1․ Հին Կտակարանում հիշատակություն կա մեր էպոսի հերոսների մասին։ Համացանցի օգնությամբ գտի՛ր հատվածը և ներկայացրո՛ւ:
«Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ»:
2․ «Սասնա ծռեր» էպոսը հայտնի է նաև այլ անվանումներով։ Թվարկի՛ր այդ անուններից առնվազն երեքը։
«Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ»:
3․ Ովքե՞ր են մեր էպոսի գրական լավագույն մշակումների հեղինակները: Ներկայացրո՛ւ հատվածներ։
Սասնա ծռեր էպոսի գրական մշակումներ կատարել են Եղիշե Չարենցը , Հովհաննես Թումանյանը , Յակոբ Օշականը , Ավետիք Իսհակյանը , Վաղարշ Վաղարշյանը ։
Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,
Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։
Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։
Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ»
4․ Համացանցի օգնությամբ փորձիր պարզել՝ ինչ խորհրդանիշներ ունի Երվանդ Քոչարի կերտած Սասունցի Դավթի արձանը, և որո՞նք են դրանք:
Կես դարից ավել է, ինչ Հայաստանի մայրաքաղաք Երևանի խորհրդանիշն է դարձել Սասունցի Դավիթը։ Էպոսի հերոսը հզոր և ուժեղ կերպար է, որը դարձել է հայ ժողովրդի անմահության մարմնացումը, մի կերպար, որը երկար ժամանակ ստեղծում էր քանդակագործ Երվանդ Քոչարը։ Անսանձ, Վարպետի հոգին զավթած, 1939 թվականից մինչև 1959 թվականը Քոչարին հանգիստ չտվող մի կերպար…
«Իրական արարումը նման է գինու։ Հայրենի հողից սնվող խաղողը հասունանում է արևի ճառագայթների տակ, հետո այն ճզմում են և տեղավորում մառանում։ Հետո արդեն գինին ըմբոշխնում են սիրո, ծննդի, հաջողության, տխրության ու վշտի սեղաններին։ Համեղ գինին տարածվում է ողջ աշխարհում, զարդարում սեղանները… Իրական ստեղծագործությունը նման է գինու», – սա Քոչարի խոսքերն են։
5․ Քո կարծիքով, ի՞նչ է ասում էպոսն այսօր մեզ և աշխարհին:
Ըստ իս էպոսն ամբողջությամբ իրենց ներկայացնում է հայ ազգի պայքարը գոյատևման և հայրենիքի համար: Էպոսն ասում է, որ հայի կյանքն այդքան էլ հեշտ չի եղել, գտնվել ենք օտար լծի տակ, ունեցել ենք դավաճաններ, խնդիրներ ու խոչընդոտներ, եղել ենք ճնշված, թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես… Բայց բոլոր ցավերով հանդերձ մենք հաղթահարում ենք ու հաղթանակած ենք դուրս գալիս։ Եվ հենց էպոսի միջոցով մենք ներկայացնում ենք մեզ և աշխարհին , որ հայն անկախ ժամանակներից, եղել է՝ պայքարող, ստեղծող, չզիջող, հողից քարից հաց քամող, նրան ծնկաչոք անելն ուղղակի անհնար է։ Մենք կանք ու կլինենք հավերժ…
6․ 2012 թ.-ին «Սասնա ծռեր» էպոսն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում, իսկ ավելի վաղ՝ 1964 թ-ին, աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվեց լավագույնը: Փորձիր պարզել՝ ինչո՞ւ:
ՅՈւՆԵՍԿՕ — ի հիմնական նպատակն է եղել խաղաղության և անվտանգության ամրապնդումը, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում ազգերի համագործակցության միջոցով: «Սասնա ծռեր» էպոսը ավելի շատ հայրենասիրության, ընտանիքի սիրո ու հարգանքի մասին է։
7․ Ի՞նչ ես կարծում, էպոսի ո՞ր հատվածներն են համահունչ այսօրվան։ Ի՞նչ հատվածներ կառանձնացնեիր։
Չեմ կարող հստակ որևէ հատված առանձնացնել, քանի որ ըստ իս բոլորն մասերն էլ մեր օրերում տեղ ունեն ու համահունչ են…
8․ Գրիր ստեղծագործական հերոսապատում տրված վերնագրերից որևէ մեկով՝ «Մենք ենք, մեր սարերը», «Մենք հավերժ ենք մեր լեռների պես», «Իրական հերոսներ»։
«Իրական հերոսներ»
Ըստ իս բոլորն էլ հերոսներ են, իհարկե կարող ենք որոշ բացառություններ անել, բայց յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կոչվել հերոս… Չնայած որ շատերը համամիտ չեն ինձ հետ, բայց մեկ է իմ կարծիքը դրանից չի փոխվում։ Հերոս կարող եմ անվանել ծնողներիս, որովհետև քրտնաջանորեն փորձում են մեզ համար կառուցել բարեկեցիկ ապագա ու անհոգ կյանք։ Հերոս կարող եմ կոչել վերնիսաժում արևի, անձրևի տակ հուսահատված նկարիչներին, ովքեր փորձում են բարձր պահել մեր մշակույթը իրենց ստեղծագործություններով։ Հերոս կարող եմ կոչել յուրաքանչյուր բնագավառում աշխատող ու ստեղծագործող մարդկանց, ովքեր մի կողմ դնելով իրենց խնդիրները, փորձում են զարգացնել ու օգուտ տալ մեր երկրին ու հասարակությանը։ Դե իհարկե հերոս կոչում եմ բանակում ծառայող յուրաքանչյուր անձի, ովքեր մի կողմ դնելով իրենց հարազատներին, կյանքն ու ապագայի համար կազմած պլանները, վտանհելով իրենց առողջությունն ու կյանքը պաշտպանում ու խաղաղություն են հաստատում մեր երկրում։ Բոլորս էլ հերոսներ ենք յուրովի…