
Մարզպետները օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում են հետևյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն և հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնության և շրջակա միջավայրի պահպանություն, առևտուր, հանրային սնունդ և սպասարկում: Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետներն իրականացնում են մարզպետարանների աշխատակազմերի, մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով: Մարզպետները համակարգում են ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից: Մարզպետի պաշտոնը հայեցողական է: Մարզպետները հաշվետու և պատասխանատու են կառավարության առջև:
ՀՀ տարածքը բաժանված է տասը մարզի և Երևան քաղաքի, որը ղեկավարվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով: ՀՀ մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ իրավական ակտերով: Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
- Արագածոտնի մարզ, մարզկենտրոնը` Աշտարակ
- Արարատի մարզ, մարզկենտրոնը` Արտաշատ
- Արմավիրի մարզ, մարզկենտրոնը` Արմավիր
- Գեղարքունիքի մարզ, մարզկենտրոնը` Գավառ
- Լոռու մարզ, մարզկենտրոնը` Վանաձոր
- Կոտայքի մարզ, մարզկենտրոնը` Հրազդան
- Շիրակի մարզ, մարզկենտրոնը` Գյումրի
- Սյունիքի մարզ, մարզկենտրոնը` Կապան
- Վայոց ձորի մարզ, մարզկենտրոնը` Եղեգնաձոր
- Տավուշի մարզ, մարզկենտրոնը` Իջևան