Պատմական մտորումներ

on

Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի Քոլեջ

Կուրսային աշխատանք

Պատմական ակնարկ

Թեմա՝ Հայկական հարցը

Ուսանող՝ Հարությունյան Քնար

Դասավանդող՝ Էլյա Սահակյան

1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի նախաշեմին Հայաստանը բաժանված էր Օսմանյան կայսրության եւ Ռուսաստաի միջեւ: Պատմական Հայաստանի եւ հայաբնակ արեւմտյան ու արեւելյան այդ հատվածները պայմանականորեն անվանվում են Արեւմտյան Հայաստան եւ Արեւելյան Հայաստան: 1877-1878թթ. տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմից հետո անհրաժեշտ էր կնքել հաշտության պայմանագիր: Եվ այսպիսով 1877թ. փետրվարի 19-ին Կ. Պոլսից ոչ հեռու գտնվող Սան Ստեֆանո ծովափնյա ավանում՝ հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում, կնքվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը: Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արդանուշը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը, Խումարը: Նաև Սան Ստեֆանոյի պայմանագրում տեղ գտան Հայաստանին և հայերին վերաբերվող առանձին հոդվածներ, որոնց դրույթները մասամբ էին համընկնում հայերի առաջադրած պահանջներին, դրանք էին՝

16-րդ հոդվածը. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների եւ բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում եւ ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից»: Ի դեպ հետաքրքիր է այն փաստը, որ թուրքերը չէին նշում իրենց ու նշում էին միայն քրդերին ու չերքեզներին (չնայաց ինչի եմ զարմանում, այդպես էլ պետք է լիներ): 

25-րդ հոդվածը իրավունք էր տալիս ռուսական զորքերին 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանի գրավված տարածքներում:

27-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին:

Է՜խ, կփորձեմ չդժգոհել ու ներկայացնել պայմանագրի դրական կողմերը.

• Արևմտյան Հայաստանի զգալի մի հատվածն անցնում էր Ռուսաստանին, ինչը ըստ իս այդ ժամանակ շահավետ էր Հայաստանի համար, որովհետև Ռուսաստանի հովանու տակ կլինեինք ավելի պաշտպանված, + նպաստավոր կլիներ մեր երկրի զարգացման համար: Այս իրավիճակը նաև կարող ենք համեմատել մեր ժամանակների հետ, քանի որ գտնվում ենք գրեթե նույն կարգավիճակում: 

• Օգտագործվում էր «Հայաստան» բառը: Թեեւ նոր պատմության շրջանում առաջին անգամ Հայաստան անվանումը եւ հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում, ակնհայտ է, որ ռուսական դիվանագիտությունը մտադրություն չուներ պայքարելու Արեւմտյան Հայաստանի ինքնավարության համար, ինչպես դա տեղի ունեցավ բալկանյան ժողովուրդների պարագայում (ինչը նաև տեղի է ունենում մեր օրերում, բնականաբար բոլոր մեծ տերություններն էլ պետք է հետապնդեն իրենց շահերը…):

• Հայկական հարցը, դառնալով միջազգային հարց, նոր լիցքեր էր հաղորդում հայ ազգային-ազատագրական պայքարին: 

Իհարկե չկարողացա մինչև վերջ դրական կետերը նշել, բայց դե…

Սակայն ռուս-թուրքական պայմանագրից դժգոհ մնացին Եվրոպական երկրները, հատկապես՝ Ավստրո-Հունգարիան և Մեծ Բրիտանիան: Բրիտանական կառավարությունն անհապաղ միջոցների դիմեց՝ Ռուսաստանին զրկելու ռազմական հաղթանակի պտուղներից: Ստեղծված ոչ նպաստավոր պայմաններում Ռուսաստանը հարկադրված էր 1878թ. մայիսի 30-ին համաձայնագիր ստորագրել բրիտանական կառավարության հետ, որով նա հրաժարվեց Արեւմտյան Հայաստանում իր գրաված Բայազետ քաղաքից եւ Ալաշկերտի դաշտից: Բացի այդ, Արեւմտյան Հայաստանում բարենորոգումների հարցով զբաղվելու էր ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Մեծ Բրիտանիան: Բրիտանական կառավարությանը հաջողվեց նաեւ 1878թ. հունիսի 4-ին գաղտնի պայմանագիր պարտադրել Բարձր Դռանը, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիան գրավում էր Կիպրոս կղզին՝ փոխարենը պարտավորվելով վերադարձնել պատերազմի ընթացքում Ռուսաստանի գրաված հայկական տարածքները, ինչպես նաեւ պաշտպանել Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունն ու շահերը: 

Ասեմ ավելին, Մեծ Բրիտանիան եւ Ավստրո-Հունգարիան նախաձեռնեցին հրավիրել միջազգային համաժողով, որի հիմնական նպատակն էր խոչընդոտել Ռուսաստանին օգտվելու իր հաղթանակի պտուղներից: Բեռլինի կոնգրեսի (1878թ. հունիսի 13 – հուլիսի 13) հրավիրման նախօրեին Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Եվրոպա մեկնեց հայ ազգային պատվիրակությունը՝ եվրոպական պետությունների կառավարությունների հետ բանակցություններ վարելու նպատակով:

Մեջբերում. Նամակ անցյալից.

Խրիմյան Հայրիկ «Այդտեղ` ապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք և իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքի մեջ: Միլիոնների երազանքի մեջ: Հուսամ` գիտակցում եք ձեզ բաժին հասած բախտի զորությունը: Կուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում: Բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, և եթե կարդաք այս տողերը` ես կդառնամ ձեր ներկայի և իմ ապագայի մի մասնիկը: Երբ գնացի Բեռլինի կոնգրես` մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացա, որ նախ և առաջ պետք է ունենալ իրավունք ունենալու իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զենքով: Երևի լսել եք երկաթե շերեփի մասին: Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ և արդար, խղճահարությունից բացի ոչինչ մեզ չտվեցին: Ռուսաստանը, որ թվում էր` մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչինչ չէր տեսնում և չէր լսում: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առջև բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ժողովուրդը անտեր էր: Բայց ամենից կարևորը, որ ես հասկացա՝ այն էր, որ մենք տերեր չպետք է փնտրենք դրսում:Այդտեղ` ապագայում, վստահ եմ` դուք չեք փնտրում օտար տերերի և ձեր հույսը չեք կապում ոչ եվրոպացիների, ոչ ռուսների և ոչ էլ մեկ այլ պետության հետ: Եթե ունեք անկախ պետություն, ապա ձեր միակ տերը պետք է լինի ձեր իսկ կառավարությունը: Հուսամ, որ կառավարությունը ձեզ անտեր չի թողնում, իսկ եթե անտեր է թողնում` ի՞նչ իմաստ ունի ձեր անկախությունը: Ժողովրդի ամենամեծ դժբախտությունն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ վարվում են նույնկերպ, ինչպես օտարները: Մենք դարեր շարունակ ապրեցինք օտարի լծի տակ: Մեզ հետ վարվեցին դաժանորեն և անարդար, մենք փնտրեցինք արդարություն և չգտանք: Եթե ունեք անկախ պետություն, հուսով եմ` այդտեղ արդարություն կա: Թուրքը հայի հետ շատ անարդար վարվեց: Հայը հայի հետ մի՞թե կարող է նույնկերպ վարվել: Այստեղ` անցյալում, մեր ժողովրդի ամենամեծ ողբերգություններից մեկն իր տգիտությունն է: Անկիրթ ժողովուրդն ինչպե՞ս կարող է իր տեղը գտնել այս խորամանկ աշխարհում: Թուրք իշխանությունները դա թույլ չեն տալիս, քանզի մեր ժողովրդի կրթության մեջ իրենց վտանգն են տեսնում: Որքան մեծ է ժողովրդի կրթությունը, այնքան զուսպ կլինի իշխանությունը: Ես իմ ողջ կյանքը նվիրեցի հայկական գավառներում լուսավորություն տարածելուն, բայց միայնակ շատ բան չկարողացա անել: Եթե դուք պետություն ունեք` կրթե՛ք մեր ժողովրդին, լուսավորություն տարածե՛ք գավառներում: Անկիրթ ժողովուրդն անկիրթ տերերի կընտրի, որոնք կհարստահարեն իրեն, և մի օր ստիպված` անկիրթ ժողովուրդն օտար տերերի կընտրի: Այնժամ, երբ հասարակ ժողովուրդը գավառներում կտքնի կացության ծանր բեռի տակ, մեծահարուստ հայերը Պոլոսում կապրեն ցոփ խրախճանքի մեջ: Նրանք անտարբեր են ժողովրդի դրությանը` կարծես օտար լինեն: Թուրք իշխանությունները նրանց հետ նույնիսկ կդաշնակցեն, որ ժողովրդին հնազանդ պահեն: Հուսամ` ձեր պետության մեջ մեծահարուստներն այդպես անբարտավան չեն և չեն դաշնակցի վատ իշխանության հետ` ընդդեմ ժողովրդի: Երբ 1876 թ. օսմանյան սահմանադրությունն ընդունվեց, մեզանում փրկության հույս արթնացավ: Կարծեցինք, որ հինգ հարյուր տարեկան Թուրքիո պառաված և ամուլ մայրը երկնելով` հին աշխարհի համար նոր` մանուկ սահմանադրություն կծներ: Բայց մեր հույսերը չարդարացան, և ժամանակը ցույց տվեց, որ դրանք թղթին գրված գեղեցիկ տառեր էին, իսկ ժողովուրդը շարունակեց տառապել: Այդտեղ` ապագայում, գուցե դուք էլ գեղեցիկ սահմանադրություն և օրենքներ ունեք: Ես կփափագեմ, որ ձեր օրենքները թղթի վրա չեն մնում, ինչպես օսմանյան սահմանադրությունը:Եվ վերջում կուզենամ պատգամել` ունեցե՛ք այնպիսի դեսպաններ, ովքեր պատշաճորեն կբարձրաձայնեն ժողովրդի պահանջները համայն աշխարհին, և հոգևորականն իր հոտը թողած չի զբաղվի դիվանագիտությամբ: Ունեցե՛ք ղեկավարներ, որոնք կսիրեն ժողովրդին, զի հայ ժողովուրդը շատ է տառապել օտար ղեկավարների ատելությունից: Եվ եթե այդտեղ` ապագայում, անկախ պետություն ունեք, ամեն բան արե՛ք, որ այլևս երբեք, երբեք չկորցնեք ձեր անկախությունը: Եվ երբեք մի՛ փնտրեք օտար տերերի:»

Չստանալով իրական երաշխիքներ եվրոպական մայրաքաղաքներից՝ հայ ազգային պատվիրակությունը, այնուամենայնիվ, մեկնեց Բեռլին, սակայն նրանց չթույլատրվեց մասնակցել կոնգրեսի նիստերին: Բեռլինի կոնգրեսում, Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման հետեւանքով, արեւմտաեվրոպական դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանին զրկել Հայկական հարցում նրա ունեցած մենաշնորհից: Բեռլինի կոնգրեսի ընդունած 61-րդ հոդվածում նշվում էր, որ «Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները եւ ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»: 60-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանին էին միացվում Կարսը, Արդահանը եւ Բաթումը` իրենց մարզերով, իսկ Ալաշկերտի հովիտը եւ Բայազետը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը:  Եթե Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի համաձայն՝ ռուսական զորքի ներկայությունը Արեւմտյան Հայաստանում կարող էր հանդիսանալ բարենորոգումների իրագործման իրական երաշխիք, ապա Բեռլինում ստորագրված պայմանագրի 61-րդ հոդվածից չէր երեւում, թե ինչպես են Եվրոպայի տերությունները հսկողություն իրականացնելու Բարձր Դռան կողմից ձեռնարկված միջոցառումների հանդեպ: Սան Ստեֆանոյի պայմանագրում հիշատակվում էր Հայաստան անվանումը, իսկ Բեռլինի դաշնագրում խոսվում էր միայն հայաբնակ մարզերի մասին: Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն ընդհանրապես խուսափում էր Հայաստան աշխարհագրական անվանման օգտագործումից՝ ապագայում նույնիսկ ինքնավար շրջանի ստեղծումը բացառելու նպատակով: Օգտվելով բրիտանական քաղաքականության բարենպաստ դրսեւորումներից, 61-րդ հոդվածի ոչ հստակ, հեղհեղուկ ձեւակերպումներից՝ անմիջապես Բեռլինի վեհաժողովից հետո սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն որդեգրեց հակահայկական քաղաքականություն՝ վարչական միավորների վերաձեւման եւ հայ բնակչության ֆիզիկական բնաջնջման միջոցով «հայաբնակ շրջաններ» հասկացությունը վերացնելու նպատակով: Գիտակցելով, թե ինչ դեր կարող է խաղալ Հայկական հարցը տերությունների քաղաքականության մեջ, Աբդուլ Համիդ Բ-ի կառավարությունը որոշեց վերջ տալ Հայկական հարցին՝ ուժեղացնելով հայ բնակչության հալածանքը մահմեդական մոլեռանդության եւ հակահայկական տրամադրությունների բորբոքման, մշտական սպանությունների եւ թալանի, տեղական իշխանությունների կամայականության եւ անօրինության, հայերի բռնի մահմեդականացման փորձերի, գրաքննության սաստկացման, քրդական անկանոն հեծելազորի ստեղծման միջոցով: Այդ քաղաքականության արդյունքում 19-րդ դարի 80-ական թթ. վերջին – 90-ական թթ. սկզբին հայ ազգային-ազատագրական շարժման մեջ սկսվեց նոր փուլ, առաջացան հայկական քաղաքական կուսակցություններ, Արեւմտյան Հայաստանում ուժեղացավ ազատագրական պայքարը: 

