
«Դաշնամուր» ստեղծագործությունը հանգստություն և հարմոնիա է փոխանցում, ռոմանտիզմ… Հրաշալի ստեղծագործություն, որի մեջ կարծես նկարագրված էր կյանքի որոշակի փուլեր, որոնց միջով մենք անցում ենք յուրովի: Պատմվածքի գլխավոր հերոսը Բենն էր՝ ով խենթանում էր դաշնամուրի համար, բայց իրեն թերագնահատում էր, ասելով իբրև դաշնամուր նվագել չգիտի: Նրա ընկերուհին՝ Էմման, կարծում էր, որ Բենին լիարժեք ճանաչում է, բայց դիպվածից հետո հակվեց այն մտքին, որ այդքան ժամանակ չի ճանաչել ու հասկացել Բենին։

Երբեմն մարդուն ճանաչելու համար նույնիսկ ամբողջական մի կյանք չի բավարարում, քանի որ մարդը առեղծվածային կերպար է, կարծես նման լինի հետաքրքիր գրքի, որն ուզում ես անընդհատ ընթերցել՝ ավելի խորն ու ավելի մանրամասն, ընկղմվելով նրա էության մեջ, ինչպիսին և Բենն էր։ Այն մարդիկ ում կարող ես հեշտ ու արագ ճանաչել, ըստ իս հետաքրքիր չեն ու նրանց հետ շփումը կարճ կտևի, քանի որ բացահայտելու բան չես ունենա։ Հաջորդը ինչին կցանկանայի անդրադառնալ՝ դա Բենի ֆինանսական կարգավիճակն է, որի պատճառով նա իրեն չէր կարող թույլ տալ գնել դաշնամուր։ Ցավոք դա կյանքի օրենքներից մեկն է՝ եթե ունես գումար, ապա ունես ամեն ինչ (իհարկե նյութական), բայց Բենն ունի թաքնված տաղանդ, կամքի ուժ և նպատակասլաց լինելու հատկություն, ինչը վեր է և արժեքավոր գումարից, հենց դրա շնորհիվ էլ կյանքում կարող ես հասնել անհնարինին։