Սյունիքի մարզի լեռները

on

Լեռնաշղթաներ

  • Զանգեզուրի լեռնաշղթա

Զանգեզուրի լեռները սկսվում են Սյունիքի բարձրավանդակի և Վարդենիսի լեռների շփման գոտուց և 160 կմ երկարությամբ ձգվում մինչև Արաքսի հովիտ: Ամենաբարձր գագաթը Կապուտջուղ լեռն է (3906 մ)։ Լեռնաշղթայի հյուսիսային մասը ցածր է: Այստեղ է գտնվում Որոտանի լեռնանցքը (2345 մ), որը կապում է Արփայի հովիտը Որոտանի հովտին, իսկ Սիսիանի լեռնանցքը՝ Զանգեզուրը Նախիջևանին:

Զանգեզուրի լեռների կատարային մասում են գտնվում Գազանալիճ, Ծակքար, Կապտաչ և Կապուտան լճերը: Լեռների հարավարևելյան լանջերից են սկիզբ առնում Արաքսի ձախ՝ Ողջի և Մեղրի վտակները, ինչպես նաև բազմաթիվ այլ գետեր:

Շատ թույլ պահպանված են ռելիեֆի սառցադաշտային ձևերը, որոնք լավ են արտահայտված Կապուտջուղ, Այրիսար, Աղոթարան, Սալվարդ, Երնջակ լեռնազանգվածների շրջանում: 

Զանգեզուրի լեռներն աչքի են ընկնում վեր բարձրացող ժայռային բարձր կատարներով և խոր անդունդներով: Լեռնաշղթան ունի համեմատաբար անհամաչափ կառուցվածք: Արևելյան լանջերը մասնատված են մի շարք գետակներով, որոնց միջև ջրբաժան հանդիսացող լեռները սանրի պատկեր են հաղորդում լանջին: Այս լանջերից են սկսվում Սիփան, Այգիգետ, Ողջի, Գեղի, Ծիրանաջուր, Կարճան, Այրիջուր և մի շարք այլ գետեր: Քաջարանի լեռնաբազուկը Ողջի և Գեղի գետերը բաժանում է միմյանցից: Այս լանջերը հողմատակ են, իրենց վրա են կրում Կասպից ծովի ազդեցությունը և միջին բարձրության գոտում ամենաանտառապատն են, ավելի վեր մեծանում է տեղատարման պրոցեսը, որի հետևանքով լանջերը լերկ են և պատված քարաթափվածքներով: Լեռնաշղթայի արևմտյան լանջերն աչքի են ընկնում չոր կլիմայական պայմաններով: Ցածր մասերում տարածվում է կիսաանապատային բուսականությունը, ավելի բարձր՝ տափաստանային բուսականությունը: Լանջերին շատ են սողանքային պրոցեսները:

Լեռնագագաթներ

  • Կապուտջուղ լեռ

Կապուտջուղ լեռնագագաթը գտնվում է Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին՝ Քաջարանց գյուղից 9 կմ արևմուտք: Բարձրությունը՝ 3906 մ։ Հարաբերական համեմատաբար փոքր բարձրության շնորհիվ, բարձրությունը շրջապատի նկատմամբ այդքան էլ լավ արտահայտված չէ, սակայն լեռը ՀՀ տարածքում բարձրությամբ երկրորդն է՝ Արագածից հետո: Լեռան լանջերը զառիթափ են, պատված ալպյան և մերձալպյան բուսականությամբ: Գագաթային մասերում պահպանվում են ձնաբծեր:

Քայլարշավային երթուղի

  • Իշխանասար

Մեծ Իշխանասար լեռն Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր կետն է: Գտնվում է  Սյունիքի և Արցախի սահմանագլխին, Նորավան գյուղից 9 կմ հս.-արլ.: Բարձրությունը՝ 3549 մ: Լեռան հյուսիսային լանջից է սկիզբ առնում Որոտանի ձախ՝ Նորավան վտակը, հս-արմ.-ից՝ Նորավան գետի ձախ վտակ Մեծձորը, իսկ հվ-արմ. լանջից՝ Որոտանի ձախ վտակ Վաղատինը, հվ.-ից՝ Շամբ գետը: Լեռն ունի հրաբխային ծագում. լանջերը զառիթափ են, մասնատված կիրճերով և ձորակներով:

Մեծ Իշխանասար լեռան հյուսիսում առանձնանում է Փոքր Իշխանասար լեռը: Հյուսիս արևմուտքում Իշխանասարը թամքոցով միանում է Ծղուկ լեռնազանգվածին: Արևելյան լանջին է սառցադաշտային ծագման Սև լիճը՝ 2666 մ բարձրության վրա: Լիճն ունի 1,6 կմ երկարություն և 1,2 կմ լայնություն: Մակերեսը՝ մոտ 2 քառ. կմ, առավելագույն խորությունը 7,5 մ: Համարյա շրջանաձև է: Սնումը հալոցքային և մթնոլորտային տեղումներից է:

Սև լճից արևելք Սագի լիճն է: Սագի լիճը նախորդից անհամեմատ փոքր է. Ամռանը դառնում է սակավաջուր: Սև լճում 1968 թվականից բազմանում է իշխան: Սագի լճի շուրջը ցրված են փարախներ: Լճից սկիզբ է առնում Խոզնավար գետակը:

Երթուղու երկարությունը՝ 35 կմ։

Երթուղիներ

  • Ուխտասար

Ուխտասարը լեռ է ՀՀ Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում, որտեղ 1968 թվականին հայտնաբերվել է ժայռապատկերներով հարուստ հնավայր։ Այն գտնվում է 3000-3300 մ ծովի մակերևույթից բարձրության վրա:
Ուխտասարի ժայռապատկերները ներկայանում են սև ու մոխրագույն հրաբխային ծագում ունեցող քարերի վրա քարե գործիքներով արված փորագրությունների տեսքով։ Դրանց մեծ մասը համարվում են հուշագրեր` նվիրված ննջեցյալների կյանքին ու հերոսական պատմություններին։ Հարուստ են բույսերի, ծաղիկների և կենդանիների, ինչպես նաև մարդկային ու երկրաչափական պատկերներով արված փորագրությունները։
Պարզունակ պատկերներն, այդուհանդերձ, զարմանալիորեն համապարփակ են` պատմելով առասպելների և ցեղերի սովորույթների, զգացմունքների, հույզերի և հավատալիքների, նախնիների պարտությունների և հաղթանակների մասին։

Ուխտասարի ժայռապատկերները

Ուխտասարի ժայռապատկերների գերիշխող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված են այծքարեր կամ իծագրեր անվանումները։ Բեզոարյան այծը մշտապես նախնադարյան բնախույզի դիտումների տեսադաշտում գտնվող, Հայկական լեռնաշխարհում տարածված սլացիկ, գեղեցիկ կենդանին էր։ Բեզոարյան այծերի վարքի մեջ վաղ ժամանակներից նկատվել է շատ հետաքրքիր բան՝ կայծակի և ամպրոպի ժամանակ, երբ կենդանիների մեջ խուճապ է առաջանում, հոտի առաջնորդը բարձրանում է ամենաբարձր ժայռի վրա, պարզում եղջյուրներն ու քարանում՝ դառնալով բնական շանթարգել։

Ուխտասարի ժայռապատկերներ

Այծերը հատկապես տարածված են որսի տեսարաններում և հանդիսանում են մանր եղջերավոր անասունների հավաքական խորհրդանիշները։ Այծը ժայռապատկերներում հանդես է գալիս նաև որպես Աստծո-աստվածային Ոգու կենդանական խորհրդանիշ և Աստված գաղափարի արտահայտիչ։ Հետևաբար իծագրերը մեկնաբանվում են նաև որպես աստվածային զորաց պատկերագրեր։ Այսօր, իմանալով հայ և համաշխարհային առասպելաբանությունը, փորձ է արվում դրանց միջոցով գալ սկզբին, այսինքն ընթերցել և մեկնաբանել ժայռապատկերները, հասկանալ նախնադարյան մարդկանց աշխարհընկալումը։

Եթե ժայռապատկերներն ավելի մանրակրկիտ ուսումնասիրվեն, ապա գիտական մոտեցումները կարող են նաև ցույց տալ, որ այծքարերը զուտ որսորդական մոգության պատկերներ չեն։

