
Սոցիալական փորձը անձը յուրացնում է որոշակի հոգեբանական մեխանիզմների միջոցով, առանց որոնց անհնար կլիներ սոցիալականացման ցանկացած ձև: Նմանակումն ու նույնականացումը համարվում են հիմնարար մեխանիզմներ այդ գործընթացում:
Նմանակումը անձի գիտակցված ձգտումն է նմանակել որոշակի վարքային ձևեր: Որպես նմանակման օբյեկտ հանդես են գալիս ծնողները, ուսուցիչները, բարձր դիրք զբաղեցնող և տվյալ անձի համար հեղինակավոր հանդիսացող մարդիկ:
Նույնականացումը երեխաների կողմից ծնողների և այլ մարդկանց վարքային ձևերի յուրացումն է որպես իրենց սեփականը: Նույնականացումը մի կողմից ապահովում է զանազան վարքային ձևերի յուրացում, իսկ մյուս կողմից սպառնում է սեփական անհատականության մասնատմանը: Այսինքն, եթե անձը յուրացնի բազմաթիվ վարքաձևեր որպես իր սեփական վարքաձև, արդյունքում նա կկանգնի իր իսկական էության կորստի վտանգի առջև, քանի որ կդժվարանա հասկանալ, թե իր վարքաձևերից որն է ուրիշներից փոխառնված, իսկ որն է իրենը: Սակայն մյուս կողմից էլ, շատ վարքաձևեր կան, որոնց երեխան չի կարողանա տիրապետել, եթե չնույնակականա որևէ մեծահասակի հետ և չյուրացնի դրանք:
Ինչպես տեսանք, նմանակումը նույնականացումից տարբերվում էր նրանով, որ այս դեպքում անձը նմանակում է այլ մարդկանց վարքը, սակայն միևնույն ժամանակ հասկանում է, որ դա իր իսկական վարքաձևը չի, իսկ նույնականացման դեպքում այդ գիտակցումը չկա: Այնուամենայնիվ, սրանք երկուսն էլ առկա են մարդու սոցիալականացման գործընթացում և իրենց ուրույն դերն են կատարում` անկախ նրանից գիտակցված են թե ոչ:
Հասարակության մեջ ներգրավվելու գործընթացում առանձնացվում են հետևյալ փուլերը.
Առաջնային սոցիալականացում — երբ երեխան յուրացնում է սոցիալական փորձը առանց քննադատության, հարմարվում է: Այս փուլը ներառում է ծնված օրվանից մինչև դեռահասության շրջանը:
Անհատականացման փուլ – այս փուլում ի հայտ է գալիս բոլորից առանձնանալու և տարբերվելու ցանկություն: Նկատվում է հասարակական և վարքային նորմերի նկատամբ քննադատական վերաբերմունք: Ներառում է դեռահասության և պատանեկության շրջանը:
Միավորման փուլ— առաջ է գալիս հասարակության մեջ սեփական տեղը գտնելու և նրա մեջ ներգրավվելու ցանկություն:
Աշխատանքային փուլ – ներառում է մարդու հասունության ողջ շրջանը, նրա աշխատանքային գործունեությունը, երբ մարդը ոչ միայն յուրացնում է սոցիալական փորձը, այլև վերարտադրում է այն իր գործունեության միջոցով` ակտիվ ներգործելով շրջապատող միջավայրի վրա:
Հետաշխատանքային փուլ – դիտարկվում է որպես հասուն տարիք, որին հասած մարդն էական ներդրում է ունեցել սոցիալական փորձի վերարտադրության և այն ապագա սերունդներին փոխանցելու հարցում:
Աղբյուրները, որոնցից օգտվել եմ՝ 1, 2
Վերլուծություն
Իմ կարծիքով, որպեսզի անհատը ձեռք բերի իր դիրքն ու տեղը հասարակության մեջ, չպետք է հետևի իրեն շրջապատող մարդկանց վարքագծին, պետք է շրջապատի օրինակով ստեղծի իր սեփական վարքագիծը։ Մեր օրերում հասարակությունը, ինչու ոչ նաև ծնողները, շատ են խոչընդոտում երեխային կողմնորոշվելու հարցում, այստեղից էլ առաջանում է անորոշ վիճակ, այսինքն երեխան չի հասկանում իր դերը հասարակության մեջ…