1894թ. հուլիս-օգոստոս ամիսներին սուլթանական իշխանությունները կազմակերպեցին Սասունի շրջանի հայերի կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 10 հազար մարդ: Եվրոպայի հասարակական կարծիքի եւ եվրոպական տերությունների ճնշման ներքո սուլթանի կառավարությունը հարկադրված հանձնաժողով ստեղծեց Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննելու Սասունի իրադարձությունները: 1895թ. ապրիլին բրիտանական կառավարությունը մշակեց բարեփոխումների մի ծրագիր, որի համաձայն՝ Արեւմտյան Հայաստանին տրվում էր, փաստորեն, ինքնավարություն եվրոպական տերությունների հովանու ներքո: Այն բանից հետո, երբ Ֆրանսիան եւ Ռուսաստանը միացան առաջարկին, 1895թ. մայիսի 11-ին Բարձր Դռանը ներկայացվեց բարեփոխումների բրիտանական ծրագրի փոփոխված տարբերակը: 

1895թ. սեպտեմբերի 17-ին հայերը Կոստանդնուպոլսում խաղաղ ցույց կազմակերպեցին բարեփոխումների իրագործումը ձգձգելու դեմ: Ի պատասխան, օսմանյան կառավարությունը մայրաքաղաքում կազմակերպեց կոտորած, որին զոհ գնաց 6 հազար հայ: Հոկտեմբերի 15-ին Աբդուլ Համիդն ընդունեց եվրոպական տերությունների դեսպաններին, որոնք, հանուն կայսրության ամբողջականության պահպանման, պահանջեցին հանգստացնել Եվրոպայի հասարակական կարծիքը, բավարարել հայերի պահանջները եւ բարեփոխումներ անցկացնել Արեւմտյան Հայաստանում: Հոկտեմբերի 20-ին հայտարարելով ծրագրի իրականացման իր ցանկության մասին՝ սուլթանական կառավարությունը ոչ միայն չիրականացրեց այն, այլեւ, օգտվելով եվրոպական տերությունների միջեւ եղած հակասություններից, 1895թ. սեպտեմբեր – 1896թ. հունվարին կազմակերպեց Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության այլ շրջաններում բնակվող հայերի զանգվածային կոտորածներ: Որոշ շրջաններում հայերը դիմեցին ինքնապաշտպանության (1895թ. Զեյթունում եւ 1896թ. Վանում):  1896թ. օգոստոսին մի խումբ հայեր գրավեցին Կոստանդնուպոլսի Օտոմանյան բանկը` եվրոպական տերությունների ուշադրությունը Հայկական հարցի վրա հրավիրելու եւ հայկական բարեփոխումների ծրագրի իրականացումն արագացնելու նպատակով: Թեեւ Կոստանդնուպոլսում եվրոպական տերությունների միջամտության արդյունքում միջադեպը սպառվեց, այդուհանդերձ, սուլթանական իշխանություններն այն որպես առիթ օգտագործեցին կայսրության մայրաքաղաքում նոր ջարդ կազմակերպելու համար, որի արդյունքում կոտորվեց ավելի քան 10 հազար հայ: 1896թ. Կոստանդնուպոլսի հայ բնակչության կոտորածը տարածվեց Օսմանյան կայսրության ողջ տարածքով՝ ընդունելով շատ ավելի համատարած եւ դաժան բնույթ: 1894-96թթ. ընթացքում կոտորվեց ավելի քան 300 հազար հայ, բռնի մահմեդականացվեցին եւ տարբեր երկրներ տարագրվեցին շուրջ 200 հազար հայեր: 

