Լեռնագնացության ծնունդը և զարգացման պատմական ընթացքը
Լեռնագնացությունն իրենից ներկայացնում է սպորտի և ակտիվ հանգստի յուրահատուկ տեսակ, որի նպատակը վերելքն է լեռնային դժվարամատչելի տարածքներ:
Լեռնագնացությունը ծնունդ է առել Արևմտյան Եվրոպայում 1786 թվականին շվեյցարացի գիտնական Գ. Սոսյուրի նախաձեռնությամբ: Ձևավորման սկիզբը նշանավորվում է հենց այդ թվականից, քանի որ այդ ժամանակ հաղթահարվեց Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Մոնբլան լեռը (4810 մ): Մոնբլանի համար պայքարը տևեց շուրջ 26 տարի, իսկ նախաձեռնողը գիտնական Սոսյուրն էր: Նա անգամ խոստացել էր դրամական պարգև նրան, ով ցույց կտար դեպի գագաթ տանող ուղին: Սոսյուրն ինքը 1785 թվականին փորձեց վերելք կատարել, սակայն նրա բոլոր փորձերն անհաջողությամբ էին ավարտվում: Արդեն 1786 թվականին որսորդ Ժակ Բալմայի մոտ ծնվեց գաղափար, որի շնորհիվ հենց ինքը կարող էր արժանանալ Սոսյուրի պարգևին: Նա գտավ համեմատաբար հեշտ ուղի և առաջարկեց բժիշկ Միշել Պակկարդին, ով վաղուց էր երազում բարձրանալ Մոնբլան, որպեսզի համատեղ իրականացնեն վերելքը: Եվ վերջապես, օգոստոսի 8-ին հաղթահարելով բազում դժվարություններ, նրանք իրականացրեցին կանխորոշված վերելքը: Դժվարություններն ահռելի էին. Պակկարդը գագաթ հասավ ուժասպառ, հազիվ չորեքթաթ, իսկ վայրէջքի ժամանակ ստացավ ձյան կուրություն: Բալման նույնպես ուժասպառ էր, սակայն իր մեջ դեպի Ժնև ուղևորվելու ուժ գտավ՝ Սոսյուրի մոտ: Հաջորդ տարի, 1787 թվականի օգոստոսի 1-ին, Սոսյուրը և Բալման՝ 18 ուղեկցորդների հետ, սկսեցին վերելքը և 3-րդ օրն արդեն գագաթին էին: Այդ վերելքը մեծ արձագանք ստացավ ողջ Եվրոպայում և դեպի Ալպեր գրավեց հարյուրավոր արկածասերների:

Հետագայում լեռնագնացության զարգացման համար մեծ խթան հանդիսացավ լեռնասերների ակումբների և ազգային կազմակերպությունների ստեղծումը:
Լեռնագնացությունը Հայաստանում. ձևավորման հետքերով
Հայաստանում լեռնագնացային առաջին արշավն իրականացվել է 1829 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը և Խաչատուր Աբովյանը բարձրացան Արարատի (Մեծ Մասիս՝ 5165 մ) գագաթ:
Հետագայում 1845 թվականի հուլիսի 29-ին Արարատի գագաթ է բարձրացել գերմանացի երկրաբան Հ. Աբիխը՝ թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի՝ Հովհաննես Այվազյանի և Մուրադ Պողոսյանի ուղեկցությամբ: 1896 թվականի սեպտեմբերի 14-ին Արարատը հաղթահարել է նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Ի. Աբելյանը: Հայկական լեռնագնացության նոր ալիքի ձևավորման սկիզբը նշանավորվում է նախորդ դարի 30-ական թվականներին: 1935 թվականին Վահրամ Դարյանի ղեկավարությամբ միանգամից 1000 հոգի բարձրացան Արագածի հյուսիսային գագաթ (4090 մ): Իսկ 1950-ականներին լեռնագնացության սեկցիաներում կար արդեն 1500 մարդ:
1950-1960-ական թվականներին հայկական լեռնագնացությունը պատվով ներկայացրել են ԽՍՀՄ հայտնի սպորտի մասնագետներ՝ Վանո Գալուստովը, Սերգեյ Հարությունովը, Ալբերտ Հակոբյանը և Աղվան Չատինյանը: ԽՍՀՄ տարիներին հայտնի լեռնագնաց Աղվան Չատինյանն այսօր 90 տարեկան է և չնայած իր տարիքին նա շարունակում է ակտիվ կենսակերպ վարել: Հատկապես ուշագրավ է 1959 թվականին Աղվան Չատինյանի՝ Կիրիլ Բարովի խմբում իրականացրած «Ուշբայի խաչ» կոչվող հայտնի երթուղին: Այդ երթուղին այսօր էլ համարվում է բավականին դժվարամատչելի:
1981-2003 թվականներին հատկապես աչքի է ընկել լեռնագնաց Ալեքսանդր Մայիլյանը, վերելքներ կատարելով ինչպես բարձր, այնպես էլ տեղնիկապես բարձր լեռներում: Լեռնագնացության մեջ նրա առաջխաղացման սխեման հետևյալն է:
Տարին, տեղանքը | Լեռ, երթուղի | Արդյունք | Նշումներ |
1981, ՀՀ | Առագած Հյուսիսային | Լեռնագնացի շքանշան | 1-ին գագաթ |
1982, լ/ճ, Բաքսան | Գումաչի, ՎԻԱ-տաու Չոթ-չաթ, փոքր Դոնգուզորուն | 4 վերելք, 3-րդ կարգ | |
1983, լ/ճ Այլամա | Վախուշտի, Մարջանաշվիլի, Բելայա Նեզնակոմկա, Պասիս-Մտա | 4 վերելք | |
1984, լ/ճ Այլամա | Ցանա, Զասեխո, Մարջանաշվիլի, Պասի-Մտա | 2-րդ կարգ | |
1984, Տյան-Շան | Գաստելլո-ԳՏՕ, Ստուդենով-ԳՏՕ, Այու-Տեր, արմտ. Ալբատրոս, Ջիգիթ- 5Ա | 7 վերելք | Առաջին 5Ա |
1984, Երևան | շքանշան 5482 | ԽՍՀՄ փրկարարի շքանշանի հավաքներ | |
1985, Չաուխի, Ուշբա | Չաուխի 6-5А,Մազերի, Ուշբա Հարավային հարավ-արևմուտք-հարավ պատով-5Բ, Մարքսա- 3 գրեբենով (Պամիր) | 7 վերելք, 1-ին կարգ | Հավաքներ Առաջին 5Բ |
1986, Պամիր, Ֆանի լեռներ | Պոլիտեխնիկ, Ադամտաշ, Սեվեռնի, Չապդառա- Ց3 պատով- 5Բ, ձմեռային Կարոր 3-րդ պատով- 5Բ, Շխառա արևելյան կողմով-5Ա (Կովկաս) | 8 վերելք | Հավաքներ, Արագած կլիմայավարժում |
1986, Զանգեզուր | Բր. Ալիխանյան, հյուսիսային պատի կենտրոնով-4Բ և 5Ա | 3 վերելք | Հավաքներ Արագած կլիմայավարժում |
1987,Բեզենգի, Այլամա | Կուրսանտով, Բելայա Նեզնակոմկա, Կազբեկ | 3 վերելք | Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ |
1987, Պամիր | Լենին պիկը Լիպկինով-5Ա | 1 վերելք | Առաջին 7000,Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ |
1988,Բեզենգի | Կոշտան, տաու Ց3 երթուղով-5Բ,Կուրմակոլ Հյուսիսային կողմով-6Բ | 3 վերելք | ԽՍՀՄ զինված ուժերի չեմպիոն, Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ |
1988, Պամիր | Ռեվոլյուցիա հարավ-արևմտյան պատի կենտրոնով-6Բ | 1 վերելք | Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ |
1988, Երևան | Լեռնագնացության հրահանգիչ, 4446 | Հրահանգչական հավաքներ | |
1989, Կովկաս | Ջայլիկ Յուբաստ, արևմտյան ребра-5Б, Ուշբա Հրավային` հարավ-արևելյան պատով-6Բ | 3 վերելք | ԽՍՀՄ զինված ուժերի չեմպիոն, Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ |
1989, Կովկաս, Պամիր | Գիրեչ հարավ-արևելյան պատով-5Ա,Շիպկա-Ռեվոլյուցիի-5բ | 3 վերելք | Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ |
1989, Բաքսան | Էլբրուս Արևելյան, 5642մ | 2 վերել | Սպիտակ փրկարար ջոկատի հավաքներ |
1990, Կովկաս | Էլբրուս Արևելյան-5642մՈշբա (փոքր ) հարավային պատի կենտրոնով-5Բ,Ուշբա Հյուսիսային հյուսիս-արևելյան պատով-6Բ | 4 վերելք | ԽՍՀՄ զինված ուժերի չեմպիոնատի արծաթ, Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ |
1990,Պամիր | Կորժենեվսկի-5Ա,Լենինը Ռազդելնիով-5Ա,Խոխլովա-Կոմունիզմա հյուսիսային լանջով-5Բ | 3 վերելք | ԽՍՀՄ զինված ուժերի չեմպիոնատի արծաթ, Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ |
1991, Պամիր | Կորժնեվսկի-մինչև 6400մ,Կոմունիզմ Բորոդկինայով-մինչև 7350մ | 2 վերելք | Հայաստանի հավաքականի հավաքներ |
1991, Արարատ | Արարատ-5165մ | 1 վերելք | 1-ին հայկական էքսպեդիցիոն խումբը Արարատի վրա- Հ. Տոնոյան, Գ. Տատուրյան, Ա. Աղաբաբյան, Ա. Մաիլյան |
1992, լ/ճ Ուլլու-Տաու | Ուլլու-Տաու(Մ. Բալասնյանի հետ) | 3 վերելք | Սպիտակ փրկարար ջոկատի հավաքներ |
1994, Երևան | Միջազգային կարգի սպորտի վարպետ | Հայաստանի սպորտային կոմիտե,սերտիֆիկատ N 23 | |
1996,Կովկաս | Կազբեկ | 2 վերելք | Сборы Зак.ВО Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ |
1997, Տյան-Շան | Խան-Տենգրի-5Բ | 1 վերելք | Հ. Տոնոյանի հետ |
1999, Ալյասկա | Մակ-Կինլի | 1 վերելք | Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր կետը, Հ. Տոնոյանի հետ |
2000, Ալյասկա | Մակ-Կինլի | 1 վերելք | Ամերիկահայերի հետ |
2001, Քենիյա | Լենանա | 1 վերելք | Քենիայի բարձր կետը |
2002, Տանզանիա | Կիլիմանջարո | 1 վերելք | Աֆրիկայի բարձր կետը |
2003, Կովկաս | Էլբրուս մինչև սահնակ | 1 վերելք | Վերելքը նվիրվել է Հայաստանում քրիստոնեության 1700 ամյակին |
2012, Ալպեր | Մոնբլամ | 1 վերելք | Ա. Հովհաննիսյանի հետ |
2013, Տյան-Շան | Խան-Տենգրի, մինչև 5500մ | 1 վերելք | Հ. Տոնոյանի հետ |
2011թվականից հետո.
2011թվականից գործում է «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան», որին հաջողվեց իր շուրջ համախմբել և կենտրոնացնել լեռնագնացներին և լեռնագնացության, ինչպես նաև այս ոլորտին մոտ կանգնած անձանց, ակումբներին և կազմակերպություններին` Ֆեդերացիայի ստեղծման նպատակն էր նպաստել ալպինիզմի և լեռնային տուրիզմի զարգացմանը և լեռնագնացության մշակույթի ձևավորմանը: Բավականին երկար ժամանակ լեռնագնացությունը հիշվում էր սովետական միության հայ լեռնագնացների ձեռքբերումներով: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանցի լեռնագնացների կողմից նշանավոր վերելքներ և լեռնային իրադարձություններ չէին արձանագրվել, իսկ Հայաստանից դուրս բնակվող հայ լեռնագնացները, ոչ շատ հաճախ, բայց ուրախացնում էին վերելքներով:
2011-2015թվականներին մեծ ձեռքբերում էր համարվում Կազբեկ, Էլբրուս, Արարատ և Դամավանդ լեռներ բարձրանալը, 2015թվականինց Վերելքներ են կատարվել Կիլիմանջարո, Մոմբլան լեռները, լեռնագնացները ձգտում են իրենց հնարավորությունները փորձել տեխնիկապես բարդ և 6000մ-ից բարձր լեռներում.
2016թվականը նորանկախ Հայաստանի Հանրապտության լեռնագնացության պատմության մեջ ճանաչվեց աննախադեպ լեռնային տարի: Ժամանակագրական հերթականությամբ լեռնագնացների վերելքներն հետևյալ պատկերն ունեն.
- 09 հունվարի 2016թ.- ձմեռային վերելքի փորձ Էլբրուս լեռ` Արտաշես Մկրտչյան.
- 26 փետրվարի 2016թ.- ձմեռային վերելք Դամավանդ լեռ` Շուշան Ռուբենյան, Արամ Բեգինյան, Նարինե Ճաղարյան. Անահիտ Սահակյան /մինչև 4500մ/.
- 08 մարտի 2016թ.- վերելք Էլբրուս լեռ` Արտաշես Մկրտչյան.
- 20 մայիսի 2016թ.- վերելք Էվերեստ լեռ` Իռենա Խարազովա (ՌԴ/Մոսկվա).
- 22 մայիսի 2016թ.- վերելք Էվերեստ լեռ`Արա Խաչադուրյան(Ֆրանսիա/Մարսել).
- 06 հուլիսի 2016թ.- վերելք Էլբրուս լեռ` Անժելա Ճաղարյան, Արտաշես Մկրտչյան, Արիգա Առաքելյան, Վլադիմիր Բադալյան.
- 26 հուլիսի 2016թ.- վերելք Էլբրուս լեռ` Հասմիկ Պետրոսյան, Իվան Ռուդամյոդկին.
