Վայոց ձորի լեռները և քայլարշավային երթուղիները

on

Լեռնաշղթաներ

  • Վայքի լեռներ

Վայքի լեռները տարածվում են  Վայոց ձորի հարավարևմտյան մասում, Զանգեզուրի լեռնաշղթայի արևմտյան լեռնաճյուղն է։ Տ-աձև ձգվում է զուգահեռականին մոտ ուղղությամբ։ Ունի ծալքաբեկորավոր կառուցվածք։ Կազմված է կրաքարերից, կրաքարային մերգելներից, ավազաքարերից, կոնգլոմերատներից, հյուսիս-արևելքում՝ անդեզիտներից, դացիտլիպարիտներից։ Երկարությունը 64 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3120 մ (Գոգի լեռ)։ Արևմտյան մասը աստիճանաբար ցածրանում, ճյուղավորվում և ձուլվում է Նախիջևանի հարթավայրին։ Կան մինչև 150 մ բարձրության էքստրուզիվ, կոնաձև գմբեթներ։

Հյուսիսային լանջը էրոզիոնդենուդացիոն աստիճաններով ցածրանում է դեպի Արփայի հովիտը։ Կան քարայրեր։ Հարավային և հարավարևմտյան լանջերը ավելի մասնատված են, ցածրանում են դեպի Միջինարաքսյան իջվածքը։ Լանջերի ստորին մասերում զարգացած է բեդլենդը։ Արփա և Նախիջևան գետերի վտակները լեռնաշղթայի լանջերին առաջացրել են ջրհավաք ձագարներ և էրոզիոն գոգավորություններ, որոնց մեջ աչքի է ընկնում հարավային լանջին զարգացած Զահուկի կրկեսաձև գոգավորությունը։ Արևելյան մասում կան սառցապատման հետքեր (կառեր, մորեններ)։

Բարձրալեռնային գոտում արտահայտված է սառնամանիքային հողմահարումը, 2200—2250 մ վրա շատ են քարացրոնները։ Կան ժայռային մնացուկներ, քարափներ ու դարափուլեր։ Լանջերը ծածկված են տափաստաններով, տեղ-տեղ՝ տրագանտային թփուտներով, գագաթային մասը՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններով։

  • Զանգեզուրի լեռնաշղթա

Զանգեզուրի լեռնաշղթան ձգվում է միջօրեականի ուղղությամբ: Սկսվում է Հարավային Ծարասարից և ձգվում մինչև Արաքսի կիրճ: Երկարությունը՝ շուրջ 160 կմ: Ջրբաժան է Որոտան և Արփա գետերի միջև: Զանգեզուրի լեռների կատարային մասում են գտնվում Գազանալիճ, Կապուտան, Ծակքար, Կապտաչ և Խուրջին լճերը: Լեռների հարավ-արևմտյան լանջերից են սկիզբ առնում Արաքսի ձախ՝ Ողջի և Մեղրի վտակները, ինչպես նաև բազմաթիվ այլ գետեր: Ամենաբարձր կետը՝ Կապուտջուղ լեռն է (3906 մ), Հայաստանի Հանրապետության բարձրությամբ երկրորդն է՝ Արագածից հետո:

Առավել բարձր լեռնագագաթներն են՝ Նահապետ (3376 մ), Երնջակ (3368 մ), Շահապոնք (3204 մ), Աղոթարան (3162 մ), Գողթան (3146 մ), Այրիսար (3126 մ), Սիսկատար (3093 մ): Բարձրլեռնային գոտուն բնորոշ են ռելիեֆի ձնասառցադաշտային ձևերը: Մեղրի, Ողջի, Քաջարանց, Գեղի և այլ գետերի ակունքներում կան պլեյստոցենյան սառցապատումների հետքեր՝ կառեր ու սառցադաշտային հովիտներ, որոնց մի մասը լցվել է ջրով: Առաջացել են լճեր: Ձևավորվել են լեռնատափաստանային, լեռնաանտառային (կաղնի, բոխի), ալպյան և ձնամերձ լանդշաֆտներ: Հանդիպում են բեզոարյան այծ, վայրի ոչխար, վարազ, արջ: Հարուստ է թռչնաշխարհը:

  • Գնդասարի լեռներ

Գնդասարի լեռները ձգվում են Վարդենիսի լեռների արևմտյան հատվածից՝ Գնդասար գագաթից, մինչև Վարդենյաց լեռնանցքը։ Ամենաբարձր լեռը Մկնասարն է՝ 2947 մ, երկարությունը 16 կմ։ Հարավային լանջերը զառիթափ են։ Լանջերին տարածվում են լեռնամարգագետնային տափաստաններ։

