Հայաստանի լեռները

on

«Հայաստանի լեռները» նախագիծ

Հին ճանապարհներն անսպասելիորեն մեզ տանում են դեպի նոր ճանապարհներ։ Բնությունը մեզ հետ ստեղծում է էմոցիոնալ կապ, որն էլ իր հերթին ստեղծում է հիշողություններ։ Մենք հակված ենք կրկին ու կրկին վերադառնալ և քայլել այդ նույն, անվերջ թվացող արահետներով և լեռնաշղթաներով ի շնորհիվ այդ հիշողությունների։ Ամենավառ հիշողությունները հենց կապված են լեռների հետ։ Հայաստանի լեռներում անվերջ կարող ենք քայլել։ Բայց այնուամենայնիվ մեկնարկը պետք է տրվի։ Պարզապես սկսենք ճանապարհորդել ներսում։ Լեռներն են մեզ ներս տանում, լիարժեք ճանաչելու Հայաստանը։ Ներս, երկրի «հոգին» տեսելու և բացահայտելու այն։

Լեռնագնացություն Հայաստանում

Հազար ու մի լեռների երկիր Հայաստանը իսկական դրախտավայր է բոլոր լեռնագնացների ու լեռնասերների համար։ Որ կողմ էլ նայես, ամենուր մեծ ու փոքր լեռներ են ու միշտ բացահայտելու ինչ-որ նոր բան կգտնես։ Բայց այդ հազարավորների մեջ կան նաև այնպիսինները, որ տպավորվում են մի ամբողջ կյանք, դառնում հիշողություններիդ մի մասն ու անդադար իրենց մոտ կանչում։ Ստորև կներկայացնեմ լեռների ցանկ, որը նաև կօգնի կողմնորոշվել ճանապարհորդությունների հարցում։

Աժդահակ լեռ

Աժդահակի խառնարանը

Ամռանը 3597 մ բարձրության հասնող Աժդահակ լեռ կարելի է հասնել ամենագնաց մեքենայով, իսկ ձմեռային եղանակին անհրաժեշտ կլինի քայլել ոտքով Ազատ գետի ձախակողմյան հատվածով: Այս հրաբխային կոնը համարվում է Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։

Աժդահակի գագաթ բարձրանում են տարբեր ճանապարհներով։ Դասականը դա Պայտասար- Կարմիրկատար- Աժդահակ երթուղին է։ Արշավի սկիզբը տրվում է 3000-3100 մ բարձրությունից՝ Պայտասար լեռան ստորոտից։ Խմբային արշավների դեպքում ճանապարհի մի մասը անցնում ենք բեռնատար մեքենաներով, իսկ անհատական արշավների՝ ամենագնաց մեքենաներով։

Աժդահակի լանջերին կարելի է տեսնել բազմաթիվ ժայռապատկերներ, որոնք մեզ են հասել V-IV հազարամյակներից մ.թ.ա. : Դրանց վրա պատկերված են տարբեր կենդանիներ՝ ձկներ, վիշավ-հրեշներ և այլն:
Դեպի Աժդահակ վերելքն ու վայրէջոքը կազմում են 6-8 ժամ միջին մարզվածության զբոսաշրջիկի համար: Ճանապարհն անցնում է գեղեցկագույն արահետներով, որոնք տեսարան են բացում դեպի անհավատալի լանդշաֆտ: Հասնելով խառնարան, հնարավոր է լինում տեսնել սառցե լճի գեղեցկությունը:

Ամենագեղեցիկ դիտակետը տեսնելու Աժդահակը իր ամբողջ գեղեցկությամբ դա Կարմիրկատարի գագաթն է, որը նույնպես ունի կարմիր գույն։ Ե՜վ Կարմիրկատարը, և՜ Աժդահակը ունեն խառնարանային լճեր։ Աժդահակի խառնարանային լիճը 1 րոպեյում մի քանի անգամ փոխում է իր գույները։ Լավ եղանակի դեպքում գագաթից երևում է Սևանա լիճը, Ակնա լիճը, Վանքի լիճը և մեկ ուղղությամբ Հատիսը, Արան և Արագածը։

