
ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախին, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզին։ Տրանսպորտաաշխարհագրական դիրքը, ի տարբերություն Հայաստանի այլ մարզերի, անբարենպաստ է։ Գլխավոր ճանապարհներն են՝ Ճամբարակ-Բերդ, Մարտունի-Եղեգնաձոր և Երևան-Սևան-Սոթք երկաթուղին։
Գեղարքունիքն ամենախոշոր մարզն է ըստ տարածքի և զբաղեցնում է ՀՀ տարածքի 18%-ը: Մարզն իր մեջ ներառում է 5 քաղաք` Գավառը (մարզկենտրոն), Ճամբարակը, Մարտունին, Սևանն ու Վարդենիսը, և 87 գյուղական բնակավայրեր:
Տարածքում շատ են հրաբխային կոները, որոնցից հայտնի են հատկապես Արմաղանն ու Աժդահակը, որոնց խառնարաններում գտնվում են համանուն լճերը։ Գլխավոր լեռնաշղթաներն են Փամբակի, Գեղամա, Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի և Վարդենիսի լեռները։
Լեռնաշղթաներ
Գեղամա լեռնաշղթա
Գեղամա լեռներ, հրաբխային լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի սահմանագլխին, ձգվում են Սևանա և Արարատյան գոգավորությունների միջև՝ Հրազդան գետի վերին հոսանքից սկսած գրեթե միջօրեականի ուղղությամբ մինչև Վարդենիսի լեռների արևմտյան ծայրամասը, որին հանգուցվում են Գնդասար գագաթում։ Երկարությունը՝ շուրջ 70 կմ։ Առավելագույն բարձրությունը՝ 3597 մ (Աժդահակ լեռ)։
Օգտագործված հղումներ 1
Փամբակի լեռներ
Լեռնաշղթա Հայաստանի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Ձգվում է Շիրակի սարահարթի հյուսիսարևելյան եզրից մինչև Սևանա թերակղզի՝ 100 կմ-ից ավելի։ Ջրբաժան է Կուր և Արաքս գետերի ավազանների միջև։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելյան ուղղությամբ, Զաջուռի լեռնանցքից մինչև Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափը։ Երկարությունը մոտ 106 կմ Է, լայնությունը՝ 15 կմ, առավելագույն բարձրությունը՝ 3101 մ (Թեժլեռ)։
Բարձր լեռնային գոտին (2600–2700 մ բարձրությամբ) կղզիացած լեռնագագաթների շարք է, որին բնորոշ են սառնամանիքային ու ծանրահակային պրոցեսները։ Լեռնագագաթները գմբեթանման են, կլորավուն և ունեն 200-300 մ հարաբերական բարձրություն։ Լեռնաշղթայից են ռանձնանում Ծաղկունյաց և Արջանոցի լեռնաշղթաները։ Լեռնագագաթներից նշանավոր են Թեժլեռը, Ձիթհանիցը (Մայմեխ 3081 մ), լեռնանցքներից՝ Փամբակի լեռնանցքը (2152 մ)։ Կլիման բարեխառն է, կարճատև ամառներով և ցուրտ ձմեռներով։ Լանդշաֆտներն արտահայտված են բարձունքային գոտիականությամբ։ Լեռնաշղթայի լանջերը ծածկված են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսականությամբ։ Հյուսիսային լանջերին կան անտառներ։
Օգտագործված հղումներ 1
Արեգունի լեռնաշղթա
Արեգունու լեռնաշղթան Գեղարքունիքի և Տավուշի մարզերում Փամբակի լեռների հարավարևելյան շարունակությունն է՝ սկսվում են Քաշաթաղ գագաթից, հս-արմ ուղղությամբ ձգվում դեպի Պուտաքար գագաթը, ապա թեքվում հվ-արմ մինչև Ջրավետ գագաթը, որտեղից փոխելով ուղղությունը դեպի հս-արմ, հասնում են մինչև Սևանի լեռնանցքը։ Երկարությունը 65 կմ։ Ջրբաժան են Սևանի գոգավորության և Գետիկի հովտի միջև, եզերում է Սևանա լիճը հյուսիսարևելյան կողմից։ Ամենաբարձր գագաթը Պուտաքար լեռն է՝ 2744 մետր բարձրությամբ։ Լեռնաշղթայի արևելյան հատվածում է Ճամբարակի լեռնանցքը 2072 մ բարձրությամբ։ Հյուսիս-արևելյան լանջերի մի զգալի հատվածը անտառապատ է։ Լեռնաշղթան կտրտող խոշոր հովիտներից են Դրախտիկ ու Բարեբեր գետերի հովիտները ու ևս մի խոշոր գետահովիտ հյուսիսարևմտյան հատվածում։ Լեռնաշղթայի զգալի հատվածներ մտնում են Դիլիջան և Սևան ազգային պարկերի մեջ։
Օգտագործված հղումներ 1
Սևանի լեռնաշղթա
Սևանի լեռնաշղթան գտնվում է Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի սահմանագլխին։ Ձգվում է Քաշաթաղ լեռնագագաթից դեպի հարավ-արևելք մինչև Արևելյան Սևանի լեռները։ Ամենաբարձր գագաթը 3319 մ բարձրություն ունեցող Սատանախաչ լեռն է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Հայաստանի տարածքում լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Փերեզակ լեռն է, որն ունի 3290 մ բարձրություն։ Լեռնաշղթայի երկարությունը շուրջ 50 կմ է։