1896թ. հոկտեմբերին բրիտանական կառավարությունը դիմեց եվրոպական տերությունների կառավարություններին՝ հիմնավորելով համատեղ քայլերի անհրաժեշտությունը Հայկական հարցում, եւ առաջարկեց հրավիրել տերությունների համաժողով՝ մերձավորարեւելյան ճգնաժամը վերջնականապես կարգավորելու նպատակով: 1896թ. դեկտեմբերին – 1897թ. փետրվարին Կոս- տանդնուպոլսում գումարված տերությունների դեսպանների համաժողովը մշակեց նոր նախագիծ հայկական բարենորոգումների համար, սակայն այն նույնպես մոռացության տրվեց՝ սկսված հույն-թուրքական պատերազմի պատճառով:

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ առ այսօր մեր փոխարեն որոշումներ են կայացնում մեծ տերությունները, ոչինչ չի փոխվել տարիների, դարերի ընթացքում, ինչքան էլ կրթվել ենք, «զարգացել», մինևնույնն է, չունենք այնքան հզորություն, ուժ, նվիրվածություն, անցյալից դասեր քաղելու և մեկ բռունցք դառնալու ունակություն… Մինչ օրս էլ մեր մեջ կան դավաճաններ, ագահ մարդիկ, որոնց պատճառով էլ երկիրը միշտ մնում է ու կմնա պառակտված և թալանված վիճակում: Հայերը ունակ չեն գնահատելու և պաշտպանելու իրենց ունեցածը, միայն ունակ են «մեծ-մեծ խոսելու», պատմությունից էլ քաջածանոթ ենք, որ մեր հսկա պետությունը, որը ստեղծել են մեր Մեծերը, կորցրել ենք հենց մեր՝ հայերիս պատճառով…

1912-14թթ., երբ բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի հետեւանքով թուրք բռնատիրությանը հասցվեց նոր հարված, Հայկական հարցը վերստին դարձավ մեծ տերությունների եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների առարկա: Արեւմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցի շուրջ սկսվեց բարդ պայքար, որը շարունակվեց մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: 1913թ. Ռուսաստանի կառավարությունը եվրոպական տերություններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկվեց Կոստանդնուպոլսում հավատարմագրված դեսպանների ժողովում: Նախագիծը, որը պատրաստվել էր ռուսական դեսպանության կողմից, 1895թ. մայիսյան ծրագրի եւ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի կազմած առաջարկի հիման վրա, նախատեսում էր հայկական վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա) ստեղծել մի նահանգ: Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա հպատակ կամ եվրոպացի, որը նշանակվելու էր 5 տարի ժամկետով, մեծ տերությունների համաձայնությամբ: Նրան էին պատկանելու նահանգի ամբողջ գործադիր իշխանությունը, բոլոր վարչական պաշտոնյաներին (նաեւ դատավորներին) նշանակելու եւ արձակելու իրավունքը: Ոստիկանությունը եւ ժանդարմերիան ենթարկվելու էին նահանգապետին, հարկ եղած դեպքում նրա տրամադրության տակ էր դրվելու նաեւ զորքը: Նահանգապետին առընթեր գործելու էին վարչական խորհուրդ եւ վեց խորհրդականներ (3 մահմեդական, 3 քրիստոնյա):

