Թումանյանի հետաքրքիր իրերը

on

Հովհաննես Թումանյան՝ ամենայն հայոց բանաստեղծ։ Ծնվել է 1869 թվականին՝ Դսեղում, մահացել՝ 1923-ին՝ Մոսկվայում: Թումանյանի թիֆլիսյան տնից գրողի բոլոր իրերը 9 մեծ բեռնատարով 1953 թվականին Երեւան տեղափոխվեցին, որտեղ բանաստեղծի կնոջ եւ աղջիկների ջանքերով «վերստեղծվեց» թիֆլիսյան տունը:

• Օլգայի երգարանը

Ժամանակի բոլոր աղջիկների նման երգարան էր պահում նաեւ Օլգան՝ Հովհաննես Թումանյանի կինը: Երգարանում մի բանաստեղծություն կա, որը երկու տարբեր ձեռագրերով է գրված: Օլգան իր հուշերում պատմում է, որ երբ իրենք դեռ նշանված էին, Թումանյանը մի երեկո գալիս է իրենց տուն եւ տեսնում երգարանը: Երբ Թումանյանը ներս է մտնում, այդ պահին Օլգան գրի էր առնում Ռաֆայել Պատկանյանի «Անվերջ գանգատներ» բանաստեղծությունը: Թումանյանն Օլգայից վերցնում է գրիչն ու բանաստեղծության մի քանի տունը ինքն է գրում, այնուհետեւ ստորագրում է: Օլգա Թումանյանի երգարանում երիտասարդ Հովհաննեսի ամենավաղ ստորագրություններից մեկն է:

• Ամերիկյան արտադրության կոշիկները

Թումանյանի՝ ամերիկյան արտադրության տնային կոշիկները հաճախ էին հայտնվում Թիֆլիսի հայկական թատրոնի դերասանների ոտքերին: Իսկ կոշիկները հայ դերասանները Թումանյանից փոխարինաբար վերցնում էին Համլետի դերը խաղալու համար: Ներկայացման ժամանակ այս կոշիկներն էր կրում նաեւ բանաստեղծի մտերիմ ընկեր եւ Պոլսից Թիֆլիս տեղափոխված երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանը, ով Շեքսպիրի Համլետի դերը փայլուն էր կատարում:

Ճապոնական ջեռակները

Ցուրտ եղանակին գրողին միշտ ձեռքերը գրպանում էին տեսնում: Հովհաննես Թումանյանը շատ «մրսկան» էր, բայց միայն հագուստի կտորը չէր, որ ծածկում էր նրա ձեռքերն ու տաք պահում դրանք: Գրպանի ջեռակները, կարծես, հենց իր համար արտադրված լինեին: Ճապոնական արտադրության ջեռակները գործում էին ներսում այրվող ածուխի մեխանիզմով: Դրանք միշտ Թումանյանի վերարկուի գրպանում էին՝ բանաստեղծի ձեռքերը տաք պահելու համար:

Հայուհու գլուխը

Վրացի նկարիչ Լադո Գուդիաշվիլին Հովհաննես Թումանյանի հետ ծանոթացավ 1917 թվականին՝ իր եւ Սաշա Բաժբեուկ-Մելիքյանի նկարների ցուցահանդեսի առաջին օրը: Շիրվանզադեի մուտքն արդեն նկատել էին, բայց նրանց հատկապես գրավեց բանաստեղծի քայլքը, որն ուղղվում էր դեպի սրահ: Երբ Թումանյանը փնտրում էր նկարների հեղինակներին, Լադոն եւ Սաշան, առանց երկար ձգելու, մոտենում են նրան: Լադո Գուդիաշվիլին իր հուշերում պատմում է, որ այդ օրը ցուցահանդեսի ամենասպասված հյուրը գնեց Բաժբեուկ-Մելիքյանի «Հայուհու գլուխը» կտավը: Այդ հանդիպման եւ ծանոթության վկան էլ մինչ օրս փակցված է Թումանյանի երեւանյան թանգարանի պատին:

«Իլյա Մուրոմեց» պահարանը

Մի անգամ դստեր՝ Աշխենի հետ փողոցով անցնելիս, Թումանյանը նկատում է վաճառքի հանված պահարան, որը շատ է հավանում: 80 ռուբլի. ահա, թե որքան էր պահանջվում միանգամից բանաստեղծի «սիրտը գրաված» պահարանը ձեռք բերելու համար: Թումանյանը պահանջված 80 ռուբլին չուներ: Վերադառնում է տուն ու շատ արագ թարգմանում Իլյա Մուրոմեցի մասին ռուսական բիլինան: Հոնորարով էլ գնում է պահարանը, որը տանը հենց այդպես էլ անվանում էին՝ «Իլյա Մուրոմեց»:

Քառյակների տուփն ու թախտը

Ընդամենը մի քանի տողում կյանքի ողջ փիլիսոփայությունն արտահայտած գրողն իր քառյակները ստեղծում էր թախտին պառկած: Թումանյանի «հոգու կենսագրությունները» ծնվեցին բանաստեղծի կյանքի վերջին տարիներին: Հիվանդ էր, թույլ էր զգում իրեն, ինչի համար էլ գրում էր պառկած: Կողքին միշտ թուղթ ու մատիտ կար, որպեսզի մուսան «կողքով չանցներ»: Ողջ գիշերը գրում էր, իսկ պատին հատուկ քառյակների համար տուփն էր փակցված, ուր հայտնվում էին «նորածինները»:

Արծաթյա նոթատետրը

Թումանյանի 50-ամյակը տանն առանձնապես չնշեցին: Հենց սկզբից էր հրաժարվել: Ուրախությունների տրամադրություն չուներ՝ ընտանեկան կորուստների պատճառով: Թումանյանի տանը չնշվեց հոբելյանը, սակայն ժողովուրդը չէր մոռացել ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը. տոնական միջոցառումներ եղան տարբեր վայրերում: Այդ օրերին Թումանյանին իրենց մոտ են հրավիրում նաեւ Լոռեցիների հայրենակցական միության անդամները: «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»,- ասում է Թումանյանը: Բանաստեղծի կրտսեր դուստրը՝ Թամարը, արձագանքում է. «Ամենամեծ լոռեցին ես, ուրեմն ամենամեծ շաշն ես»: Այդ օրվանից, բացի դստեր հուշերից, կա եւս մեկ վկա: Միության անդամները Թումանյանին էին նվիրել արծաթյա նոթատետր՝ վրան փորագրված «Հայրենի Լոռու անզուգական երգիչ, սիրելի Հովհաննես Թումանյանին»:

Ցուլի արձանը

Թումանյանը այնքան չէր սիրում իր ծննդյան տոնը, որքան անվանակոչությանը: 1917 թվականի հունվարի 14-ը ձյունառատ օր էր: Երկու տասնյակից ավելի երիտասարդ գրողներ հավաքվել էին իրենց ընկերոջ տանն ու որոշել նվեր մատուցել մեծն բանաստեղծին: Գնել էին ցուլի սեւ արձան՝ վրան բրոնզե աղջիկ: Որոշում են նվերը փոխանցել երեք կին գրողի միջոցով: Թումանյանի մոտ նրանց գնալուց շատ չանցած ներս է մտնում բանաստեղծի պատվիրակն ու փոխանցում նրա գրությունը. «Եթե բոլորդ չգաք՝ նվերը ետ կուղարկեմ»: Երիտասարդ գրողներն ամաչելով բարձրանում են Թումանյանի տան մարմարե աստիճանները, որտեղ մեծ դահլիճում նրանց ընդառաջ է գալիս նա: Քիչ անց արդեն պարում էին՝ թեւ-թեւի տված Զորավար Անդրանիկը, Շիրվանզադեն, ինչպես նաեւ նրանց միացած երիտասարդները:

13 պահարաններում պահվող գրքերը

«Խնդրում եմ չծխել եւ գիրք չխնդրել»: Թումանյանն այս գրությունը փակցրել էր իր գրադարանի պատին: Բանաստեղծը կանոնավոր կրթություն չէր ստացել, բայց ամենախորը գիտելիքներ ունեցող գրողներից մեկն էր: Այդ գիտելիքները նա ստացել էր ինքնակրթությամբ: Իր կարճատեւ ու դժվար կյանքի ընթացքում նա 10 հազար գիրք էր հավաքել: Թումանյանի 10 հազար գրքից 8150-ն է պահպանվել: 2000 գիրք վերցրել ու չէին վերադարձրել: Որպեսզի այլեւս չտեսնեն ու գիրք չխնդրեն, նա 13 պահարանների ապակիները ծածկել էր նկարներով: Իսկ գրքերը չէր սիրում տալ միայն դառը փորձի պատճառով:

Կայքը, որից օգտվել եմ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s