Օգտագործված հղումներ 1
Արևելյան Սևանի լեռնաշղթա
Արևելյան Սևանի լեռնաշղթան գտնվում է Գեղարքունիքի մարզի և Արցախի սահմանագլխին, Փոքր Կովկասի լեռնաճյուղը Սևանա լճի և Թարթառ գետի վերին հոսանքի միջև։ Սևանի լեռներից հարավ-արևմուտք ուղղությամբ ձգվում է մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը շուրջ 40 կմ երկարությամբ։ Առավելագույն բարձրությունը 3441 մ է։Կազմված է կավճի, պալեոգենի և միոցենի հրաբխային ապարներից։ Կան ոսկու պաշարներ (Զոդի ոսկու հանքավայր)։ Արևելյան լանջերին հանդիպում են անտառներ, արևմտյան լանջերին տափաստանային բուսականություն է։ Արևելյան Սևանի լեռնաշղթայում է Սոթքի լեռնանցքը։
Օգտագործված հղումներ 1
Վարդենիսի լեռնաշղթա
Վարդենիսի լեռնաշղթան գտնվում է Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի և Արցախի Հանրապետության սահամանագլխին, Սևանի ավազանի հարավային եզրին։ Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդենիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն։ Հյուսիսային լանջերը մեղմաթեք ձուլվում են Սևանա լճի հարավային եզրին։ 3200-3300 մ բարձրության վրա կան հրաբխային կոներ։ Լեռնաշղթայի տարածքում են գտնվում Վարդենյաց լեռնանցքը և Արփա–Սևան ջրատար թունելը։ Վարդենիսի լեռները թուրքերի կողմից կոչվել են Ալազյոլլու, Գյոզալդարա, Հարավային Գյոգչա անուններով։
Օգտագործված հղումներ 1
Լեռնագագաթներ
• Արմաղան
Արմաղանը հանգած հրաբխային լեռնագագաթ է Գեղամա լեռնավահանի հարավ-արևելյան լանջին, գտնվում է ՝ Գեղարքունիքի մարզում։ Լեռը կոնաձև է, բարձրությունը՝ 2829 մ (հարաբեր.՝ 600 մ)։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ փոքր լիճ։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որը մասամբ լցված է ջրով։ Կազմված է անթրոպոգենի անդեզիմից, ավազից ու մոխրից: Լանդշաֆտը լեռնամարգագետնային, մերձալպյան է։ Փոքրիկ լճակը շրջապատված է ալպիական բուսածածկով։
Ավանդույթի համաձայն Գեղամա լեռների ամենանշանավոր ուխտատեղին Արմաղանն է: Վարդավառին Արմաղանի խառնարանային լճում լողալու էին գնում բազմաթիվ մարդիկ, լոգանքից զերծ չէին մնում նաև անասունները:
2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։
Արմաղանի հետ կապված մի գեղեցիկ ավանդապատում կա։ Ասում են, թե երկնային փերիները երբեմն իջնում են լճից ջուր խմելու, և այդ ժամանակ լեռը մառախուղով է պատվում, որպեսզի ոչ-ոք նրանց չնկատի։
Իմ կազմած ճամփորդությունը դեպի Արմաղան
• Արտանիշ
Արտանիշ լեռնագագաթը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին։ Բարձրությունը՝ 2461 մ (հարաբերական բարձրությունը՝ մոտ 560 մ)։
Արտանիշ լեռը ձմեռային լեռնագնացության համար շատ հարմար տարբերակ է, քանի որ բարձրությունը մեծ չէ, իսկ բացվող տեսարանը հիասքանչ: Լեռան գագաթը միակ վայրն է որտեղից լավ երևում է Մեծ և Փոքր Սևանների հատման հատվածը:
Վերելքը սովորաբար սկսում են Շորժայի մոտակայքից` ծովի մակերևույթից 1920 մ բարձրությունից, բարձրանում են մոտ 540 մետր:
Արտանիշ թերակղզի
Գտնվում է Սևանա լճի հյուսիսային ափին՝ Արտանիշի և Շորժայի ծոցերի միջև:
Սևանի լեռնաշղթայից բաժանված է ջրաբերուկային հարթությամբ: Ափերին կան լճային դարավանդների հետքեր: Կլիման չափավոր ցուրտ և խոնավ է, լանդշաֆտը՝ լեռնատափաստանային, մասամբ՝ անտառաթփուտային:
• Կենացբլուր

Լեռնագագաթը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Կալավան գյուղից 4 կմ հվ.-արլ.: Լեռան հվ.արլ. լանջից է սկիզբ առնում Գետիկի ձախ՝ Կարմրաջուր վտակը: Լանջերը ժայռոտ են, ծածկված մարգագետնային խոտածածկով, նոսր անտառներով, իսկ հս. լանջը սաղարթավոր ծառերով: Լեռը հարուստ է սառնորակ աղբյուրներով:
Օգտագործված հղումներ 1
• Աստղոնք
Աստղոնք լեռնագագաթը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի լեռների կենտրոնական մասում, Աստղաձոր գետի վերնագավառում։ Բարձրությունը 3470 մ է։