Կոնդն ապրում է

on

Կոնդ. հին Երևանի ոգին պահպանած թաղամաս (տեսանյութ)

Հին Երևանի բարձրադիր թաղամասն այսօր մի քիչ մշակութային խառնարանի է նմանվել՝մի կողմից նեղ ու խորդուբորդ ճամփաներ, մեկ-երկուհարկանի տներ՝ խարխլված տանիքներով կամ անտանիք, սակայն բավական է հայացքդ մի քիչ շեղես ու այն կբախվի ինչ-որ նորակառույցի՝ խաթարելով Հին Երևանի պատրանքը։

Բայբուրդյան Պետրոս
Հին Երևան. Կոնդ. Մզկիթ (1961)

Կոնդի պատմամշակութային արժեքի մասին բարձրաձայնել են մեծաթիվ պատմաբաններ ու ճարտարագետներ, ասում են՝ Կոնդն ամենահինն ու, որպես այդպիսին, միակ թաղամասն է, որը մեծապես պահպանել է իր վաղեմի տեսքն ու այժմ պատմական նշանակություն ունի։

Այդուհանդեձ պաշտոնապես այն երեք պատմական հուշարձան ունի, որոնցից ամենահայտնին սուրբ Հովհաննես եկեղեցին է։ Սակայն առավել խորը շրջայցի դեպքում կարող ես հայտնաբերել, որ տներից մեկի նկուղում՝ պատերին պահպանվել են հին պարսկական նկարազարդումներ։ Իսկ մեկ այլ տան դուռ թակելով կտեսնես, որ այն ժամանակին մզկիթ է եղել։

Այդուհանդերձ Կոնդում, բացի հայերից ապրել են նաև մուսուլմաններ, ինչի ապացույցն առկա մզկիթն է։ 1915 թվականի ջարդից մազապուրծ 17 ընտանիք է բնակություն հաստատել վերոնշյալ մզկիթում: Նրանց ժառանգները մինչ օրս ապրում են մզկիթում։ Մեծ գմբեթը 60-ականներին փլվել է, իսկ փոքրը կանգուն է մինչ օրս: Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում, 1679 թվականին տեղի ունեցած Երևանի Մեծ երկրաշարժից այն ավերվել է, և միայն 1710 թվականին Մելիք Աղամալյանը վերականգնել է եկեղեցին: Ի դեպ, Աղամալյանները ժամանակի մեծահարուստներից էին, նրանք ունեին երկհարկանի շքեղ առանձնատուն, հենց այդտեղ է գտնվում նախկին «Դվին» հյուրանոցը:

Փաստարկներն առ այն, որ Կոնդը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից լիուլի են. դեռևս 1930-ականներին, երբ Կոնդում շինարարական աշխատանքներ սկսվեցին, Կոզեռն գերեզմանատան տեղում հայտնաբերվեցին վաղ քրիստոնեական դամբարաններ։ Խորհրդային տարիներին հայտնաբերվեցին նաև Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի մետաղադրամներ, հին շրջանի թաղումների հետքեր, ծիսական իրերի մնացորդներ։

Երևանը հին ժամանակներից բաժանված է եղել երեք թաղի՝ Հին Թաղ, Կոնդ և Քարահանք… Կոնդը բռնել է քաղաքի արևմտյան վերին բարձր մասը: Այդ թաղը մեծացել և ընդարձակվել է, երբ այդտեղ, 1724-1725 թվականներին, բնակություն են հաստատել նստակյաց դարձած հարյուր տուն հայ բոշաները, այդտեղ բնակվել են եւ հայ մելիքները»։

Երվանդ Շահազիզ, «Հին Երևան»

Կոնդն իր անվանումը ստացել է բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Արդեն պարսից տիրապետության ժամանակ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որն էլ Կոնդ բառի թարգմանությունն է։ Հեռանալով դեպի պատմական անցյալ, կարող ենք փաստել, որ Կոնդն՝ իր կառուցվածքով, ձևով ու դասավորությամբ ձևավորվել է ինքնաբերաբար, առանց հստակ ճարտապետական նախագծի։ Կոնդի գագաթին տեղակայված են եղել մեկ-երկու հարկանի տներ, իսկ ստորոտին բնակություն են հաստատել ժամանակի մեծահարուստները։ Իսկ այ խորհրդային տարիներին ստորոտի բնակչությունը փոխվել է. մեծահարուստների փոխարեն այստեղ տներ են կառուցվել անվանի արվեստագետների ու մտավորականների համար։

1920-ականներին Կոնդին նոր շունչ տալու գործը հանձն առավ ճարտարապետ Թամանյանը, վերջիս նախաձեռնեց թաղամասի հատակագիծը։ Բացի Թամանյանից, բազմաթիվ ճարտարապետներ նույնպես ներկայացրեցին Կոնդի վերակառուցման իրենց տեսլականը։ Արդյունքում «Երևաննախագիծ»-ը մշակեց Կոնդի հատակագիծը, որը ենթադրում էր հիմնականում հինգհարկանի շենքերի կառուցում, իսկ թաղամասի հարավ-արևելյան շրջանում՝ ցածր առաստաղներով, փոքրիկ տներ, որոնք պիտի ընդգծեին առկա կոլորիտը։

Բոլոր նախագծերն այդպես էլ մնացին թղթերի վրա…

2006 թվականին Կառավարության որոշմամբ Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային բացառիկ գերակա շահի ենթակա տարածք, բնակիչների հետ պայմանագրեր կնքվեցին, սակայն խոստացված նորակառույցները դեռև անավարտ են…Այժմ Կոնդի տարածքը կազմում է 16 հեկտար, այս հին, երևանյան թաղամասը հարում է Պարոնյան, Լեո, Սարյան, Պուշկին փողոցներին։

Ահա, թե ինչպիսին էր Կոնդը, ահա, թե ինչպիսին է այն հիմա և միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին այն կտեսնեն հաջորդ սերունդները։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s