Արցախի լեռներն ու աշխարհագրական դիրքը

on

Աշխարհագրական դիրքը

Արցախի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում՝ Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռների արևելքում։ Արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Մակերևույթը հիմնականում լեռնային է՝ իրեն բնորոշ բարդ ռելիեֆով։ Լեռնային գոտիները զբաղեցնում են Հանրապետության ամբողջ տարածքի 3/4-ը։ Մակերևույթի բարձրությունների տարբերությունը կազմում է 3600 մետր։ 

Արցախը զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավարևելյան լեռնոտ տարածքը, Մեծ Հայքի ծայր արևելյան հատվածի մի մասը։ Նրա սահմաններն արևմուտքում հասնում են մինչև Սևանա լճի արևելյան ափերը, հարավ-արևմուտքում՝ Աղավնո (Հագարի), հարավում՝ Երախս (Արաքս) գետերը, արևելքում՝ խորանում Մուխանքի դաշտաբերանում, իսկ հյուսիսից՝ եզրագծվում Դարաբաղյան լեռնաշղթայով։

Հյուսիսից՝ Թարթառ գետի վերին հոսանքից մինչև Արաքս գետի հովիտը՝ Արցախի հարավային սահմանագիծը, ձգվում է Ղարաբաղի լեռնաշղթան։ Հյուսիսային հատվածում այն միանում է Փոքր Կովկասի լեռների հետ։ Այս լեռնաշղթայի բարձր գագաթներն են համարվում Մեծ Քիրսը (2725մ), Քառասուն աղջիկը (2828մ) և Դիզափայտը կամ Շաղախը (2480մ)։ Արցախի հյուսիսային մասում՝ արևմուտքից-արևելք, ձգվում է Մռավի լեռնաշղթան, որը Ղարաբաղի լեռնաշղթայից բաժանված է Թարթառ գետի հովտով։ Այս լեռնաշղթայի վրա են Արցախի ամենաբարձր լեռնագագաթները՝ Գյամիշը (3724մ) և Մռավը (3419մ)։ Սրա ճյուղավորությունն է կազմում դեպի հյուսիս-արևելք ձգվող Եզնասար լեռնապարը։

Սևանա լիճը հյուսիս-արևելքից եզերող Քաշաթաղ և Սոդք լեռնաշղթաների միացման վայրում բարձրանում է Ռմբասար գագաթը (3373մ)։ Հայտնի են նաև Սպիտակ քար (3300մ), Իծաքար (3125մ) գագաթները։

Մռավի լեռնաշղթա

Մռավի լեռնաշղթան Սևանի լեռնաշղթայի արևելյան շարունակությունն է: Այն ունի 85 կմ երկարություն և սկսվում է Մեծ հինալ գագաթով՝ 3367 մ: Գագաթը համարվում է հանգուցային, քանզի այնտեղ խաչվում են հայկական չորս լեռնաշղթաները՝ Մռավի, Սևանի, Կաֆլանկալայի, և Արևելյան Սևանի։ Լեռնաշխթայի լեռնագագաթներն են՝ Արիությունը (3724 մ), Ամուրը (3395 մ) և Մռավը (3340 մ), վերջինիս անունով էլ կոչվում է լեռնաշղթան։  Նախքան պատերազմի ավարտը Արցախի Հանրապետության հյուսային սահմանն անցնում էր Մռավի լեռներով։ Այս հատվածով էր անցնում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտին։ Այդ իսկ պատճառով Մռավի լեռների զբոսաշրջային հնարավորությունները մնացին չբացահայտված։ Արցախի Հանրապետության ամենաբարձր՝ Արիության լեռը, գտնվում է Մռավի լեռներում, բայց լեռնագնացների համար լեռը փակ էր նույնիսկ նախքան պատերազմը՝ անվտանգության նկատառումներով։

Ըստ ավանդության, երբ պարսիկները գալիս են Արցախը գրավելու, Մռավ անունով մի հայ զորավար իր մարդկանցով ամրանում է լեռան վրա և դիմադրում։ Թեև թշնամու զորքն ավելի մեծաքանակ էր, բայց Մռավի մարդկանց հաջողվում է հետ քշել նրանց, սակայն կռվի ժամանակ սպանվում է Մռավը, որի անունով էլ լեռը կոչվում է Մռավ։ Այնուհետև ողջ լեռնաշղթան է ստանում Մռավ անունը։

