական թթ-ին երկաթուղային ոլորտում կիրառվող սարքավորումներ` հեռախոսներ, հեռագրային սարքեր, ազդանշանային շեփոր, «Կկու» շոգեքարշի ազդանշան-սուլիչ, 1958թվականի տոմսերի դակիչ:

★ Արթուր Թարխանյանի անվան թանգարան-կենտրոն

(Հասցեն՝ Անտառային 188/16)

Անվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի անունը կրող թանգարան-կենտրոնում ներկայացված են ոչ միայն Թարխանյանի գործերը, այլև նրա ժամանակակիցներինը:
Թանգարանի նպատակն է կենտրոնը դարձնել հայկական հարուստ ճարտարապետական ժառանգության պահպանման և լուսաբանման մշակութային հարթակ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s