Եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարվող պետական հարկ է։ Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
Ընդ որում, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք, եկամտային հարկ վճարողներ են համարվում միայն անձնական եկամուտների մասով:
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։
Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք, վերը նշված կարգավորումներին համապատասխան, չեն հանդիսանում ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝
- ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից կամ ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների,
- ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող և կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների:
Եկամտային հարկով հարկման բազա է համարվում՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես համախառն եկամտի և նվազեցվող եկամուտների դրական տարբերություն։
Ֆիզիկական անձը եկամտային հարկը վճարում է.
- եկամուտը վճարող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի միջոցով, որոնք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին օրենքով սահմանված եկամուտներ վճարելիս (հաշվարկելիս)՝ յուրաքանչյուր վճարման (հաշվարկման) դեպքում, կրում են եկամտային հարկը հաշվարկելու, պահելու և բյուջե փոխանցելու պարտավորություն,
- ինքնուրույնաբար՝ եթե ֆիզիկական անձի ստացած եկամուտները չեն հարկվել հարկային գործակալների միջոցով: