Այսօր ունեցանք տիեզերական ճամփորդություն, իսկ ինչո՞ւ հենց տիեզերական կիմանաք պատումը կարդալու ընթացքում։ Նախ նշեմ, որ գնացել ենք հետևյալ նախագծով, իսկ հիմա անցնենք բուն թեմային։ Շարժվեցինք ժամերգությունից հետո (որը տեղի է ունենում ամեն ուրբաթ դասերից առաջ) դեպի Արագածոտնի մարզ։ Նախատեսված ուսանողների քանակից մի փոքր շատ էինք, բայց իհարկե մեզ դա բացարձակ չխանգարեց ու մենք երգել պարելով հասանք տեղ։ Առաջին կանգառը դա՝ Արշակունիների դամբարաններ, որը գտնվում է Աղցքում, այնտեղ ժամանակին պահվում էր հեթանոս (ձախ կողմում) և քրիստոնյա(հարավային կողմում) հայ Արշակունի թագավորների աճյունները։ Թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով։
Դամբարանից հետո շարժվեցինք դեպի Օրգով գյուղ, որտեղ գտնվում է՝ Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակը։ Նշեմ, որ աստղադիտակը սկսվել է կառուցվել 1980 թվականին և արդեն 1986 թվականին աստղադիտակն պատրաստ էր, իսկ սկսեց շահագործվել 1987 թվականին և արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն։
Այդպիսի համակարգն առաջինն ու եզակին է աշխարհում (սա հատուկ մուգ նշեմ, որ հետո գլուխ գովաք, քանի որ առաջինն ենք): Գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։ Oրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման միտքը սկզբում չի ողջունվել Մոսկվայի կողմից։ Պարիս Հերունուն ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում՝ Հայաստանի փոխարեն։ Հերունին շուրջ 17 տարի պայքարեց այս գաղափարի հաստատման համար։ Աստղադիտակը գործել է նաև 90-ականներին, սակայն 2000 թվականից ֆինանսական միջոցների սղության պատճառով գործունեությունը դադարեցվել է։ Ներկայումս, չնայած աշխատունակ է, սակայն չի գործարկվում (Պարիս Հերունին, որ իմանար իր այդքան տանջվելն իզուր է լինելու, ոչ էլ գլուխ կդներ )։
Տարածքն ուսումնասիրելուց ու տեղի մասին նյութը լսելուց հետո շարժվեցինք դեպի Ամբերդ։ Ամբերդի կառուցման հստակ թվեր չկան, սակայն այն մոտավորապես թվագրվում է 7-13-րդ դարերի (իր վերականգնման թվերը ներառելով)։ Բերդը բաղկացած է՝ իշխանական եռահարկ դղյակից, բերդապարիսպներից, բաղնիքից, փոքր մատուռից, եկեղեցուց և գետնուղիներից: Ի դեպ երբ 1930-ական թթ․ Ամբերդում պեղումներ են կատարվել ու պարզել են, որ ամրոցն ուներ բազմաթիվ ստորգետնյա մուտքեր, որոնք տանում էին ամրոցից դեպի կիրճ։ Ամբերդի ներսում էլ պտտվելուց հետո այտեղ մեր խմբով քոչարի պարեցինք ու շարժվեցինք առաջ։
Ըստ նախագծի պետք է գնայինք Քարի լիճ, սակայն առաջացած խնդիրների պատճառով երթուղին մի փոքր փոփոխեցինք ու գնացինք Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցի։ Եկեղեցու ներսում էլ երգեցինք հոգևոր երգեր ու ճանապարհ ընկանք դեպի Երևան։
Շատ ընտիր ու թօօյն օր եմ ունեցել, ինչի համար շնորհակալ եմ բոլոր-բոլորին, ովքեր ունեցան մասնակցություն։