
Հանքավանը բալնեոկլիմայական առողջավայր է, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Երևանից 85 կմ դեպի հյուսիս, Մարմարիկ գետի կիրճում: Հանքավանը գյուղի կարգավիճակ ունեցող փոքրիկ առողջարանային բնակավայր է և համարվում է Հայաստանի էկոլոգիապես մաքուր տարածքներից մեկը, ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ: Դրախտակերպ այս վայրը գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա։ Հանքավան գյուղը շրջապատում են քարքարոտ լեռները, որոնց լանջերը ծածկված են անտառներով, թփուտներով, զմրուխտանման դաշտերով:
Հանքավանի շրջակա տարածքում պահպանվել են՝ Հայաստանի հնագույն մշակույթի անբաժանելի մաս կազմող 11-12-րդ դարերի խաչքարեր, դամբարանադաշտեր, իսկ բուն Հանքավան բնակավայրում կա հունական եկեղեցի՝ հիմնված 19-րդ դարում:
Հանքավան գյուղ տանող ճանապարհին է գտնվում հայտնի ջրամբարը: Այս ջրառատ ջրամբարն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները դառնալու ձկնորսության ու հանգստի գոտի: Հանքավանը հայտնի է իր տաք ջրերով, որոնց բուժիչ հատկությունները գրավում են բնության և հանգստի սիրահարներին։

Առողջարան և բուժումներ
Բուժիչ հիմնական միջոցներն են՝ լեռնային կլիման և «Հանքավան» հանքային ջուրը։ Հանքավանում գործում է «Հանքավան» առողջարանը (512 տեղանոց), ուր կիրառվում է ֆիզիոթերապիայի և բալնեոթերապիայի ժամանակակից բոլոր մեթոդները, մանկական առողջարանը, պանսիոնատները, հանքային ջրերի շշալցման գործարանը։ Բուժվում են ստամոքսաղիքային հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։ Հանքավանի բուժիչ միջոցների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններով զբաղվել են Ս. Միրզոյանը, Ռ. Գրիգորյանը, Ջ. Շմավոնյանը, Բ. Վարդազարյանը, Ա. Մաշուրը, Է. Մինասյանը, Լ. Թումանյանը և ուրիշներ։