Նախատեսվում էր արձակել քրդական հեծելագնդերը, վերադարձնել հայերից խլած հողերը կամ դրանց համարժեքը, ինչպես նաև արգելել Բալկաններից գաղթած մահմեդականների բնակեցումը
Հայկական նահանգում: Տերությունները պետք է հետևեին բարենորոգումների իրագործմանը:
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հիմնականում համաձայն էին ռուսական ծրագրին, սակայն Գերմանիան և Եռյակ դաշինքի մյուս պետությունները վճռականորեն ընդդիմացան ռուսական
նախագծի հիմնական դրույթներին՝ առաջարկելով քննարկման հիմք ընդունել թուրքական ծրագիրը, որը պահպանում էր վիլայեթների կազմակերպման նախկին ձևը և ըստ ամենայնի խուսափում օտարերկրյա հսկողությունից: Դիվանագիտական թեժ պայքարից հետո Ռուսաստանին հաջողվեց 1914թ. հունվարի 26-ին Թուրքիային պարտադրել համաձայնագիր, որով Արևմտյան
Հայաստանը բաժանվում էր երկու հատվածների (Էրզրում, Տրապիզոն, Սեբաստիա և Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր), որոնց կառավարումը հանձնվում էր մեծ տերությունների հավանությամբ նշանակված երկու օտարերկրյա գլխավոր տեսուչների:
Թեև համաձայնագիրն անբավարար էր և հայերին չէր տալիս
ինքնավարության այն լայն իրավունքները, որոնք նախատեսված
էին ռուսական ծրագրում, այնուամենայնիվ, նպաստավոր պայմաններ էր ապահովում Արևմտյան Հայաստանի ապագայի համար: Սակայն հաստատված տեսուչները` Վեստենենկը (Հոլանդիա) և Հոֆը (Նորվեգիա), չհասցրին անցնել իրենց պարտականությունների կատարմանը: Օգտվելով սկսված Առաջին համաշխարհային պատերազմից` երիտթուրքական կառավարությունը
չեղյալ հայտարարեց համաձայնագիրը և տեսուչների հետ ստորագրված պայմանագրերը:

Նյութը կազմել եմ օգտվելով ուղեղիցս և «ՆՈՐԱՎԱՆՔ»
գիտակրթական հիմնադրամի «Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը» տեղեկանքից

Նյութի վերլուծությունը նկարի տեսքով

«Պատմական անորոշություն»

10.02.2021
«Պատմական անորոշություն»

Քանի որ չեմ կարողանում մտքերս արձակ ու հասկանալի բացատրել խոսքերով, որոշեցի «Հայկական հարց»-ի վերլուծություն կատարել նկարի տեսքով, և ահա նկարեցի «Պատմական անորոշություն» նկարը։ Այսպիսով՝ նկարում պատկերված կարմիր մեծ գունդը, դա Ռուսաստանն է, եթե նկատեցիք այն չունի սև եզրագիծ, բայց եզրագծերը ավելի մուգ են, դա իր պաշտպանությունն է (դարպասներ), իսկ վերևում պատկերված սև գունդը, դա Հայաստանն է, նա ունի սև եզրագիծ, այսինքն սահմանափակումներ։ Սև գնդի շուրջը պատկերված քառակուսին, դա Ռուսաստանի իշխանությունն է Հայաստանի վրա, կեսը ներկված է կարմիր ( դա Ռուսաստանի իշխանությունն է), իսկ կեսը բաց թողնված է ( դա էլ հնարավորությունն էազատվելու կապանքներից), այսինքն՝ ունենք դեռ հնարավորություն ազատվելու այդ իշխանությունից։ Իսկ նկարում վերից վար անցնող բեկյալը, դա խոչընդոտ է (խնդիրներ, սահմանափակումներ…), որը չի թողնում առաջ շարժվենք, եթե նկատեցիք բեկյալը տարված չէ Ռուսաստանի վրայով, քանի որ նա դա արդեն հաղթահարել է և ազատվել է կապանքներից։ Սև գնդի տակ կա պատկերված սպիտակ փոքրիկ գունդ, դա Հայաստանի հույսն է, իսկ դրա տակ պատկերված եռանկյունը, դա նոր ձևավորվող խնդիրներն են։ Վերևում պատկերված ծրարը, դա քարացած հայկական հարցն է, իսկ երկրաչափական պատկերները դրանք խնդիրներն ու հիմնախնդիրներն են (մուգ երկրաչափական պատկերները, այսինքն սևով ներկված ուղղանկյունն ու կլորները դրանք հիմնախնդիրներն են, իսկ չգունավորված եռանկյունն ու կլորը խնդիրներն են)։

Նկարի տեսքով վերլուծություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s