Սառցապատ լեռ

Սառցապատը Իջևանին հարող լեռների ամենաբարձր գագաթն է։ Բարձրությունը կազմում է 2532 մ։ Լեռը գտնվում է Արոսագետ և Սառնաղբյուր գետերի միջև, Հաղարծին գյուղից 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Սառցապատի լանջին է գտնվում Շաղոտի ջրվեժը։ Ջրվեժը նաև անվանում են «արծվի թևեր», քանզի հարակից ժայռերը նման են արծվի թևերի։ Ունի 10 մ բարձրություն։ Դեպի Սառցապատ ճանապարհը քարքարոտ է։ Սառցապատ հասնելու համար Հաղարծին գյուղից ամենագնաց մեքենաներով կարելի է հասնել մինչև 1700 մետր բարձրություն և այնտեղից սկսել քայլել։ Ընդհանուր քայլարշավի երկարությունը 13 կմ է։ Սառցապատն ունի թե՜ անտառապատ, թե՜ մարգագետնային ծածկույթ։ Սառցապատից երևում են Դիմաց լեռը, Այրիքարը, Միափորի լեռնաշղթան։ Գագաթից չքնաղ տեսարան է բացվում դեպի Դիլիջանի անտառները։

Եթե մի անգամ լինեք Սառցապատում, միանգամից պարզ կդառնա, թե ինչու են լեռն այդպես կոչում։ Ժայռը իր տեսքով նման է սպիտակ սառույցի։ 

Զոհասար լեռ

Մանթաշի ջրամբարից ոչ հեռու՝ Արագածի հյուսիսային լանջին գտնվող այս սարը հանգած հրաբուխ է: Բարձրությունը կազմում է 3063 մ: Այն կազմված է վերին անթրոպոգենի խարամներից: Հաճախակի հանդիպում են քարաբեկորային կուտակումներն ու մորենները:

Զոհասարից բացվող տեսարանը ստիպում է մտածել, թե տարբեր աշխարհներ ես տեսնում. մի կողմից Արագածի գագաթներն են՝ ձնապատ, մյուս կողմից շրջակա գյուղերը, որտեղ եղանակը լիովին տարբերվում է նախորդ տեսարանից:

Աչքասար լեռ

Աչքասարը գտնվում է Շիրակի մարզում: Այն կազմում է Ջավախքի լեռնաշղթայի մի մասը, որ ձգվում է 65 կմ և հասնում մինչև Վրաստան: Հայաստանի տարածքով այն անցում է միայն 20կմ: Աչքասարը լեռնաշղթայի ամենաբարձր կետն է: Լեռան բարձրությունը հասնում է 3196մ-ի:

Աչքասարից է սկիզբ առնում Մթնաձոր վտակը, որը Տաշիր գետի աջ վտակն է: Լեռնագագաթը հանդիսանում է լավային կոն, որի վրա կա լանդշաֆտային հարուստ բազմազանություն: Այն հարուստ է բուսականությամբ, ինչին նպաստում է կլիմայի խոնավությունը, և ալպյան հարթություններով, ինչպես նաև հրաբխային ասպարներով: Հենց խոնավության հետևանքն է հանդիսանում այն, որ լեռան ստորոտները պատված են ճահճուտներով, փոքր լճերով և աղբյուրներով: Աղբյուրներից մեկը Յոթաղբյուրն է:

Ուրծ լեռ

Ուրծի լեռները գտնվում են ՀՀ Արարատի մարզում։ Լեռնաշղթայի ընդհանուր ձգվածությունը կազմում 25կմ։ Ուրծի լեռնաշղթան զերծ է բուսականությունից։ Լեռնաշղթայի ամանբարձր կետը Ուրծ լեռնագագաթն է։ Բարձրությունը կազմում է 2446մ։ Ծայքաբեկորային ծագում ունեցող լեռ է։

Ուրծի լեռները հատկապես հրաշալի են ձմեռային արշավների համար։ Ուրծի լեռնագագաթ հասնելու համար, արշավը սկսվում է Տիգրանաշեն գյուղից, իսկ ավարտվում է Լանջառ գյուղում։ Քայլարշավը միջին բարդության է։ Արշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 14կմ։ Լավ եղանակի դեպքում գագաթից հիասքանչ տասարան է բացվում դեպի Արարատ։ Գագաթից իջնելուց կարելի է այցելել Սբ․ Կարապետի վանք, որը գտնում է լեռան հյուսիսային լանջերին՝1850մ բարձրության վրա։

Արմաղան լեռ

Երևանից 136 կմ հեռավորության վրա է գտնվում Գեղամա լեռնավահանի ամենագեղեցիկ լեռներից մեկը՝ Արմաղանը։ Լեռան բարձրությունը կազմում է 2829մ, իսկ հարաբերական բարձրությունը՝400։ Արմաղան հասնելը դժվար չէ։ Ամենագնաց մեքենաներով նույնիսկ մինչև գագաթ կարելի է հասնել, բայց ամբողջ հաճույքը հենց քայլելու մեջ է։ Առաջին հայացքից, երբ նայում ես լեռանը, թվում է թե բարձրանալը դժվար է լինելու, քանի որ լանջերը շատ կտրուկ են։ Բայց բավական է սկսես քայլել ու բոլոր կասկածներդ վերանում են։

Արմաղանի գեղեցկությունը հեռվից հասկանալն անհնար է։ Թվում է թե մի սովորական լեռ է էլի՜։ Միայն գագաթ հասնելուն պես ես տարվում լեռան գեղացկությամբ ու հասկանում իրական հրաշքը։ Գագաթին քո առջև բացվում է հրաբխային խառմարանը, որը մասամբ լցված է ջրով։ Լճակի խորությունը ընդհամենը 1,5մ է։ Լոռնագագաթին նաև մի եկեղեցի կա, որ կոչվում է Սբ․ Հովհաննես։ Այն կառուցվել է 2009թ․-ին՝ հին մատուռի տեղում։

Արմաղանի հետ կապված մի գեղեցիկ ավանդապատում կա։ Ասում են, թե երկնային փերիները երբեմն իջնում են լճից ջուր խմելու, և այդ ժամանակ լեռը մառախուղով է պատվում, որպեսզի ոչ-ոք նրանց չնկատի։

Նաև, որ Արմաղանը հրաշալի վայր է հատկապես սկսնակ լեռնագնացների համար։

Թեժքար լեռ

Թեժքար լեռը գտնվում է Արարատի մարզում՝ Տիգրանաշեն գյուղի մոտ։ Լեռան բարձրությունը կազմում է 1735մ։ Վերելքը սկսվում է Տիգրանաշեն գյուղից։ Լեռան գագաթից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռ։ Երևում են Նախիջևանի սահմանն ու Ուրծի լեռնաշղթան։ Գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատյան դաշտավայր։ Ոչ պաշտոնական տվյալներով Թեժքար անվան ծագումը կապում են այն փաստի հետ, որ ամռանն այստեղ շատ շոգ է լինում։ Գրեթե ողջ ճանապարհն ամայի է, նման անապատի։ Իսկ դա նշանակում է, որ տեսադաշտն ամբողջությամբ բաց է, և ողջ ճանապարհին կարող ես հիանալ բնության չկրկնվող գեղեկությամբ։

Թեժքար լեռը որպես տուրիտական ուղղություն ակտիվացել է հատկապես վերջին տարիներին։ Այս լեռը շատ հարմար է հատկապես ձմեռային վերելքների համար, քանզի շատ բարձր չէ և անվտանգ է։ Արշավելու համար հարմար սեզոն է նաև աշունն ու գարունը, միայն թե շոգ չլինի։

Լոք լեռ

Վրաստանի սահմանգխին է գտնվում Վիրահայոց լեռների գագաթներից մեկը՝ Լոք լեռը։ Վիրահայոց լեռները տարածվում են Հայաստանի և Վրաստանի սահմանի երկայնքով, մոտ 73 կմ երկարությամբ։

Թե ինչու «Լոք» դժվար է ասել։ Միայն կարելի է ենթադրել՝ մի լոնք ու դու սահմանի մյուս կողմում ես։ Լեռան բարձրությունը կազմում է 2140 մ։ Հարաբերական բարձրությունը կազմում է մոտ 400 մ։ Լոք լեռ բարձրանալու համար նախ պետք է հասնել Սարչապետ գյուղ, որը մարզկենտրոն Վանաձորից գտնում է 68կմ, իսկ Երևանից՝ 167 կմ հեռավորության վրա։ Վերելքը սկսվում է Սարչապետ գյուղից։ Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 10-11 կմ։ Լեռը հատկապես հրաշալի տարբերակ է ձմեռային արշավների սիրահարների համար, քանի որ հարաբերական բարձրությունը մեծ չէ։ Լոքի գագաթին գտնվում է Լոքի բերդը։ Հինավուրց բերդը թվագրվում է 12-րդ դարին։ Կա նաև փոքրիկ մի մատուռ, ոը վերջերս է վերանորոգվել։ Լավ եղանակի դեպքում գագաթից կարելի է տեսնել նույնիսկ Թբիլիսին։

Քիրս լեռ

Մեծ Քիրս լեռը գտնվում է Իշխանասարի լեռներում՝ Արցախի լեռնաշղթայի հարավային մասի ճյուղավորումներից է, բարձրությունը կազմում է 2724 մ։ Քիրս լեռը բավականին արտահայտիչ տեսք ունի, և այն հեռվից առանձնանում է իր վեհ գեղեցկությամբ, լեռան գագաթի հատվածը նման է սեղմված բռունցքի։ Վերելքները դեպի Քիրս լեռան գագաթ իրականացնում են Քիրսավան գյուղից, արշավի երկարությունը կազմում է մոտ 12 կմ։ Լանջերից գեղեցիկ երևում են Ստեփանակերտ, Շուշի քաղաքները։

Օձասար (Վիշապասար)

Օձասար (Վիշապասար) լեռը գտնվում է Զանգեզուրի լեռների հարավարևմտյան փեշերին՝ Գիլան և Երնջակ գետերի ջրբաժանում։ Ունի սյունաձև, սլացիկ տեսք և շրջակայքի ցածրադիր, բլրաշատ տարածքում ավելի է ընդգծվում։ Լեռնազանգվածն ունի լերկ, ժայռոտ կազմություն։ Կողերը ակոսված են խիստ ընդգծված ձորերով ու փոսորակներով: Գագաթային մասը երկփեղկ է։

Օձասարի ավանդազրույցը
Ավանդազրույցի համաձայն երկփեղկ գագաթն ավազակներից և թշնամիներից հալածված, քարացած սիրահար զույգ է։ Մեկ այլ ավանդությամբ պատմվում է, որ երբ երկիրը համատարած ծածկված էր ջրով, Նոյի տապանը գիշերը դիպել է այս լեռանը և հարվածի ուժից լեռը ճեղքվել է։ Նոյն անիծել է լեռը և այստեղ բույն են դրել օձերն ու վիշապները։

Ասում են նաև՝ լեռն օձասար է կոչվել, քանի որ նրա տարածքում հաճախ տեղի են ունենում օձերի «ճակատամարտեր»։ Մեկ այլ ավանդության համաձայն էլ այս լեռը ճեղքված գլխով քարեղեն վիշապ է։ Եղել է վիշապաքաղ Վահագն աստծո սպանած վիշապներից մեկը, որին իր կայծակեղեն թրով սպանելով թողել է տեղում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s