Արիության լեռ

Արիության կամ Գոմշասար լեռնագագաթը գտնվում է Մռավի լեռների արևելյան մասում։ Բարձրությունը 3724 մետր է։ Կազմված է հրաբխածին ապարներից, կատարային մասը ժայռոտ է, լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ լեռնատափաստաններից մինչև ձնամերձ գոտի։

Լեռը հայտնի է նաև Արության, Արությունա սար և Գյամիշ անուններով: Ըստ ավանդազրույցի, Արություն անունով մի ճգնավոր ձմեռները բնակվելիս է եղել այս լեռան կատարին` իրեն անտանելի սառնամանիքների մեջ նեղելու համար: Դրա համար էլ սարը կոչվել է Արությունա սար: 

Ծաղկասար լեռ

Ծաղկասարը Դադիվանքի լեռների ամենաբարձր կետն է։ Այն գտնվում է Լև գետի ձախափնյակում։ Բարձրությունը 2267 մետր է։ Հատկապես գեղեցիկ է դեպի Ծաղկասար տանող ճանապարհը։ Լև գետի ոլորապտույտ կիրճով ճանապարհը տանում է Եղեգնուտ (այժմ Ղամշլի) գյուղ։ Այս կիրճն ինքնին բնության հուշարձան է և զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն էր։ Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Լևի կիրճն ու Հայաձորի լեռները։

Արցախի լեռնաշղթա

Արցախի լեռները ձգվում են միջօրեականի ուղղությամբ՝ Թարթառ գետից մինչև Արաքս: Ամենաբարձրը կենտրոնական ժայռոտ, սրածայր հատվածն է` Կուսանաց լեռնաշղթան` համանուն գագաթով:

Արցախի լեռներից դեպի արևելք ճյուղավորվում են Հավքախաղաց, Մրակաց, Կաղարծի, Վարանդայի լեռները, որոնց անհամաչափ լանջերը կտրտված են Թարթառ, Խաչեն, Կարկառ, Վարանդա, Իշխանագետ, Հագարի գետերի հովիտներով: 

Լեռների արևմտյան լանջերը զառիթափ են և մասնատված, այստեղ զարգացած են կարստային և սողանքային երևույթներ։ Լանջերի միջին մասը ծածկված է կաղնու, հաճարի, բոխու անտառներով: 2100-2300 մետրից վեր տարածվում են ենթալպյան և ալպյան մարգագետինները: 

Կուսանաց լեռ

Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Կուսանաց լեռն է։ Բարձրությունը 2832 մ է։ Պատերազմից հետո սահմանն անցնում է լեռնաշղթայի կատարային մասով և Կուսանացի գագաթ բարձրանալ հնարավոր չէ։ Կուսանացը կորսված է կիսով չափ, քանի որ արևելյան կողմը գտնվում է Արցախի վերահսկողության տակ, իսկ արևմտյանը՝ Ադրբեջանի։

Կուսանաց լեռը գտնվում է Կարկառ և Խաչեն գետերի ջրբաժանում` Արցախի Ասկերանի շրջանի Պատարա (Բադարա) գյուղի հյուսիսարևմտյան կողմում: 

Լեռն անվանում են նաև Քառասուն աղջիկների սար: Լեռան այդ անվան հետ կապված կան մի քանի ավանդազրույցներ: Ավանդազրույցներից մեկի համաձայն Լենկթեմուրի արշավանքների ժամանակ, գերեվարությունից ազատվելու համար, քառասուն օրիորդներ փախել են, ամրացել և անվնաս մնացել այդտեղ: Արդեն խաղաղ ժամանակ, երբ գտել են օրիորդներին, լեռն ի պատիվ նրանց կոչել են Քառասուն աղջիկներ:

Ըստ մեկ այլ ավանդազրույցի Արցախի խաներից մեկը գերի է տանում 40 աղջիկների, որպեսզի պահի իր հարեմում: Աղջիկները ոչ մի կերպ չեն ուզում ենթարկվել խանի կամքին: Խանը քառասունին էլ ուղարկում է մոտակա բարձր լեռը և անդունդը գլորել տալիս: Դրանից հետո լեռը կոչվում է Քառասուն աղջիկներ: 

Կուսանաց լեռը երևում է Արցախի տարբեր լեռնագագաթներից ու գյուղերից, բայց ամենագեղեցիկ տեսարանը բացվում է Մեյդան կոչվող վայրից։

