Պատմական անցյալի հետքերով (քրիստոնեությունից դեպի հեթանոսություն)

on

Նախագծի հղումը

Այսօր տեղի ունեցավ մեր «Հէվք» արշավախմբային կայանի առաջին ճանապարհորդությունը (այո՛, այո՛, կարող եք շնորհավորել)։ Ուղևորվեցինք դեպի Արագածոտնի մարզ, ուսումնասիրեցինք տեղանքը, ծանոթացանք պատմամշակութային կառույցներին (իրականում «բերանս բաց» էր մնացել կառույցների գեղեցկությունից)։

Առաջին կանգառն ունեցանք Ագարակ գյուղում, որտեղ էլ իմացանք, որ տվյալ տարածքում՝ բրոնզեդարյան ժամանակաշրջանում ժայռեր են եղել, որոնք «կտրել» են տարածքը հարթեցնելու և բնակելի դարձնելու համար։ Նաև այնտեղ կար հին բրոնզեդարյան ուրարտական դամբարան, որտեղի բնակիչը մի չղջիկ էր. նա մեզ սուրճ հյուրասիրեց, խորոված էլ էր ուզում, բայց ցավոք շտապում էինք, հրաժարվեցինք։ Հետո գնացինք Ամբերդ գետի մոտ, որտեղ Անահիտի միտքը փայլատակեց (ինչպես միշտ) ու առաջարկեց, որ այս տարվա Վարդավառը նշենք գետի ափին։

Հաջորդ կանգառը եղավ խաչքարի մոտ, որը դրվել է (խաչքարը դրվել է 1995 թվականին) ի հիշատակ Պետրոս Ականատեսի տեսիլքի (տեսիլքը տեսել է 1975 թվին), ըստ որի երկնքից երկու հրեշտակ էին իջնում և Հայաստանն ազատագրում էին սելջուկների 140-ամյա տիրապետությունից։

Իսկ հետո ուղևորվեցինք Արուճի վանքային համալիր, որը կոչվում է Սուրբ Գրիգոր եկեղեցի։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Չեմ կարողանում բառերով նկարագրել թե ինչ զգացողություններ ունեցա տաճար մտնելուց… կարծես հոգևոր ու լուսավոր, բայց միևնույն ժամանակ մռայլ կառույց լիներ, գլխավերևումս պտտվում էր ագռավների մի խումբ. թռչունների և լռության ձայնը միաձուլվել ու կարծես երաժշտության էր նմանվել…

Ինչևէ լավ, շեղվեցինք, տարածքն ուսումնասիրելուց ու շնիկին էլ կերակրելուց հետո շարժվեցինք դեպի Արուճի քարավանատուն, որը եռանավ կառույց է և թվագրվում է 7-10-րդ դարերին։

Այնուհետև գնացինք Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը 7-րդ դարում կառուցել է Ներսես Պատրիկ Կամսարականը, ինչի պատճառով էլ հաճախ եկեղեցին անվանում են նրա անունով։

Քրիստափորի պատմությանն էլ ծանոթանալուց հետո քայլեցինք ոչ հեռու գտնվող Կաթողիկե եկեղեցին, որտեղ նույնպես ես ապշեցի, քանի որ աննման գեղեցկություն ունի։ Եկեղեցին եռախորան է ու գմբեթավոր բազիլիկ տիպի։ Եկեղեցուց երևում էին Արտենի մեծ (2047մ.) և փոքր (1753մ.) լեռները (ի դեպ, որոշել ենք մի օր էլ այդտեղ բարձրանալ)։ Նաև իմացա, որ եկեղեցիների խորանը հիմնականում կառուցված է արևելյան կողմում, քանի որ Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու է արևելքից։ Ու որոշ եկեղեցիների վրա ժամացույցը լինում է հարավային մասում, որովհետև օրվա մեջ ավելի շատ արևը հարավից է ընկնում։

Իսկ հետո գնացինք Դաշտադեմի ամրոց, որն ունի պարիսպների 3 շերտ, որից մեկը կառուցել են Անիի Շադդադյանները (1174 թվին), իսկ մյուսը կառուցել է Երևանի Սարդար Հյուսեին խանը (1812 թվականին)։ Այստեղ նույնպես բառերս չեն հերիքում, որպեսզի կիսվեմ տպավորություններովս, այդ իսկ պատճառով ուղղակի խորհուրդ կտամ, որպեսզի անպայման այս նույն երթուղով գնաք քայլարշավի։

Հետո մի փոքր ժամանակ հատկացրեցինք սնվելուն ու ստամոքսները զինած գնացինք առաջ։ Ուժեղ անձրևի պատճառով չկարողացանք գնալ Կարմրաշեն, ինչպես որ պլանավորված էր, բայց դրա փոխարեն գնացինք Տեղերի վանք ու ճամփորդությունն ավարտեցինք Արշակունիների դամբարանով, որը գտնվում է Աղձքում։ Ի դեպ, Փավստոս Բուզանդի վկայությամբ պարսից Շապուհ Բ արքան, 364 թվականին գրավելով Անի-Կամախը, բացել է այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները և փորձել աճյունները Պարսկաստան փոխադրել, որովհետև ըստ հեթանոս պարսիկների այդ թագավորների ոսկորների հետ միասին իրենց աշխարհը կփոխադրեին նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Ահա ևս մի պատմական էջերով լի ճամփորդություն, որից նույնպես շատ բան քաղեցի ու շատ կուզեմ, որ պատմական էջերը այնքան շատանան, որ դառնա հանրագիտարանի պես հաստ գիրք։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին ու վարորդին մեզ հանդուրժելու համար, լինեք «չաղ ու բախտավոր»։ 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s