Պարույր Սևակ

on

Պարույր Սևակը՝ մի քանի սերունդների սիրելի բանաստեղծ, XX-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության մեջ առանձնանում է խոր փիլիսոփայությամբ տոգորված նորարարական-մարդագիտական պոեզիայով: Պարույր Սևակի մասին մեզնից յուրաքանչյուրը ըստ իս ինչ-որ բան գիտի, թեկուզ և մեկ տողով անգամ ամենասառը սրտում Պարույրն իր տեղն ունի, նրանից լավ ո՞վ կարող է բացել մարդու հոգու վարագույրներն ու պատմել օգնելու և հոգնելու, զղջալու և մեղանչելու, նորից ու կրկին սիրելու մասին…Ստորև ներկայացված է այն պարզ մարդկային ապրումների մասին, որոնք պատմել է հենց ինքը՝ բանաստեղծը։

Հայրական տան մասին

«Այն տունը, որտեղ ես ծնվել եմ․․․ Բայց տուն չպիտի ասեի, այլ նկուղ՝ այս բառի ոչ պատկերավոր իմաստով․ եթե իմ պապերի հսկայական գրադարանից մնացեր էր միայն Նարեկը՝ հրդեհի սպին կաշվե դեմքի վրա և որբացած՝ զրկված ընթերցողից, ապա նրանց երկհարկանի տնից էլ մնացել էր լոկ այն, ինչ չի վառվում՝ գետնափոր նկուղը»։

Մոր՝ Ազիի մասին

«Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։

Դպրոցի, մանկության երազանքների մասին

«Ախր ես միջնակարգն ավարտեցի՝ այդպես էլ չիմանալով, թե ինչ բան է աթոռ ու սեղան։ Մորս հացի տախտակն էր իմ սեղանը․ պառկում էի բերանքսիվար և հացի տախտակի վրա արտագրում կամ շարադրում, խնդիր լուծում կամ գծագրություն անում։ Իսկ գրտնակն իմ քանոնն էր, ինչպես որ խմորով էի թուղթ կպցնում։ Եվ ունեի մի երազ, որ այցելում էր քուն թե արթմնի՝ տունը մինչև օճորք լցված էր գրքերով ու տետրակով, ըստ որում գրքեր կան պատկերազարդ ու քարտեզավոր, իսկ տետրակների մեջ՝ նաև հաստակազմ «ընդհանուր տետրեր», ունեմ մատիտների մի ամբողջ խուրձ, ամեն գույնից՝ մի-մի ցախավել, և բուրում են այնպե՜ս․․․

Ինչո՞ւ մինչև հիմա էլ չի գրվել այն քառյակը, որտեղ պիտի լիներ իմ փայփայած համեմատությունը․

Անուշ, ինչպես մատիտի հոտը․․․»։

Ճակատագրական, անմոռանալի սիրո մասին 

«Իմ լուսավոր, լուսավոր-լուսավոր հեքիաթ, իմ սիրտ, բարի գիշեր,- լավ երազներ, իմ հարազատ կրակ, հանգստացիր իմ անկշտությունից։
…Շատ բան կարելի է անել ուրիշի փոխարեն, ուրիշը շատ բան կանի քեզ համար, իսկ ապրել պետք է… Ստիպված ես ապրել միայն ինքնուրույն, քեզ համար քո կյանքը ոչ ոք չի անցնի…
Եվ կսովորես անցնել… Իսկ դու չե՞ս նկատել, թե որ ոտքից ես սկսում քայլել, աջի՞ց։ Բայց ախր նա առանց այդ էլ ուժեղ ճկվում է։ Ճանապարհը սկսիր ձախից, սիրտն ավելի ճիշտ կուղեկցի…
Ախ, ուր չի տանի սիրտը…
Սուլամիթա» (Սևակի մեծ սիրո՝ ազգությամբ հրեա Սուլամիթա Ռուդնիկին ուղղված նամակներից մեկում

Հետաքրքիր դեպք Պարույր Սևակի կյանքից

Մի անգամ, երբ Պարույր Սևակը Վարդգես Բաբայանի հետ Չանախչիից Արտաշատ է վերադառնալիս լինում, որոշում է նստել առաջին պատահած մեքենան, որը կկանգնի: Մի երկու մեքենա են անցնում, մինչև մեկը կանգնում է’ “տեղ-տեղ ցեցը կերած, հալից ընկած “Պոբեդա”,- գրում է Վարդգես Բաբայանը: Պարույրը նստում է վարորդի կողքին, հետի զոլավոր խուրջինը տեղավորում ոտքերի տակ: Վարորդը, քթի տակ խնդմնդալով, հարցնում է.
-Ի՞նչ է միջինը:Սևակը որսում է ծաղրը և ասում.
-Նավթալին:-Էսքան նավթալինն ինչի՞դ է պետք:
-Պե՞տք է, վերցրու լցրու ավտոյիդ վրա, ցեցը չուտի…
-Էս էլ որ չլիներ, պարախոդո՞վ էիր գնալու:
-Չէ’, ինչո՞ւ, էշախոդով:
-Դրա շինողը սա՞ղ է,
— Պարույրի չիբուխը ցույց տալով՝ հարցնում է վարորդը:
-Չէ’, մեռել է:
-Ափսո՜ս…
-Ի՞նչն է ափսոս:
-Մի հատ էլ դրանից ինձ համար շիներ:
— Որ շատ ես ուզում, մեր տանը սրա նման մի լուլակ կա (երեխայի միզելու հարմարանք օրորոցում), կտամ քեզ՝ մեջը թութուն լցրու’, հա՜ ծխի…Ծիծաղում են:
Այդպես լեզվակռիվը շարունակվում է մինչև Արտաշատ: Երբ իջնում են, Պ. Սևակին է մոտենում այդ ժամանակ միլիցիայի կապիտան Ցուցուլյանը, ու նրանք ջերմորեն գրակախառնվում են:
-Ախպոր պես ասա’, ո՞վ է,
— Բաբայանի ականջին փսփսում է վարորդը:
-Պարույր Սևակը:
-Վայ ամա՜ն, խայտառակ եղա,
-ասում է վարորդը ու արագ քշում հեռանում:
-Ա՜յ տղա, արի’ փո՜ղդ ստացիր, ո՞ւր ես փախչում,
— ծիծաղելով ձայնում է Պարույրը:

Ֆիլմ. «Բացահայտում. Պարույր Սևակ»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s