- Օգոստոս 2016թ.- վերելք Մոմբլան, Արխիմեդ և Ուրալ լեռներ` Անտուան Անանյան.
- 05 օգոստոսի 2016թ.- վերելք Կազբեկ լեռ` Տիգրան Շահբազյան, Գագիկ Սարգսյան, Ֆելիքս Խաչատրյան, Գևորգ Հարոյան.
- 16 օգոստոսի 2016թ. – վերելքԼենին պիկ` Արտաշես Մկրտչյան.
- 28 օգոստոսի 2016թ. – վերելք Կազբեկ լեռ` Արամ Բեգինյան, Հասմիկ Պետրոսյան, Անահիտ Սահակյան, Մարինե Պետրոսյան.
- 29 օգոստոսի 2016թ. – վերելք Մաթերհորն` Լևոն Մովսիսյան, Էդուարդ Սարգսյան, Գարեգին Ունության, Սուրեն Պետրոսյան.
- 29 օգոստոսի 2016թ. – վերելք Ուշբա լեռ` Իգոր Խալաթյան.
- 03 սեպտեմբերի 2016թ. – վերելքի փորձ պիկ Լենին, որն ավարտվեց Ռազդելնայա գագաթի հաղթահարմամբ /6148մ/`Նարինե Ճաղարյան, Շուշան Ռուբենյան.
- 08 սեպտեմբերի 2016թ. – վերելք Կազբեկ լեռ` Արտյոմ Մարտիրոսյան, Սոնա Հարությունյան, Իզաբելլա Խազրաթյան.
- 09 սեպտեմբերի 2016թ. – վերելք Դամավանդ լեռ` Անուշ Աղաբաբյան.
- 19 սեպտեմբերի 2016թ.- վերելք Էլբրուս լեռ` Արտաշես Մկրտչյան, Քարմէն Ղուրչէան, Անի Ավագյան, Սոնա Հարությունյան /մինչև 4700մ/.
- 09 հոկտեմբերի 2016թ.- վերելք Կազբեկ լեռ / Արտաշես Մկրտչյան.
- 11 հոկտեմբորի 2016թ. – վերելք Կուշ Կայա լեռ / Անտուան Անանյան:
2017թ. նշանավորվեց Գարեգին Ունուսյանի, Սուրեն Պետրոսյանի և Հովհաննես Մարտիրոսյանի կողմից օգոստոսին Այգեր լեռան /3970մ/ վերելքով:
Դեպի Արարատ վերելքներն առավել ակտիվացան 2012թվականից, ինչի արդյունքում հարյուրավոր հայ լեռնագնացներ հնարավորություն ունեցան հաղթահարել Արարատի բարձրությունը:
Վերելք դեպի աշխարհի տանիք` Էվերեստ լեռ:
1953թ. աշխարհի ամենաբարձր գագաթն (8848 մետր) առաջին անգամ բարձրացան Էդմունդ Հիլարին եւ Թենցինգ Նորգեյը: 1953թվականից մինչ այսօր աշխարհի ամենաբարձր լեռն է բարձրացել 4 հազարից ավել մարդ, որոնց թվում` 5 հայեր.
- Լեվ Սարկիսով` 12 մայիսի 1999թ.
- Իգոր Խալաթյան` 16 մայիսի 2002թ.
- Կարո Հովասափյան` 05 մայիսի 2005թ.
- Իռենա Խառազովա` 20 մայիսի 2016թ.
