
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում է գտնվում եզրային ծալքաբեկորավոր լեռների և հրաբխային միջնաշխարհի մի հատվածը՝ 29743 կմ² տարածքով, որի 2%-ն ունի մինչև 800 մ բարձրություն, շուրջ 60%-ը՝ մինչև 2000 մ, 38%-ը 2000 մետրից բարձր է և անբարենպաստ՝ տնտեսական գործունեության համար։ Մեծ են բացարձակ բարձրությունների տարբերությունները, ամենաբարձրը՝ քառագագաթ Արագածն է՝ 4090 մ, ամենացածրը ՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանում՝ 375 մ։ Հայաստանի Հանրապետության տարածքի 18%-ը հարթավայրեր են, 80%-ը՝ լեռներ։ ՀՀ տարածքի միջին բարձրությունը 1830 մ է։ Բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի մեծ բազմազանությունից ելնելով՝ տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր։
Հյուսիսային և հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ
Հյուսիսային և հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը Փոքր Կովկասի կենտրոնական հատվածն է, ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ Ծայր հյուսիսում Վիրահայոց լեռնաշղթան է, որից հարավ, գրեթե զուգահեռականի ուղղությամբ, ձգվում են Բազումի, Հալաբի լեռնաշղթաները, վերջինիս շարունակությունը դեպի հս.՝ Դեբեդ և Աղստև գետերի միջև Տ-աձև ձգվող Գուգարաց լեռնաշղթան է՝ Սևորդյաց, Իջևանի, Ոսկեպար, Մթնասար լեռնաճյուղերով։ Բազումի լեռնաշղթային զուգահեռ, Ջաջուռի լեռնանցքից մինչև Սևանի լեռնանցք, ձգվում է Փամբակի լեռնաշղթան, որից հվ-արլ. ճյուղավորվում է Ծաղկունյաց լեռնաշղթան, նրա հարևանությամբ անտառային բնության գրկում Ծաղկաձոր ամառանոցային քաղաքն է։ Սևանա լճի հս-արլ. ափի երկայնքով տարածվում է Արեգունու լեռնաշղթան, որին հաջորդում է Սևանի լեռնաշղթան, ապա հվ-արլ. ուղղությամբ՝ Արևելյան Սևանի լեռնաշղթան։ ՀՀ հս-արմ-ում՝ Ախուրյանի հովտից մինչև Փամբակի հովիտը, Շիրակի լեռնաշղթան է, որը Բազումի, Փամբակի, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների հետ կազմում է ընդհանուր ջրբաժան՝ լեռնագրական միավոր՝ 310 /^երկարությամբ։ Այս խոշոր ջրբաժանը ֆիգիկաաշխարհագրական սահման է Արաքսի ավազանի չոր ցամաքային և Կուրի ավազանի համեմատաբար խոնավ լանդշաֆտային համալիրների միջև։ Արեգունու լեռնաշղթայից Գետիկի հովտով բաժանվում է Միափորի լեռնաշղթան, որից ճյուղավորվում են Կենաց, Հախումի, Տավուշի, Խնձորուտի ոչ բարձր լեռնաշղթաները, որոնք ջրբաժան են համանուն գետերի և Աղստևի միջև։
Հրաբխային լեռնազանգվածներ
Հրաբխային լեռնազանգվածների ու սարավանդների մարզը ՀՀ տարածքի մոտ 45%-ն է. սկսվում է հս-արմ-ից՝ Եղնախաղի և Ջավախքի լեռնաշղթաներով, ձգվում հվ., ապա հվ-արլ.՝ ընդգրկելով Արագած և Արայի լեռ լեռնազանգվածները, Գեղամա լեռնավահանը, Վարդենիսի լեռնաշղթան, Սյունիքի բարձրավանդակը։ Մարզը բնութագրվում է լավային սարավանդներով, բազմաթիվ հրաբխային կոներով, թույլ մակերևութային հոսքով։ Հրաբխային ռելիեֆի կարևոր ձևերից են արտաժայթուք կոները՝ առանց խառնարանի հրաբուխները, թթվային լավան, դուրս մղվելով, կուտակվել է երկրի մակերևույթին՝ առաջացնելով զառիթափ լանջերով կոներ կամ լեռնազանգվածներ. այն լավ արտահայտված է Ապիտակասար, Վարդենիս, Մեծ Իշխանասար լեռնագագաթներում։ Ծագումնաբանական տեսակետից այս մարզը խիստ տարբերվում է ՀՀ ծալքաբեկորավոր լեռների համակարգից։ Տիրապետում են խիստ ծակոտկեն ու ճեղքավորված ջրաթափանց ապարները, և անգամ տեղատարափ անձրևների դեպքում մակերևութային հոսք հազվադեպ է ձևավորվում։
Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ
Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզն ունի խիստ մասնատված մակերևոցթ, խոր հովիտներ ու կիրճեր, սրակատար լեռնագագաթներ։ Ամենախոշոր լեռնագրական միավորը Զանգեզուրի լեռնային համակարգն է՝ Վայքի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաներով և նրանց բազմաթիվ լեռնաճյուղերով, առանձին լեռնագրական միավոր է Խուստուփ-Կատարի աղեղնաձև լեռնաշղթան։
Միջլեռնային իջվածքների ու գոգավորություններ
Միջլեռնային իջվածքների ու գոգավորությունների մարզ, լեռնաշղթաների միջև տարածվում են միջլեռնային գոգավորությունները, որոնց հատակի հարթ տեղանքը հայ ժողովուրդը ավանդաբար դաշտ է անվանել։ Առավել խոշոր միավորը Արարատյան գոգավորությունն է. վերջինիս հատակում Արարատյան դաշտն է՝ ծածկված անթրոպոգենի հզոր՝ մինչև 500 ւ/հաստության լճագետային նստվածքներով։ ՀՀ արլ-ում Սևանի գոգավորությունն է. հատակում՝ Սևանա լիճը։ Նշանավոր են նաև Լոռու, Շիրակի, Ապարանի, Մասրիկի դաշտերը։
Լոռու դաշտում գետի քայքայիչ աշխատանքի հետևանքով գոյացել է գեղատեսիլ Դեբեդի հովիտը, որը թողնում է երկհարկանի հովտի տպավորություն (առավել խորությունը՝ 350 մ)։ Այստեղ ամենուրեք խոր կիրճեր են, դարավանդներ, ժայռեր ու կատարներ, բլուրներ՝ ծածկված սաղարթախիտ անտառներով, ծաղկավետ մարգագետիններով։ Ձորի հատակին ոլորապտույտ Դեբեդն է։