Ուխտասար

Քայլարշավային երթուղի

  • Ծղուկ

Հանգած հրաբխային լեռնազանգված Սյունիքի բարձրավանդակում՝ ՀՀ Սյունիքի մարզում: Ունի 3581 մ բարձրություն, գագաթին կա ջրածածկ ոչ մեծ խառնարան, զառիթափ ու կտրտված լանջեր, որոնք ցածրանում են դեպի լեռնազանգվածը եզերող սարավանդները։ Շրջակայքում կան անտառներ, վերին մասում՝ ծանծաղ լճեր։

Կազմված է անթրոպոգենի դացիտներից ու անդեզիտաբազալտներից։ Գագաթին կա ջրածածկ ոչ մեծ խառնարան։ Լանջերը կտրտված են, շատ են քարացրոնները, լավային հոսքերը, պահպանվել են սառցապատման հետքեր։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, գագաթը՝ ձնամերձ։

Ծղուկի գագաթից դեպի հյուսիս բացվում է հիանալի տեսարան դեպի Սյունիքի բարձրավանդակի ամենաբարձր կետը՝ Թրասարը (3594 մ): Դեպի հյուսիս-արևելք երևում է սեղանասարը և մի գեղեցիկ լիճ:

  • Թրասար

Թրասար լեռնագագաթը գտնվում է Սառնակունք գյուղից 16 կմ դեպի հյուսիս–արևելք Սյունիքի բարձրավանդակում՝ Սյունիքի մարզի և Արցախի սահմանագլխին: : Ծղուկի լեռների ամենաբարձր գագաթն է: Բարձրությունը 3594 մ է:

Քայլարշավային երթուղիներ

  • Խուստուփ

Լեռնազանգվածը գտնվում է Սյունիքի մարզում, Կապան քաղաքից 9 կմ հվ.-արմ.: Խուստուփի հվ-արլ. լանջից են սկիզբ առնում Ողջի գետի աջ՝ Գեղանուշ և Վաչագան վտակները, իսկ հվ-արմ. լանջից՝ Ծավ գետի ձախ վտակ Շիշկերտը: Լեռն ունի ալպյան մարգագետինների հարուստ բուսածածկույթ, հս.-արլ. լանջերն անտառապատ են: Կազմված է ստորին կավճի հրաբախածին և նստվածքային ապարներից (պորֆիրիտներ, մերգելներ, կրաքարեր):  Տիրապետում է սառնամանիքային հողմահարումը: Լանջերը մասնատված են, կան քարափներ, քարանձավեր:  Լանդշաֆտը լեռնամարգագետնային է,  հս-արլ. լանջերը՝ անտառապատ:։ Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը։

Սուրբ լեռ

Խուստուփը համարվում է սուրբ լեռ: Իզուր չէ ժողովուրդը նրան տվել ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք: Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր:

Խուստուփի լանջին, Կոզնի կոչված աղբյուրի մոտ է ամփոփված հայ ժողովրդի զորավար գարեգին Նժդեհի մասունքները:

Քայլարշավային երթուղի

Աճանան լեռ

Լեռնզազաթը գտնվում է Սյունիքի մարզում՝ Բարգուշատի լեռնաշղթայի կենտրոնական հատվածում, Քաշունի գյուղից 2,5 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 2393 մետր բարձրության վրա։ Այլ անվանումներ՝ Թափասար, Տափասար։

Հետաքրքիր տեսք ունի Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղից, այստեղից այն նմանվում է երկու հսկա մեծ աստիճանների կամ տապանի։ Լեռան բարձունքների վրա Աղվանի գյուղի ամառային արոտավայրերն են, իսկ ստորոտներն օգտագործվում են Անտառաշատ գյուղի տնտեսությունների համար։

• Կատար

Կատար լեռնազանգվածը գտնվում է Սյունիքի մարզում, Վերին Գիրաթաղ գյուղից 2,3 կմ հյուսիս-արևելք։ Ունի 3012մ. բարձրություն։ Լեռան հարավ-արևելյան լանջից է սկիզբ առնում Ողջի գետի ձախ վտակը՝ Շղարշիկը։

Լեռան գագաթնամերձ հատվածը ժայռոտ է։ Լանջերը մասնատված են կիրճերով ու ձորակներով, ծածկված են ալպյան մարգագետիններով։

Օգտագործված հղումներ 1, 2, 3 , 4, 5, 6 , 7, 8, 9

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s