
Բոլորիդ ողջունում ենք, ինչպես արդեն գիտեք, այսօրվա հանդիպումը տիար Աշոտ Բլեյանի հետ է, ով մեր կրթահամալիրի տնօրենն է։ Հանդիպումը խորհրդանշական է, քանի որ կրթահամալիրի 30-ամյակն է։ Հանդիպման նպատակն աուդիտն է, թե ինչ ենք պարզել, դա՛ կքննարկենք, և երկրորդ հատվածը կտրամադրենք ուղղակի ասուլիսին՝ հարց և պատասխան։ Հիմա խոսքը կտրամադրենք պարոն Բլեյանին, որից հետո կանցնենք աուդիտին։
Աշոտ Բլեյան — Այս հինգշաբթիները կարևոր են, քանի որ քննարկվում և լուծվում են կրթահամալիրի խնդիրները, պատմվում է կրթահամալիրի անցած ուղու մասին։ Եվ հաջորդ հինգշաբթի նույնպես օրակարգում դրված է հանրային աուդիտը, որովհետև դա էլ մեր հեղինակային մանկավարժությամբ է թելադրված. մենք ստեղծվել ենք որպես բաց հասարակության դպրոց, իսկ այդ բաց հասարակությունը Հայաստանում լսելի և տեսանելի եղավ 1988 թվին Արցախյան շարժումից, որը բերեց տնտեսական և քաղաքական նոր հարաբերությունների փոփոխության։
Կրթահամալիրում տրվում է ազատության և ընտրության հնարավորություն թե՛ ծնողին, թե՛ ուսանողին։ Եվ մենք ստեղծված ենք այդ ազատությունը շարունակ պահպանելու և սերմանելու համար։ Այս հավաքների նպատակն է նաև ճանաչելի դարձնել մեր կրթության ձևն ու բովանդակությունը։
Հարց — Ինչու՞ կրթահամալիրում չկան գրատախտակներ, այն դեպքում երբ գրատախտակը վնաս չի տալիս, այլ օգնում է դասապրոցեսին։
Աշոտ Բլեյան — Քանի որ կրթահամալիրում տիրում է հավասարություն, այսինքն՝ ուսուցիչը անհատական մոտեցում է ցույց տալիս յուրաքանչյուր ուսանողի, հարկ չկա գրատախտակի օգտագործման։ Կրթահամալիրում դրա փոխարեն օգտագործվում է թվային սարքավորում, որը փոխարինում է գրատախտակ ասվածին։
Հարց — Կան սահմանափակումն էր թվային սարքավորումների վերաբերյալ, և մենք առաջարկում ենք հանել այդ սահմանափակումները, քանի որ կարծում ենք էկրանի չափսը և մնացածը չի խանգարում դասընթացներին։
Աշոտ Բլեյան — Երբ մենք սկսեցինք մեր հեղինակային և թվային սարքավորումներով ուսուցումը, առաջ եկան որոշակի պահանջներ, որոնք մինչև օրս փոփոխությունների չեն ենթարկվել ու աուդիտի նպատակը հենց սա է, որ առաջարկեք և ասեք ձեր կարծիքները։ Համբերատար բացատրեք ձեր իսկ առաջարկները աուդիտը այդ հարցում շատ լավ հնարավորություն է տալիս։
Հարց — Տիար Բլեյան, ինչպե՞ս ծնվեց կրթահամալիր ստեղծելու գաղափարը:
Աշոտ Բլեյան — Դա մի փոքր երկար, բայց սիրելի պատմություն է: Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետից, որտեղ աշխատում էի, այսպիսի ծրագրով եմ անցել դպրոց: 1985 թվականի օգոստոսի վերջերն էին, համախոհների փնտրտուքը ինձ բերեց Հարավ-արևմտյան թաղամաս (Բանգլադեշ)` թիվ 183 նորաբաց դպրոցի տնօրեն, որին անվանում էին Աշոտների դպրոց, քանի որ փոխտնօրեններն իմ երկու ընկեր Աշոտներն էին` Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը։ Եվ այս նոր յուրացվող տարածքում, որտեղ ամեն ինչ դեռ անկազմակերպ էր, իմ բախտը բերեց` որովհետև ինձ պես «խենթ» երկու Աշոտներն` իմ օգնականներն էին։ Եվ մենք` երեք Աշոտներով, տեսնելով, որ շատ հարմար պահ է գորբոչովյան վերակառուցումներից հետո, երբ խորհրդային ռեժիմը հոգեվարքի մեջ է, օգտվեցինք այդ ազատությունից և 1989-ին Հայաստանի կառավարությանը կարողացանք համոզել ընդունել մեր կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպես փորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:
Հարց — Հնարավո՞ր է դասասենյակների պատերը լինեն ձայնամեկուսիչ, որպեսզի դասարանները միմյանց չխանգարեն։
Աշոտ Բլեյան — Քանի որ ուսանողների թիվը շատ արագ աճեց և դասասենյակների խնդիր առաջացավ, ընթացքում կատարվեցին փոփոխություններ և դեռ կկատարվեն ։
Հարց — Պայմանագրի մեջ կա մի կետ, որտեղ ասվում է, որ ճամբարները պարտադիր են, բայց կա ծնող, որն ունի մտավախություններ և անհանգստանում է կամ ուսանողը ուղղակի չի ցանկանում մասնակցել ճամբարին՝ այդ դեպքում ինչու՞ չդարձնել ճամբարներն էլ ըստ ցանկության։
Աշոտ Բլեյան — Մենք խոսեցինք, որ կրթօջախը առանձնանում է իր հեղինակային մանկավարժությամբ և դասընթացները տարբերվում են մյուս կրթօջախներից, և մեզ մոտ ճամբարները նույնպես դասապրոցեսի մի մաս են կազմում, քանի որ ճանապարհին ծանոթանում և սովորում եք հայրենիքի, բնապահպանական և այլ խնդիրների։ Ճամբարներին նաև իրավունք ունեն մասնակցել ձեր ծնողները, եթե ունեն մտավախություններ։
Երաժշտական ընդմիջում
Հարց — Պարոն Բլեյան, եթե լինեիք կրթության և գիտության նախարար, ապա ի՞նչ կփոխեիք։
Աշոտ Բլեյան — Ասեմ, որ ես կրթության նախարար եղել եմ, և ճիշտն ասած, փոխելու ոչինչ չեմ տեսնում, քանի որ ինձ այսպես լիարժեք եմ զգում իմ աշխատանքում, իսկ եթե լիարժեք չզգամ՝ չեմ բողոքի, այլ աշխատանքս կփոխեմ և նույնը ձեզ էլ խորհուրդ կտամ, որ ոլորտում ձեզ լիարժեք չեք զգում՝ փոխեք։ Չեմ փոխի ոչինչ, որովհետև ինձ տրվում է ընտրության հնարավորություն։
Հարց — Երբևէ զղջացե՞լ եք ձեր ընտրած աշխատանքի համար։
Աշոտ Բլեյան — Հարցին հարցով պատասխանեմ. երևբևէ զղջացե՞լ եք, որ ես ձեր տնօրենն եմ։ Արդեն ասեցի, որ ես ինձ լիարժեք եմ զգում, որովհետև տեսնում եմ ներդրած աշխատանքի արդյունքը։
Հարց — Իսկ ինչո՞ւ կոչվեց հենց Մխիթար Սեբաստացու անունով:
Աշոտ Բլեյան — Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: Բանգլադեշը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից: Սրան ավելացրեք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցինք: Միայն խիզախել էր պետք, ինչպես հայր Մխիթարը:
Հարց — Ինչպե՞ս եք պատկերացնում կրթահամալիրը ևս 30 տարի հետո։
Աշոտ Բլեյան — Ուզու՞մ եք իմանալ, թե ներկաներից ո՞վ կլինի մեզ հետ` ես և Արեգը, դա հաստատ, մնացածը դու՛ք որոշեք։