- Արա Խաչադուրյան` 22 մայիսի 2016թ.:
Առաջին վերելքն Արարատի գագաթ
Եվրոպական բազմաթիվ ճանապարհորդներ ու աշխարհագրագետներ բացառիկ հետաքրքրություն էին ցուցաբերում Հայկական լեռնաշխարհի, հատկապես նրա արևելյան մասի նկատմամբ: Նրանց մասնավորապես հետաքրքրում էին Արարատ լեռն ու Արարատյան դաշտը, որոնք, բիբլիական առասպելի համաձայն, համարվում էին ետջրհեղեղյան մարդկության տարաբնակեցման կենտրոն: Եվրոպական ճանապարհորդները Արարատ լեռը համարում էին մարդկանց համար լրիվ անհասանելի մի լեռ: Նրանց շարադրած նյութերում անպայմանորեն խոսվում էր վերամբարձ գագաթի խիստ զառիթափ, անանցանելի լանջերի, հավերժական սառցադաշտերի մասին: Համեմատաբար ավելի ստույգ տեղեկություններ Արարատի վերաբերյալ Եվրոպա բերեցին ֆրանսիական ճանապարհորդներ Ժան Շարդենը (1673թ.) և Պիտոն դե Տուրնեֆորը (1701 թ.): Բայց նրանք էլ խոսում էին լեռան անհասանելիության մասին: Փոխանցվելով սերնդեսերունդ՝ էլ ավելի ամրապնդվեց ստեղծված առասպելը և ստացավ կրոնի անժխտելի դրույթի ուժ:
Ռուսաստանի կազմի մեջ Արևելյան Հայաստանի մտնելը հեշտացրեց գիտնականների գործը
Արարատի լեռնային զանգվածի գիտական լուրջ ուսումնասիրության համար արգելք էր հանդիսանում Արևելյան Հայաստանում ստեղծված քաղաքական ծանր իրավիճակը: Կառավարող խաների կամայականությունները, ինչպես և թափառող քոչվոր ցեղերի ասպատակությունները, երկար տարիներ հնարավորություն չէին տալիս հիմնովին հետազոտել Արարատը: Ռուսաստանի կազմի մեջ Արևելյան Հայաստանի մտնելը հեշտացրեց գիտնականների գործը: Առաջինն այդ բարենպաստ քաղաքական փոփոխություններից օգտվեց Ֆրիդիրխ Պարրոտը՝ Դորպատի (այժմ՝ Տարտու, Էստոնիա) համալսարանի պրոֆեսորը, որը ճանաչված գիտնական էր, ֆիզիկոս, բժիշկ ու բնախույզ: Ֆ. Պարրոտի ջանքերով կազմակերպված այս գիտարշավը նպատակ ուներ գալ Հայաստան և ոչ միայն առաջին վերելքն Արարատի գագաթ, այլ բազմակողմանիորեն ուսումնասիրել ամբողջ լեռնային զանգվածը: Գիտարշավը կոմպլեքսային էր: Նրա աշխատանքներին մասնակցում էին աստղագետ Վ. Ֆ. Ֆյոդորովը, երկրաբան Բեհագել ֆոն Ադլերկրոնը, ուսանողներ Կ. Շիմանը և Հ. Հեյնը:
Արշավախմբի մասնակիցները Էջմիածին ժամանեցին 1829 թվականի սեպտեմբերի 8-ին: Էջմիածնի հոգևորականները սրտաբաց ընդունեցին արշավախմբի մասնակիցներին: Նրանց թարգմանում էր դպիր Խաչատուր Աբովյանը: Ֆ. Պարրոտի առաջարկով և կաթողիկոսի համաձայնությամբ վերջինիս հանձնարարվեց ուղեկցել արշավախմբին, որն իրականացնելու էր առաջին վերելքն Արարատի գագաթ: Խ. Աբովյանն ուրախությամբ հանձն առավ թարգմանչի և աշխատակցի պարտականությունները:
Առաջին Վերելքն Արարատի գագաթ
Սեպեմբերի 10-ին արշավախումբը թողեց Էջմիածինը և շարժվեց դեպի Արարատ լեռը:
Սեպտեմբերի 11-ին Արաքսի աջ ափին գիտնականներն անցկացրին առաջին դիտարկումները: Այնուհետև արշավախումբը հասավ Ակոռի գյուղը, Ֆ. Պարրոտը Խ. Աբովյանի առաջնորդությամբ գնաց գյուղ, զրուցեց տանուտեր Ս. Խոջյանի հետ, եզներ և ուղեկցող մարդիկ վարձեց: Երեկոյան ճանապարհորդները հասան ս. Հակոբի վանքը, որը պետք է լիներ նրանց հիմնական կայանը:
Սեպտեմբերի 12-ին առավոտյան ժամը 7-ին Ֆ. Պարրոտը ձեռնարկեց վերելքի առաջին փորձը: Վերելքին մասնակցում էին Կ. Շիմանը, մեկ կազակ և ակոռեցի շինական Սահակը: Ֆ. Պարրոտի խումբը բարձրացավ լեռան արևելյան խիստ զառիթափ լանջով և, հավերժական ձյան գիծը չհասած, գիշերեց ծովի մակարդակից 3502 մ բարձրության վրա, մարգագետինների գոտում:
Սեպտեմբերի 13-ին խումբը շարունակեց վերելքն առանց Սահակի: Հասնելով ձյան սահմանին՝ արշավախումբը հանդիպեց նոր դժվարությունների՝ զգացվում էր հատուկ հանդերձանքի բացակայությունը: Խմբին մի քանի ժամվա ճանապարհ էր մնում մինչև գագաթը, սակայն ուտելիքով ապահովված չլինելը, գիշերով իջնելու վտանգը ստիպեցին նրանց ետ վերադառնալ: Նրանք հասել էին ծովի մակարդակից 4365 մ բարձրության:
Սեպտեմբերի 14-ին առավոտյան ժամը 10-ին խումբը բարեհաջող վերադարձել է ս. Հակոբի վանքը:
Ճիշտ է, վերելքի այս առաջին փորձը անհաջողության մատնվեց, և լեռը չնվաճվեց, բայց ապացուցվեց Մեծ Արարատի գագաթը բարձրանալու հնարավորությունը: Խ. Աբովյանը վառվում էր հաջորդ վերելքին անձամբ մասնակցելու ցանկությամբ:
Սեպտեմբերի 16-ին տեղացի շինականների հետ զրույցներից հետո հասունանում է գագաթն արևմուտքից գրոհելու միտքը:
Սեպտեմբերի 17-ին ամբողջ արշավախումբը սկսում է նախապատրաստվել երկրորդ վերելքին: Խ. Աբովյանը խնդրում է պրոֆեսորին թույլ տալ իրեն ևս մասնակցելու արշավին: Սկզբում Պարրոտը ոչ մի կերպ չի համաձայնում, նա խնայում է երիտասարդին՝ նրան անպատրաստ համարելով սպասվող դժվարություններին, բայց ի վերջո տեղի է տալիս նրա թախանձանքներին:
Երկրորդ վերելքն Արարատի գագաթ
Սեպտեմբերի 18-ին սկսվում է երկրորդ վերելքը: Ծանր բեռնավորված ձիերի, եզների ու մարդկանց քարավանը շարժվում է արևմտյան լանջով: Այս անգամ վերելքին մասնակցում էին 12 մարդ: Առանձնապես դժվար է լինում անցնել «ավազովք և խճովք չիչաքարի» ու անկանոն կուտակված քարերի վրայով: Երեկոյան ժամը 6-ին մարգագետինների գոտում, հասնելով ծովի մակարդակից 3704 մ բարձրության, քարավանը կանգ է առնում գիշերելու Քիփ գյոլ անունը կրող հարթության մոտակայքում:

Սեպտեմբերի 19-ին կես աստիճան ցուրտ է ցույց տալիս ջերմաչափը, երբ առավոտյան արշավախմբի հիմնական ջոկատը, թողնելով ձիերին, եզներին ու եզնապաններին, գրոհում է լեռը: Երկու ժամ անց նրանք հանդիպում են մեծ սառցադաշտի, որի վրայով անցնելու համար անհրաժեշտ էր ոտնատեղեր փորել և, միմյանց օգնելով, զգուշորեն առաջ շարժվել: Ձորերից մեկում նրանք հանդիպում են 1,5 մետրից ավելի հաստություն ունեցող սառցադաշտի և վերջապես հասնում են «հավասարաձիգ և տափարակ» մի ժայռի: Անցնել ժայռը միտք չուներ, որովհետև կպահանջվեր ևս մի քանի ժամ, իսկ եղանակը վատանում էր, խոնավ ու սառը քամին մոտալուտ փոթորիկ էր խոստանում: Ծովի մակարդակից 4591 մ բարձրության վրա արշավախումբը կանգ է առնում:
Պարրոտի կանգնեցրած խաչը
Հենց այստեղ էլ Պարրոտը նպատակահարմար է գտնում կանգնեցնել իր հետ բերած 12 կգ ծանրություն ունեցող սև խաչը: Այն ամրացվում է երեսով դեպի Երևան, որպեսզի հնարավոր լինի քաղաքից հեռադիտակով տեսնել:
Սեպտեմբերի 20-ին արշավախումբն իր ողջ կազմով բարեհաջող վերադառնում է հիմնական բնակատեղը: Արշավախումբն այս անգամ ևս լեռան գագաթը չհասավ, և փաստորեն վերելքը նորից անհաջողության մատնվեց, բայց ապացուցվեց, որ գրոհի ուղղությունը ճիշտ է ընտրվել:
Սեպտեմբերի 21-ին փոթորիկը լեռան շրջակայքում շարունակվում է: Թանձր մառախուղին փոխարինում են մրրիկն ու ահեղ ամպրոպը:
Սեպտեմբերի 22-ին գիտարշավի անդամները շարունակում են իրենց դիտարկումները, հարստացնում հավաքածուները, ճշտում քարտեզները: Ֆ.Պարրոտը գլխավորապես զբաղված էր մագնիսական սլաքի խոտորումն ու հակումը չափող գործիքների աշխատանքի ճշգրտումներով: Ադլերկրոնը շարունակում էր հավաքել և դասավորել Մասիսի լանջերը կազմող հրաբխային ապարները (բազալտ, պորֆիրիտ, անդեզիտ և այլն):
