Վայոց ձորի վանքերը

on

Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցին

Հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններ են հայտնի որտեղ առկա է կառույցի ճիշտ թվագրությունը, նրա ճարտարապետի ստորագրությամբ հանդերձ։ Այդպիսի կառույցներից է Արենիի եկեղեցին, որի շինարարական արձանագրությունը գրված է Սյունիքի արքեպիսկոպոս Հովհասնես Օրբելյանի անունից։ Վերջինս իրեն հայտարարում է «շինող սուրբ եկեղեցւոյ», թեն նույն այս արձանագրությունն ավարտվում է տաճարի իրական կառուցողի ստորագրությամբ:

«ԹՎ ՉՀ (1321) ՇԱՐԺ ԵՂԵԻ. ՄՈՄԻԿ ՎԱՐԴՊԵՏ»

Եկեղեցին կառուցվել է 1321 թ․, իսկ ճարտարապետը եղել է ճանաչված քանդակագործ ու մանրանկարիչ Մոմիկը։
1302թ. Մոմիկը ծաղկում է իր լավագույն աշխատանքը համարվող<<Պատերազմի Ավետարան>> (առանձնանում են <<Համբարձում>> և <<Հրեշտակի հայտնությունը սուրբ կանանց>> մանրանկարները): Տեսողության աստիճանաբար վատթարացման պատճառով 1307թ. նա չի կարողանում ավարտին հասցնել իր վերջին ավետարանը։ Մոմիկն իր ողջ տաղանդն այնուհետև ուղղում է ճարտարապետությանն ու քանդակագործությանը և ստեղծում այնպիսի բարձրարժեք գործեր` ինչպիսիք են նրա աշխատանքները Նորավանքում, Տաթևում, Եղեգիսում (Զորաց եկեղեցի), Գլաձորում և այլուր:
Սբ. Աստվածածին եկեղեցին առանձնանանում է չափազանց ներդաշնակ համաչափություններով:
Մոմիկի արարումներից է եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված <<Տիրամայրը` մանուկ Հիսուսը գրկի>> հոյակերտ բարձրաքանդակը։ Գահավորակին նստած Տիրամայրը պատկերված է իրատեսական` ժամանակի հագուստով։ Բարավորի ողջ մակերեսը մշակված է որթատունկի ոճավորված զարդաքանդակներով։
Եկեղեցու ներքին հարդարանքում գերակշռում է վեր խոյացող գմբեթը` հենված երկու առանձին կանգնած սյուների վրա, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին։ Գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները:
Եկեղեցու բակում պահպանվել են տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող տապանաքարեր և խաչքարեր։ Փոքրաչափ, բայց գեղարվեստորեն քանդակազարդ խաչքարերը կերտվել են եկեղեցու հետ միաժամանակ, իսկ համեմատաբար պարզ ու կոպիտ մշակվածներն ունեն ավելի վաղ թվագրություն։ Շրջակայքում պահպանվել են նաև մենհիրների մնացորդներ, որ միջնադարում խաչազարդվել են:

Մենհիրները  նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթողներ են՝ նվիրված նախնյաց հիշատակին, սրանք ուղղահայաց դիրքով կանգնեցված հսկա քարեր են՝ 320 մ բարձրությամբ և մինչև 300 տ քաշով։

Զորաց Ս.Աստվածածին եկեղեցի

Զորաց Ս.Աստվածածին եկեղեցին գտնվում է Վայոց ձորի Եղեգիս գյուղի արևելյան բարձունքին:

Ըստ արևելյան պատի արձանագրության կառուցել է (1303թ.-ից ոչ ուշ) Տարսայիճ իշխանի թոռը՝ Ստեփանոս Սյունյաց եպիսկոպոսը։ Բաղկացած է միայն խորանից և կից երկու ավանդատնից։ Արևմտյան պատին, անմիջապես բեմի առջև, երկու սյուների միջոցով երեք կամարակապ բացվածքներ են արված, վերին մասում ագուցված են երկու որմնախաչեր։ Աղոթասրահին փոխարինում է սալահատակ հրապարակը արևմտյան ճակատի առջև։ Արևելյան ճակատը մշակված է հայկական խորշերով: Եկեղեցին շրջափակված է եղել պարսպով։

Զորաց եկեղեցին ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի հորինվածք։ Ելնելով եկեղեցու կանոնից` ժամասացությունը թույլատրվում էր միայն անշարժ պատարագի սեղանի առկայությամբ՝ ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել էր արշավի գնացող զորքի համար:

