
Ջերմուկը գտնվում է ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի տարածքում)։ Բնակավայրը հիշատակվում է սկսած XIII դարից՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության մեջ։ Սակայն քաղաքի տարածքում գտնվող հին կիկլոպյան ամրոցի և VIII դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները խոսում են այն մասին, որ հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը գոյություն է ունեցել շատ վաղուց։
Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից՝ ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Այդ մասին են վկայում միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները, որոնք վերակառուցվել և վերականգնվել են 1860-ական թվականներին ցարական պրիստավ Գևորգ Խանագյանի կողմից, և այժմ էլ ժողովրդի կողմից լողավազանը կոչվում է «Պրիստավի գյոլ»: Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին՝ առաջին առողջարանի կառուցման ավարտով։
Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորությունները ինչպես բնակչության, այնպես էլ հանգստացողների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար։ 1967 թվականին քաղաքը ձեռք է բերում հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին՝ համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ։ 1980-ականներին քաղաքն ուներ շուրջ 10 000 բնակիչ, շուրջ 2 000 մահճակալով առողջարանների ու պանսիոնատների ցանց՝ ակտիվ հանգստի և բուժման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքներով ու ծառայություններով։ Օբյեկտիվ պատճառներով առողջարանային քաղաքի ակտիվ կյանքը 1990-ականներից մեծ տեղատվություն ապրեց, որը սկսեց աշխուժանալ 1990-ական թվերի վերջերից։
Վարչական տարածքը՝ շուրջ 5, 5 հազար հեկտար։ Երևանի հետ կապվում է երկու ավտոմայրուղիներով, որոնցից «Ջերմուկ-Երասխ-Երևան» մայրուղին ավելի կարճ է և կազմում է շուրջ 170 կմ։ Քաղաքը «Երևան-Գորիս-Ստեփանակերտ» մայրուղուց գտնվում է 24 կմ հեռավորության վրա։
Ջերմուկը ոչ միայն բազմաթիվ լեգենդների բնաշխարհ է, այլ նաև քաղաքում ու մերձակայքում սփռված բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան կառույցներով, արկածային տուրիզմի սիրահարներին ձգող բազմաթիվ անդնդախոր ձորերով ու բարձր ժայռերով, քարանձավներով ու որսատեղիներով (Արփա-Սևան թունել, Կեչուտի ջրամբար, Գնդեվանք, Վարդանի քար, Գլաձորի միջնադարյան համալսարան, Նորավանքի համալիր և այլն) հարուստ մի բացօդյա թանգարան։ Հատկապես գեղեցիկ է ջերմուկյան ձնառատ, փափուկ և արևոտ ձմեռը։ Հարկ է նշել, որ արևոտ ու պայծառ օրերի քանակով քաղաքը նախկին միութենական առողջարանների մեջ զբաղեցնում էր առաջին տեղերից մեկը։ Ձմեռային հանգստի, բուժման, մարզաձևերի համար բարենպաստ կլիմայական ու բնական պայմանների առկայությունը միշտ դեպի առողջարանային քաղաք է ձգել ձմեռային հանգստի սիրահարներին։
1967 թվականից հանրապետական ենթակայության և 1970 թվականից միութենական նշանակության առողջարանների կարգը դասված քաղաք առողջարանը այսօր հանգստացողներին ու զբոսաշրջիկներին է առաջարկում շուրջ 2 000 մահճակալով առողջարանների, հյուրանոցների, պանսիոնատների, համաբուժարանների, ըմպելասրահի, լողավազանների, մարզահրապարակների, կինոթատրոնի, հասարակական սննդի օբյեկտների, բարերի ու սրճարանների ծառայությունները։
Ջերմուկի ճոպանուղին

Ջերմուկի ճոպանուղին գտնվում է քաղաքի սկզբնամասում, կառուցվել է 2007 թվականի աշնանը ավստրիական «Leitner» կազմակերպության կողմից։
Ճոպանուղու երկարությունը 1000 մ է։ Ներքևի և վերևի հենասյուների միջև եղած բարձրության տարբերությունը 400 մ է։ Ամենաբարձր կետը գտնվում է 2480 մ բարձրության վրա, որտեղ գործում է ռեստորան-սրճարան։ Ունի 2 սահուղի։ Առաջինի երկարությունը 1450 մ է, երկրորդինը՝1550 մ։ Տեղերի թիվը՝ 200: Ներքևում գործում է սահատախտակների և դահուկների վարձույթի կետ, սրճարան և ավտոկայանատեղի։