Կախված ապրանքատեսակից առանձնացնում են մարքեթինգի հետևյալ տեսակները՝
1․ արտադրա-տեխնիկական նշանակության ապրանքների մարքեթինգ,
2․ սպառողական ապրանքների մարքեթինգ,
3․ ծառայությունների մարքեթինգ։
Պահանջարկի տեսանկյունից, առանձնացնում են մարքեթինգի 8 տեսակներ, դրանք են՝
- Փոխարկելի մարքեթինգ — Երբ պահանջարկը բացասական է (երբ պոտենցիալ գնորդների մեծամասնությունը չի ընդունում տվյալ ապրանքը կամ ծառայությունը։ Այս դեպքում անհրաժեշտ է պահանջարկը բարձրացնող մարքեթինգային պլանի մշակում),
- Խթանող մարքեթինգ — երբ կան որոշակի ապրանքներ կամ ծառայություններ, սակայն չկա պահանջարկ սպառողների անտարբերության պատճառով։ Այս դեպքում անհրաժեշտ է բացահայտել անտարբերության պատճառները և սահմանել գործողություններ դրա հաղթահարման համար։
- Զարգացնող մարքեթինգ — կապված է պահանջարկի ձևավորման հետ։ Կիրառվում է պոտենցիալ պահանջարկի դեպքում (կա սպառողական պահանջարկ ինչ-որ ապրանքի նկատմամբ, որը դեռս չկա կոնկրետ ապրանքի տեսքով)։ Այս դեպքում պոտենցիալ պահանջարկը պետք է վերածել իրականի։
- Ռեմարքեթինգ — կապված է ապրանքների նկատմամբ պահանջարկի նվազման և ապրանքի կենսացիկլի որոշակի փուլի հետ։ Սրա նպատակն է պահանջարկի վերաստեղծում (օրինակ՝ ապրանքին տալ նոր շուկայական հատկություններ),
- Սինխրոմարքեթինգ — կիրառվում է տատանվող պահանջարկի դեպքում, իրացման կայունացման համար,
- Սատարող մարքեթինգ — կիրառվում է այն դեպքում, երբ պահանջարկի մակարդակն ու կառուցվածքը լիովին համապատասխանում է առաջարկի մակարդակին ու կառուցվածքին։ Իրականացվում է գնային քաղաքականության ճշգրտում, գովազդային աշխատանքներ և այլն,
- Դեմարքեթինգ — կիրառվում է այն դեպքերում, երբ պահանջարկը նշանակալիորեն գերազանցում է առաջարկին։ Այս դեպքում իրականացվում է գների բարձրացում, գովազդի կրճատում և այլն, որպեսզի գնորդները չկարծեն, թե ֆիրման չի կարող բավարարել նրանց պահանջմունքները։ Միևնույն ժամանակ իրականացվում են բարձր պահանջարկ ունեցող ապրանքների արտադրության ծավալների մեծացում,
- Հակազդող մարքեթինգ — կիրառվում է անցանկալի կամ վնասող ապրանքների պահանջարկի իջեցման նպատակով (օրինակ խմիչքների, ծխախոտի, կամ ապրանքներ, որոնք ինչ որ ձևով վնասում են ֆիրմային համբավին)։