Նորավանք

Նորավանքը գտնվում է Ամաղու գյուղից 3կմ հյուսիս-արևելք։
Նորավանքը XIIIդ. սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ XIIIդ. 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին Մոմիկը:
Վանքի պարսպապատ տարածքում են Ս.Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից՝ գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը։ Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է։ Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր:
Համալիրի գլխավոր Ս.Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1216-1223թթ.-ին։ Այն ներքուստ քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Միակ մուտքը արևմուքից է և բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատունը։ Գավիթը կառուցվել է թերևս եկեղեցու ավարտից անմիջապես հետո։ Գավիթը 1261թ.-ին, Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ, վերակառուցել է Սիրանես ճարտարապետը։ Հետագայում՝ 1321թ.-ի երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է։ Ամենայն հավանականությամբ վերակառուցումն իրականացրել է Մոմիկը, որը նոր էր ավարտել Արենիի եկեղեցին։ Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով ձգվում է Սմբատ իշխանի թաղածածկ դամբարանը՝ Ս.Գրիգոր եկեղեցին (կառուցել է ճարտարապետ Սիրանեսը 1275թ.-ին):
Համալիրի տարածական դոմինանտն է Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Ս.Աստվածածինը (1339թ.): Կառույցի ուղղանկյուն հատակագծով կիսագետնափոր առաջին հարկի դամբարանի վրա բարձրանում է երկրորդ հարկի խաչաձև աղոթարանը, դեպի ուր տանում են հիանալի մշակված, պատի մեջ ագուցված պահունակային աստիճանները։ Չորս անկյուններում ավանդատներ ունեցող այս հորինվածքը պսակված է սյունազարդ ռոտոնդայով։ Հատկապես ուշագրավ են պատկերաքանդակները, որոնք տեղադրված են դամբարանային հարկի բարավորի (Աստվածամայր, հրեշտակապետեր), երկրորդ հարկի մուտքի ճակատակալ քարի (Քրիստոս, Պողոս և Պետրոս առաքյալներ) և ռոտոնդայի սյուների վրա (կտիտորական կոմպոզիցիա): Եկեղեցու ռոտոնդայի սյուների քանդակները (կենտրոնական սյան վրա պատկերված է Աստվածամայրը գահին նստած, ձախ կողմի սյան վրա՝ Բուրթել իշխանը՝ կառույցի մանրակերտը ձեռքին, աջ կողմի սյան վրա՝ նրա որդին՝ Բեշքենը) որոշակի առնչվում են Մոմիկի նախորդ տարիների գործերին (Արենիի և Նորավանքի գավթի մուտքերի ճակատակալ քարերի բարձրաքանդակները, 1308թ.-ին կերտած խաչքարը): Նույնը չի կարելի ասել առաջին և երկրորդ հարկերի մուտքերի բարավորների քանդակների մասին, որոնք կերտված են այլ վարպետների կողմից, թերևս Մոմիկի մահից հետո:
Միջնադարյան հայկական արվեստում ինքնատիպությամբ, գեղարվեստական բարձր հատկանիշներով առանձնանում են Նորավանքի Աստվածաշնչային ու ավետարանական թեմաներով պատկերաքանդակները, հատկապես գավթի արևմտյան մուտքի և լուսամուտի ճակատակալ քարի վրա կերտվածները: Դռան վերևում քանդակված է Աստվածածինը՝ ձախ ծնկին նստած մանուկ Հիսուսով: Նրանից ձախ լուսապսակով Հովհաննես Մկրտչի գլուխն է, իսկ աջ կողմում՝ Եսայի մարգարեն: Գավթի լուսամուտի ճակատակալ քարի կենտրոնում Հայր Աստծո կիսանդրին է` կերտված մարդու կերպարանքով: Աստծո այդպիսի պատկերումը աննախադեպ է, որովհետև ընդհանրապես միջնադարյան արվեստում Հայր Աստված պատկերվում է խորհրդանշական ձևով (օր.` երկնքից իջած Աջի տեսքով):
Բարձրաքանդակների հեղինակը միանգամայն ազատ է մեկնաբանել և կերտել կանոնիկ պատկերագրության թեմաները, ինչի շնորհիվ Նորավանքի գավթի քանդակները դուրս են գալիս ազգային արվեստի շրջանակներից:
XVII-XVIII դդ. վանքը շրջափակվել է պարսպով։ Այդ ժամանակներով էլ թվագրվում են ինչպես պարսպապատ տարածքի ներսում, այնպես էլ նրանից դուրս, արևելյան կողմում եղած կառույցների մնացորդները։ Համալիրի տարածքում կան վարպետորեն կերտված բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը: Նորավանքում է Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը:
* * *
Հանրաճանաչ Մոմիկ վարպետը սիրահարվում է Սյունիքի մելիքներից մեկի դստեր վրա: Գեղեցկուհին նույնպես սիրեց նրան: Մտահոգ մելիքը կանչել է տալիս վարպետին և հայտարարում, որ կտա իր դստեր կնության` պայմանով միայն, որ երեք տարվա ընթացքում, առանց որևէ օգնության կկանգնեցնի իր համար մի շքեղ վանք: Մոմիկն ընդունեց իր առջև դրված պայմանը և անցավ գործի:
Չանցավ երեք տարի, գործը արդեն ավարտի վրա էր: Կանգնեցվում էր մի անկրկնելի գեղեցիկ վանք: Տեղեկանալով դրա մասին` մելիքը ուղարկում է իր ծառային` Մոմիկին կանգնեցնելու: Ծառան կատարում է տիրոջ հանձնարարությունը և գցում է վարպետին կիսակառույց գմբեթից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s