Մեծ Քիրս լեռ

Մեծ Քիրս լեռը Արցախի լեռների հարավային հատվածի բարձր ու գեղեցիկ գագաթներից է: Բարձրությունը 2724 մետր է։ Գտնվում է Շուշիի շրջանի հարավում՝ Քիրսավան գյուղից 4 կմ հյուսիս-արևելք։ Գագաթնամերձ հատվածը ժայռոտ է։ Վերջին տարիներին Մեծ Քիրսը դարձել էր լեռնագնացների ամենասիրված ուղղություններից մեկը։ Գագաթնամերձ հատվածն անվանում էինք Արցախի սեղմված բռունցք։

Մեծ Քիրսն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Տողասար լեռ

Տողասար լեռը գտնվում է Արցախի Հադրութի շրջանում։ Բարձրությունը՝ 1471 մետր է։ Լանջերն անտառապատ են։ Բոլոր կողմերից շրջապատված է հին պատմական գյուղերով (Տումի, Մեծ Թաղեր, Տող, Մոխրենես)։

Տողասարի լանջին գտնվում է Գտչավանքը (Գտիչ վանք)։ Լեռան գագաթին դեռ պահպանվում են Գտիչ բերդի ավերակներն ու Թեժ եկեղեցին։

Դիզափայտ լեռ

Դիզափայտ լեռը գտնվում է Արցախի Հադրութի շրջանում: Բարձրությունը 2478 մ է։  Լեռան երկրորդ անվանումը Զիարաթ է։ Դիզափայտն Արցախի պատմական սրբավայրերից է։ Գագաթին հիմնված է Կատարո վանքը, որը վերջին տվյալներով ադրբեջանցիների կողմից օգտագործվում է ռազմական նպատակներով։

Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 4-րդ դարում նահատակվել են բազմաթիվ քրիստոնյաներ։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր)։

4-5-րդ դարերում լեռան կատարին կառուցվել է Կատարավանքը (Կատարո վանք)։ Լեոն գրում է, որ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը: Պատմական աղբյուրների վկայությամբ, ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացության մասին հիշատակությունները վերաբերում են դեռևս արաբական, գուցե և ավելի վաղ ժամանակների։ 

Ամուտեղ լեռ

Ամուտեղը ցածր լեռ է, սակայն շրջապատի համեմատ բավական առանձնացած։ Բարձրությունը 1315 մ է։ Ամեհի քարափներով երիզված Ամուտեղ լեռը գտնվում է Աղավնո գետի ձախ ափից ուղիղ գծով 5 կմ արևելք: Լեռան գագաթին կանգուն է 17-րդ դարի վերջին կամ 18-րդ դարի սկզբներին կառուցված մի փոքրիկ եկեղեցի: Այն թաղածածկ, միանավ շինություն է՝ կառուցված կրաքարով և կրաշաղախով: Պատերազմից առաջ Ամուտեղի եկեղեցում տեղի էին ունենում վերականգնման աշխատանքներ։

Թովմասար լեռ

Թովմասարը գտնվում է Աղավնո գետի ստորին հոսանքի ձախ կողմում: Բարձրությունը 1580 մետր է։ Սա Արցախի լեռների հարավային հատվածի վերջին բարձր գագաթն է, որը, թեև բարձր չէ, բայց շրջապատի նկատմամբ ունի արտահայտված դիրք։ Լանջերից մեկն անտառածածկ է: Երեք կողմից ուղղաձիգ ժայռեր ունեցող Թովմասարի վրա թառած է վաղ միջնադարյան Թովմասաբերդը:

Ծռասար լեռ

Ծռասարը գտնվում է Ջերմաջրից (Իստիսու) հարավ-արևելք, Ծռասար և Մխաթիք լեռնաշղթաների հատման կետում։ Բարձրությունը 3616 մետր է։ Լեռը հայտնի է նաև Գժասար անունով: 

Ծռասարը համարվում էր Արցախի երկրորդ բարձր գագաթը՝ Գոմշասարից հետո, և ամենաբարձր գագաթն էր, որը հնարավոր էր բարձրանալ, քանի որ Գոմշասարի վերելքներն արգելված էին։ Այժմ Ծռասարն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Օգտագործված հղումներ՝ 1, 2, 3, 4, 5,

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s