
Այսօր հունվարյան ստուգատեսի շրջանակներում այցելեցինք «Ոսկեվազ» գինու գործարան։ Այն գտնվում է Արագածոտն մարզի մի գողտրիկ անկյունում՝ Ոսկեվազ գյուղում։ Գործարանն ունի չքնաղ, հարուստ, սքանչելի, հագեցած, հրաշալի՝ մի խոսքով աննկարագրելի ու խենթացնող տեսք։ Թեկուզ արդեն երկրորդ անգամ եմ լինում, միևնույնն է չեմ հագենում նրա գեղեցկությունից։ Գինու գործարանն ունի այսպիսի սքանչելի տեսք, որ կարծես հայտվել էի միջնադարյան ժամանակաշրջանի ինչ-որ արքայական կամ իշխանական կալվածքում։

Գինու գործարանը հիմնադրվել է 1932թ. և ունի հին պատմություն ու մշակույթ, որը տարիների ընթացքում զարգացել, կատարելագործվել է և հասել ամենաբարձր մակարդակի։ Գործարանը առաջին հերթին տարբերվում է իր դիզայնով, շինություններով, որոնք խնամվում և վերանորոգվում են մանրակրկիտ՝ ամեն մասնիկ պահպանելով։ Ի դեպ հիմա էլ դեռ անցկացվում են վերանորոգման աշխատանքներ՝ ավելի կատարելագործվելու համար։

Շրջեցինք գինիների արտադրամասերով, մառաններով, որտեղ պատրաստվում էին գինիները, ինչպես նոր՝ այնպես էլ հին կարասներով, ավանդություններով ու տեխնոլոգիաներով։ Ընկեր Արտակը աշխատելով «Ոսկեվազ» գինու գործարանում, կիսվեց իր փորձով ու հիշողություններով, նաև մի փոքր ներկայացրեց գինի պատրաստելու կարևոր բաղադրիչները։ Շրջելով ուշադիր ուսումնասիրեցինք տակառները, որը ի դեպ բերվում է Արցախից և Իջևանից, ծանոթացանք հին գինու պատրաստման մեթոդներին և վայելեցինք հին կարասների տեսքը։ Նաև նշեմ, որ ամենամեծ կարասը մոտավորապես 6100 տարեկան է։

Հին կարասները այսօր էլ դեռ օգտագործվում են գինու պատրաստման մեջ և պահվում խնամքով։ Պահպանվել էին նախկին գինու խմորման անկյունները, որոնք այսօր արդեն դարձել են գործարանի թանգարանը։ Գործարանի պատերը իրենց ներսում կրում են երկար տարիների պատմություն և մարդկանց քրտնաջան ու ժամանակատար աշխատանքը։ «Ոսկեվազ» գինու գործարանը Հայաստանում առաջինն է, ով օգտագործում է խաղողի թառամեցման մեթոդը։

Նաև նշեմ որ գործարանի թե՛ զարգացման և թե՛ դիզայնի վրա աշխատել են 3 եղբայրներ, ովքեր 2004 թվականից հանդիսանում են գործարանի ներկայիս սեփականատերերը, և՛ ովքեր էլ վերածեցին և ծաղկեցրին գործարանը։
Ամենավերջում տեղի ունեցավ գինու համտեսումը. ըմբոշխնեցինք անապակ սպիտակ գինի, որն ուներ ուղղակի անմահական համ և բույր։

Ամբողջ ընթացքում մեզ ուղեկցեցին ուսուցիչներից՝ ընկեր Մարիամը (ռուսերենի մասնագետ) , ընկեր Դիանան (անգլերենի մասնագետ) և ընկեր Արտակը (գինեգործության մասնագետ), ովքեր մեր օրը ևս լցրեցին դրական լիցքերով, ինչի համար շատ շնորհակալ եմ։

Իսկ վերջում կցանկանայի ասել, որ «Ոսկեվազ»-ն այնքան գրավիչ էր, որ ցանկություն չունեի վերադառնալու, հնարավորության դեպքում կբնակվեի այնտեղ՝ թեկուզ աշխատելու նպատակով, կհաձայնեի աշխատել ցանկացած մասնագիտությամբ, չնայած այնտեղ բացվելու են նաև քոլեջ, որտեղ դասավանդվելու է արվեստի տարբեր դասեր և հավանաբար նորից հնարավորություն կունենամ այնտեղ գտնվելու։