  • Թեքսարի լեռներ

Թեքսարի լեռնաշղթան գտնվում է Վայոց Ձորի մարզում, կազմում է Արփա գետի և նրա աջ վտակ Եղեգիսի ջրբաժանը: Սկսվում է Վարդենիսի լեռների Սանդուխտասար գագաթից և դեպի հարավ-արևմուտք ձգվելով հասնում մինչև Շատին գյուղը: Երկարությունը` շուրջ 20 կմ է: Ամենաբարձր գագաթը Սեմասարն է (3385 մ), Արփա գետի վերնագավառում, Գետիկվանք գյուղից 7 կմ հյուսիս արլևելք: Բարձր գագաթներից են նաև Ճաղատսարը՝ 3334 մ,  Շեկսարը՝ 3149 մ, Թեքսարը՝ 2898 մ, Գայլեձորը՝ 2762 մ:

Նյութի աղբյուրներ 1, 2, 3, 4

Լեռնագագաթներ

Ամուլսար

Ամուլսար լեռնագագաթը գտնվում է  Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային հատվածում, Սարավան գյուղից 5,5 կմ արևելք։ Բարձրությունը 2987 մ է։ Կազմված է օլիգոցեն-միոցենի ապարներից։ Լանջերին կան սողանքներ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։

Լեռն ընդգրկված է համանուն ոսկու հանքավայրի տարածքում, որը ցանկանում է շահագործել Լիդիան Արմենիա ընկերությունը (ավելի մանրամասն տվյալ թեմայի վերաբերյան կարող եք ծանոթանալ անցնելով ստորև նշված հղումներով)։

Նյութի աղբյուր 1

Քայլարշավային երթուղի

Իմ գրած նյութերը Ամուլսարի վերաբերյան

Ամուլսարի հանքի շահագործման տնտեսական և էկոլոգիական հետևանքները

Իրավական կարծիք /համեմատական վերլուծություն/ Ամուլսարի ոսկեբեր քվարցների հանքավայրի շահագործման վերաբերյալ

Վայոցսար

Վայոցսար լեռը՝ 2581 մ, գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Հերհեր գյուղից հյուսիս-արևմուտք: Լայնանիստ լեռնային դաշտի վրա այն բարձրանում է կոնաձև: Ունի հատած կոնի տեսք և մոտ 125 մ խորությամբ խառնարան:

  • Վայոցսարի վերջին ժայթքումը

Ըստ պատմական տվյալների Վայոցսարի վերջին ժայթքումը եղել է 735 թվականին: Հրաբխի հետ նաև հզոր, ավերիչ երկրաշարժ է եղել:

Թանձր խավարը քառասուն օր պատեց ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն եղավ: Ահեղ տատանումներով ցնցվում էր գետինը՝ խորքերից մինչև մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փլչում էր: Լեռները տապալվում էին, քարաժայռերը՝ հիմքից խախտվում, տներն ու ապարանքները դառնում էին բնակիչների գերեզմանները: Աղբյուրները խափանվում էին, գետերը՝ կորչում: Բոլոր տեղերը անսահման երերում էին: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային լեզվի ձայներ «Վայ ձոր, վայ ձոր:»

Ապա քառասուն օր հետո դադարեց Աստծու բարկությունը:

Այս հանգամանքից ահա երկիրը կոչվեց Վայոց ձոր, ասում է Օրբելյանը: Հենց այս հրաբուխն է իբր ծածկել Մոզ քաղաքը: Օրբելյան եպիսկոպոսի այս ստուգաբանությունը իրականությանը չի համապատասխանում: Պատկառելի եպիսկոպոսը, իբրև պատմագիր, չի կարողացել նկատի ունենալ այն ստույգ հանգամանքը, որ Մոզի թշվառությունից առաջ ևս Վայոց ձոր անունը կար և հիշվում է մեր մյուս պատմաբանների աշխատությունների մեջ: Մտաբերենք Մովսես Խորենացուն, որ 841 տարով Օրբելյանից և 242 տարով սոսկալի անցքից առաջ էր, նա ևս հիշում է Վայոց Ձորի անունը: Եղիշե վարդապետը, որ նույնպես առաջ էր այդ անցքից, նույնպես հիշատակում է Վայոց Ձոր անունը:

(Քաջբերունի, Ճանապարհորդական նկատողություններ)

Սակայն երկրաբանական տվյալները խոսում են այն բանի մասին, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում հրաբուխներ գործել են հազարամյակներ առաջ:

  • Վայոցսարը չի՛ համարվում գործող հրաբուխ

Հայկական լեռնաշխարհում կա երկու հրաբուխ, որոնք համարվում են գործող: Խոսքը Նեմրութի և Թոնդրակի մասին է: Ընդհանրապես կա մի այսպիսի օրինաչափություն, հրաբուխը համարվում է գործող եթե պատմության մեջ հիշատակվում է, այսինքն մարդը տեսել է նրա գործելը: Այս օրինաչափությանը հետևելով և հիմնվելով պատմական աղբյուրների վրա փաստորեն կարող ենք ասել, որ Վայոցսարն էլ գործող հրաբուխ է: Սակայն հարց է ծագում որքանով են այդ տվյալները հավաստի: Երկրաբաններն այլ բան են պնդում: Հայաստանի Հանրապետության տարածքում միգուցե ամենաերիտասարդ հրաբուխը Վայոցսարն է, բայց նրա վերջին ժայթքումը եղել է մոտ 40 000 տարի առաջ:

  • Վայոցսար հրաբխի այլ անվանումները

Վայոցսարը Ջալալյանի գրքի մեջ հիշատակվում է նաև Գագաթածակ անունով: Թուրքերի ու թաթարների ներխուժումով Հայաստան, ինչպես շատ աշխարհագրական անուններ այնպես էլ Վայոցսարը սկսվեց շրջանառվել օտար՝ Դալիկ թափա անվամբ, որ նշանակում է գիժ սար: Հերհեր գյուղի բնակիչներն մինչ օրս հավատում են, որ սարի գագաթին եթե քար բարձրացնես անձրև կգա:

Նյութի աղբյուրը 1

Քայլարշավային երթուղի

Պահակասար

Պահակասար լեռը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Թեքսարի լեռնաշղթայում։ Լեռնագագաթը Վարդենիսի լեռնաշղթայի հարավային ճյուղավորությունից է, Հերհեր գյուղից 2 կմ հարավ-արևելք։ Լեռան բարձրությունը ծովի մակարդակից 2004 մ է։

Լեռն աչքի է ընկնում Վայոց Ձորին հատուկ ռելիեֆով․ ստորոտն ու լանջերը համեմատաբար հարթ են և հեշտ հաղաթահարելի, իսկ գագաթն ուշագրավ է իր կարմրավուն ժայռե գլխարկով։

Պահակասարն անտառապատ չէ, սակայն այստեղ աճում են բազմատեսակ ուտելի ու առողջարար բույսեր և դեղաբույսեր, ինչպիսիք են, օրինակ՝ բոխին, ուրցը, սիբեխը, սինդրիկը և  այլն։ Ավելի քարքարոտ հատվածներում աճում է նաև մասրենի։

  • Ավանդություն

Լեռան անվան առաջացման հետ կապված կա ավանդություն, ըստ որի, լեզգիների ներխուժման ժամանակ այս լեռան մոտ հերթափոխով մարդիկ են պահակ կանգնել։ Թշնամու կողմից շարժ տեսնելու դեպքում շտապ իմաց են տվել գյուղացիներին, և վերջիններս զինված բարձրացել են սարը։ Մի գիշեր էլ պահակներից մեկը թաքուն սպանվում է լեզգիների ձեռքով։ Այդ դեպքից հետո լեռը կոչել են Պահակասար։

Լեզգին էթնիկ խումբ է, որն ապրում է գերակշռությամբ հարավային Դաղստանում և հյուսիսարևելյան Ադրբեջանում։ 

Պահակասար լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի ողջ Վայոց Ձորի համայնապատկերը՝ Թեքսարի լեռները, Ամուլսարը, Հերհերի ջրամբարը։

Նյութի աղբյուրը 1

Քայլարշավային երթուղի

Սևաժայռ

 Սևաժայռ լեռը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Արփայի աջակողմյան վտակ՝ Եղեգիս գետի վերին հոսանքի աջ կողմում: Ունի 2727մ բացարձակ և 600մ հարաբերական բարձրություն:

Սևաժայռ լեռն ունի Վայոց Ձորի մարզին հատուկ ռելիեֆ. գագաթում՝ ժայռերի, իսկ մինչ գագաթը՝ համեմատաբար հարթ լանջեր: Ժայռային հատվածներում քարերը բավականին անկայուն են, լինում են նաև քարաթափություններ, ինչի հաշվին լեռան վերելքը որոշակի հատվածներում շատ վտանգավոր կարող է լինել:

Նյութի աղբյուրը 1

Գոգին

Գոգի լեռնագագաթը գտնվում է Վայոց ձորի մարզի և Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի սահմանագլխին, Կուքի գյուղից 6 կմ հյուսիս-արևմուտք, Վայքի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթն է (3120 մ)։ Կազմված է նեոգենի հրաբխածին ապարներից։ Կան սողանքներ, սողանքային լիճ, վյուրմի սառցապատման հետքեր։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է։ Մարտիրոս գյուղից 6,5 կմ հարավ-արևելք։ Լանջերը պատած են ալպյան հարուստ բուսականությամբ ջրառատ։

Նյութի աղբյուր 1

Սմբատաբերդ

Ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա: Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և  այդ մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին:

Նյութի աղբյուրը 1

Քայլարշավային երթուղի

Թեքսար

Թեքսարը լեռնագագաթ է Վայոց ձորի մարզում, Թեքսարի լեռներում, Վերնաշեն գյուղից 5,5 կմ հյուսիս–արևելք։ Բարձրությունը 2898 մ է։ Հնարավոր է նույնացնել հնում հիշատակվող Սրկղունիք լեռան հետ։

Նյութի աղբյուր 1

Քայլարշավային երթուղի

Քայլարշավային երթուղիներ

Սմբատաբերդ-Ցախած Քար-Եղեգիս

Սմբատաբերդ-Ցախած Քար

Կարմրաշեն — Հերհեր

Հերհեր — Գնդեվանք — Գնդեվազ

Քայլարշավային և հեծանվային երթուղիներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s