Սեպտեմբերի 23-ին գիտնականները ոչ միայն շարունակում են շրջակայքի ուսումնասիրությունները, այլև սկսում են ձեռնարկել ավելի հեռու վայրերի հետազոտումներ:
Սեպտեմբերի 24-ին եղանակն աստիճանաբար լավանում է: Ֆ. Պարրոտի մոտ հասունանում են նոր պլաններ: Նա զգում է, որ վերելքի ընթացքում ճիշտ չի բաժանել մարդկանց ուժերն ու ժամանակը: Նա գալիս է այն համոզման, որ հաջողությունը կախված է նրանից, թե որքան կբարձրանան առաջին օրվա ընթացքում, քանի որ այդ դեպքում ավելի շատ ժամանակ կմնա հաջորդ օրը լեռան գագաթ հասնելու և ցերեկով ետ վերադառնալու համար:
Սեպտեմբերի 25-ին եռուզեռ էր ս. Հակոբի վանքում. արշավախմբի անդամները պատրաստվում էին երրորդ վերելքին:
Երրորդ փորձը
Սեպտեմբերի 26-ին, լույսը դեռ չբացված, արշավախումբը դուրս է գալիս ս. Հակոբի վանքից և երրորդ անգամ ուղղություն վերցնում դեպի լեռան գագաթը: Երրորդ վերելքին մասնակցում են Ֆ. Պարրոտը, Հ. Հեյնը, Խ. Աբովյանը, 6 շինական և 3 զինվոր: Վերելքն իրականացվում է լեռան արևմտյան, ավելի ստույգ՝ հյուսիս-արևմտյան կողմից: Ժամը 12-ին արշավախումբը հասնում է Քիփ-գյոլի հարթությանը, որտեղ մնում է 1,5 ժամ: Շուտով մարդիկ ստիպված են լինում բեռը վերցնել սեփական ուսերի վրա: Այստեղ մնում են 3 հոգի, մնացած 9 հոգին երեկոյան ժամը 5.30-ին կանգ են առնում գիշերելու, չհասած հավերժական ձյան սահմանին, ծովի մակարդակից 3910 մ բարձրության վրա:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 5.30-ին արշավախումբը սկսում է վերելքի վերջին փուլը և կես ժամ անց արդեն անցնում են հավերժական ձյան սահմանը: Երկրորդ վերելքի ժամանակ հանդիպած սառցադաշտով անցնում են անհամեմատ ավելի հեշտ, որովհետև սառցադաշտի վրա նստած ձյունը սկսել էր հալվել և առաջացած կիսահալ ծածկոցով մարդիկ քայլում էին ավելի ազատ: Սակայն արշավախումբը նոսրանում է. շինականներից մեկը գիշերը հիվանդացել էր և առավոտյան չէր կարողացել միանալ արշավախմբին, մնացած երկուսը, չդիմանալով դժվարություններին, ետ էին դարձել: Մնացել էին 6 հոգի: Նրանք իրենց վերջին ուժերը լարելով՝ շարունակել են վերելքը:
Վերջապես, հաղթահարելով մի քանի բլրակներ և սառցադաշտեր, ցերեկվա ժամը 3.15-ին արշավախումբը հասնում է լեռան գագաթը: Խ. Աբովյանը ձյան մեջ կանգնեցնում է իր ուսերի վրա բերած 1,5 մ բարձրություն ունեցող խաչը:
Առաջինները Մասիսի գագաթին
Խիզախները, որոնք իրականացրեցին առաջին վերելքն Արարատի գագաթ 6 հոգի էին՝ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը, Էջմիածնի վանքի դպիր Խաչատուր Աբովյանը, հայ շինականներ Հովհաննես Այվազյանն ու Մուրադ Պողոսյանը և 41-րդ եգերական ջոկատի զինվորներ Ալեքսեյ Զդորովենկոն և Մատվեյ Չալպանովը:
Ընդամենը 45 րոպե են մնում արշավախմբի անդամները Մասիսի գագաթին: Ոչինչ չգտնելով իր հետ տանելու՝ Խ. Աբովյանը վերցնում է մի կտոր սառույց և թաշկինակի մեջ փաթաթում:
Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան արշավախումբը շարունակում է վայրէջքը և բարեհաջող հասնում ս. Հակոբի վանք:
Հաղթականորեն ավարտված վերելքից հետո գիտարշավն անմիջապես չի հեռանում ս. Հակոբի վանքից: Նրա պլանների մեջ էր մտնում հետազոտել շրջակայքը և բարձրանալ նաև Փոքր Մասիսի գագաթը:
ԱՐԱՐԱՏԻ ՎԵՐԵԼՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ



Հոկտեմբերի 10-ից 23-ը ընկած ժամանակահատվածում Ֆ. Պարրոտի արշավախումբը երկրաբանական ուսումնասիրություններ է կատարում Գեղամա լեռներում, այնուհետև անցնում Գեղարդի վանքը և մտնում Երևան: Նրանց աշխատանքներին իր գործուն մասնակցությունն է ցուցաբերում Խ. Աբովյանը: Ուսումնասիրություններ են կատարվում նաև Արարատի ստորոտում գտնվող Սիրբաքան և Փռչո գյուղերի շրջակայքում, այնուհետև Արտաշատի հարավային լանջերում, որից հետո մտնում են Բայազետ քաղաքը և ծանոթանում հայկական հուշարձաններին:
Հոկտեմբերի 25-ին արշավախումբը սկսում է նախապատրաստվել Փոքր Մասիսի վերելքին:
Հոկտեմբերի 26-ին երեկոյան կողմ 9 հոգուց բաղկացած խումբը հասնում է Փոքր Մասիսի հյուսիսային լանջերը և գիշերում փոքրիկ անտառում:
Հոկտեմբերի 27-ին սկսվում է Փոքր Արարատի վերելքը, որի համար ընտրվել էր լեռան արևմտյան լանջը: Մասնակիցներից մեկը չի դիմանում դժվարություններին և ետ վերադառնում: Մնացած 8 հոգին հերոսաբար մաքառելով կարողանում են ժամը 11-ին հասնել գագաթ:
Աղբյուրը՝ Խաչատուր Աբովյանի Տուն-Թանգարան
Լեռնագնացության երկար սպասված վերածնունդը
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լեռնագնացությունը Հայաստանում, ինչպես և սպորտի մնացյալ տեսակները, պարզապես դադարեցին գոյություն ունենալ: Միայն 2000-ական թվականներին հայ լեռնագնացները միմյանցից անկախ բարձրանում էին լեռներ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս (Էլբրուս, Կազբեկ, Արարատ): Սակայն միասնական լեռնագնացային ակումբներ և դպրոցներ չկային: Լեռնագնացությունը Հայաստանում սկսեց շատ արագ կերպով զարգանալ 2010 թվականից: Հենց այս տարեթիվը նշանավորվեց որպես Հայաստանում ալպինիզմի վերածննդի ազդարար: Վերջին տարիների ընթացքում հայ լեռնագնացները հաղթահարել են բազմաթիվ գագաթներ՝ Էլբրուս (Եվրոպայի բարձր կետ), Դեմավենդ (Իրան), Կազբեկ (Վրաստան), ունեցել են մասնակցություն միջազգային մրցաշարերի, նաև անցկացրել մրցաշարեր Հայաստանում: Այս հարցում իր մեծ նշանակությունն ունեցավ Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ստեղծումը, որը գործում է 2011 թվականից:
2011 թվականից ֆեդերացիայի անդամները սկսեցին առաջին վերելքները դեպի Իրանի բարձր գագաթները. հանգած հրաբուխ՝ Դեմավենդ (5671 մ), Հեզար լեռ (4501 մ), Կովկասյան Կազբեկ (5034 մ): Իսկ ավելի ուշ հայ լեռնագնացները մասնակցություն ունեցան դեպի Դեմավենդ վերելքի միջազգային ձմեռային մրցաշարին և պատվով հասան գագաթ:
Լեռներին նվիրված օրեր
2003 թվականից սկսած ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի 57-րդ նստաշրջանի որոշմամբ դեկտեմբերի 11-ը նշվում է որպես Լեռների միջազգային օր: Օրվա կապակցությամբ աշխարհի տարբեր անկյուններում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են ներկայացնելու լեռնային և ալպյան գոտիների բացառիկ նշանակությունն ու հնարավորությունները:
Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Հայաստանում՝ որպես Հայաստանի լեռների օր նշվում է ամեն տարի հոկտեմբերի 9-ը:
Հայաստանի լեռների օր. հոկտեմբերի 9
Իսկ ամսաթվի ընտրությունը կատարվել է այն պատճառով, որ 1829 թվականին հենց այդ օրը Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետի՝ Մասիսի գագաթին: 1829 թվականի մարտի 30-ին բնախույզ-աշխարհագրագետ Ֆ. Պարրոտը իր արշավախմբով գալիս է Հայաստան` նպատակ ունենալով ուսումնասիրել Արարատ լեռը: Սեպտեմբերի 8-ին նրանք ժամանում են Էջմիածին, որտեղ Պարրոտը ծանոթանում է Աբովյանի հետ: Աբովյանը միանում է արշավախմբին` որպես թարգմանիչ և ուղեկցորդ: Արշավը սկսվում է Արարատի ստորոտին գտնվող Ակոռի գյուղից: 2 անհաջող փորձից հետո՝ սեպտեմբերի 27-ին (նոր տոմարով հոկտեմբերի 9-ին) ժամը 15:15-ին, Պարրոտը, Աբովյանը և 4 ուղեկցորդներ հասնում են Արարատի գագաթ: