Երևանի փողոցները

on

Երևանի փողոցները (1)

Կորյունի փողոց

Կորյունի փողոցն անվանվել է ի պատիվ հայ պատմիչ, վարդապետ, թարգմանչաց շարժման գործիչ, Մեսրոպ Մաշտոցի աշակերտ՝ Կորյունի։ Քաղաքային նշանակության փողոց է։ Սկսվում է Չարենցի և Նալբանդյան փողոցների հանգույցից և ձգվում մինչև Մաշտոցի պողոտա։ Խորհրդային տարիներին կոչվել է Կիրովի փողոց՝ ի պատիվ խորհրդային պետական և կուսակցական գործիչ Սերգեյ Կիրովի։

Չարենցի փողոց

Չարենցի փողոցն անվանվել է ի պատիվ հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի։ Սկսվում է Կորյունի (դառնալով նրա շարունակությունը), Հերացու և Նալբանդյան փողոցների հանգույցից, ձգվում դեպի հարավ-արևմուտք և հասնում մինչև Վարդանանց ու Նար-Դոսի փողոցների վերջ։ Նախկինում կոչվել է Այգեստանի փողոց։

Ֆիզկուլտուրնիկների փողոց

Սկսվում է Ալեք Մանուկյան փողոցից, ձգվում դեպի հյուսիս-արևելք, Այգեստանի 7-րդ փողոց չհասած, ընդհատվում է։ Վերսկսվում է Այգեստանի 4-րդ փողոցի վերջից, հատում Շարա Տալյան փողոցը և ավարտվում Չարենցի փողոցում։

Տպագրիչների փողոց

Սկսվում է Վարդանանց փողոցի №5 և №7 շենքերի մոտից, ձգվում հարավարևելյան ուղղությամբ, հատում Հանրապետության փողոցը և հասնում Վարդանանց փողոցի անցուղի։

Հանրապետության փողոց

Սկսվում է Տիգրան Մեծի պողոտայից, ձգվում հյուսիսային ուղղությամբ և ավարտվում Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում։ Երթևեկությունը փողոցով միակողմանի է։

Խորհրդային տարիներին կոչվել է Ալավերդյան փողոց՝ ի պատիվ հեղափոխական, ՀԿԿ հիմնադիրներից մեկի՝ Ստեփան Ալավերդյանի։ Նախկինում փողոցը սկսվել է Մովսես Խորենացու (խորհրդային տարիներին՝ Մարքսի) փողոցից, սակայն 2002 թվականին փողոցի սկզբնամասն անվանվել է նշանավոր դերասան Մհեր Մկրտչյանի անունով։

Փավստոս Բուզանդի փողոց

Երեմ Սանահյանի բնակելի տունը

Գտնվում է Երևանի կենտրոնական հատվածում՝ Կոնդ թաղամասից դեպի հյուսիս֊արևմուտք և հարավ֊արևելք։ Զուգահեռ է Ամիրյան (Նազարովսկայա) և Արամի (Ցարսկայա) փողոցներին և պարփակված այդ փողոցների միջև։ Անվանվել է ի պատիվ հայ պատմիչ Փավստոս Բուզանդի։ Սկսվում է Խանջյան փողոցից և հասնում մինչև Մաշտոցի պողոտա։ Նախկինում փողոցը շարունակվում էր մինչև Սարյան փողոց, սակայն այդ հատվածը 2014 թվականին վերանվանվեց Կարեն Դեմիրճյանի անունով։

Պատմություն

Փողոցի կառուցումը սկսվել է դեռևս 19-րդ դարի 30-ականներին՝ համաձայն Երևանի գլխավոր հատակագծի։ Կառուցումը սկսվել է ներկայից Մանկական երկաթուղի տանող թունելների մոտից։ Հնում այդ հատվածը կոչվել է Խանբաղ կամ Խանի բաղեր, որովհետև այդտեղ են գտնվել Երևանի խանի այգիները։

Սկզբում փողոցը կրել է 1830֊1838 թթ հայկական մարզի կառավարիչ եղած գեներալ Վասիլ Բեհբութովի անունը, ով սերում էր հայկական ազնվական տոհմից։ 20-րդ դարում՝ Հայաստանի առաջին հանրապետության օրոք վերանվանվել է Դաշնակցության հիմնադիրներից մեկի՝ Սիմոն Զավարյանի անունով։ 1921 թ. փետրվարին, երբ 11-րդ Կարմիր բանակը մտնում է Երևան և անցնում Աստաֆյան փողոցով, փողոցն անվանափոխվում է բոլշևիկ, Ղարաբաղի մարզի բոլշևիկյան կոմիտեի հիմնադիր Ռուբենի անունով, ում կիսանդրին տեղադրված էր Աստաֆյան փողոցի անկյունում։ Սակայն կարճ ժամանակ անց փողոցը վերանվանվում է համառուսաստանյան կենտրոնական գործադիր հանձնաժողովի նախագահ, խորհրդային հեղափոխական գործիչ Յակով Սվերդլովի անունով, իսկ 1990-ական թթ՝ հայ պատմիչ Փավստոս Բուզանդի անունով։

Աթենքի փողոց

«Հրազդան» մարզադաշտ. ձախից Աթենքի փողոցն է

Փողոցն անվանվել է ի պատիվ Հունաստանի մայրաքաղաք Աթենքի։ Սկսվում է Ծովակալ Իսակովի պողոտայի և «Հաղթանակ» կամրջի հատման վայրից և հասնում մինչև Բրազիլիայի հրապարակ։ Հատող փողոցներ չունի։

Ամիրյան փողոց

Ամիրյան փողոցն անվանվել է ի պատիվ հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյանի։

Դեղատան փողոց

Երևանում առաջին դեղատներից մեկը բացվել է հենց այդ փողոցում, որի անունով էլ կոչվել է փողոցը։ Անվանումը ստացել է Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատելուց առաջ։ ԽՍՀՄ-ի օրոք վերանվանվել է Էնգելսի փողոց՝ ի պատիվ գերմանացի փիլիսոփա, մարքսիզմի հիմնադիրներից մեկի՝ Ֆրիդրիխ Էնգելսի։

Սկսվում է Վազգեն Սարգսյան փողոցից և ձգվում հարավարևելյան ուղղությամբ մինչև Պետրոս Ադամյան փողոց։

Մհեր Մկրտչյան փողոց

Անվանվել է ի պատիվ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի։ Անվանումը ստացել է 2002 թվականի մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, երբ Երևանի Հանրապետության (խորհրդային տարիներին՝ Ալավերդյան) փողոցի վերջնամասը կոչվեց Մհեր Մկրտչյանի անունով։

Սկսվում է Տիգրան Մեծի պողոտայից (նախկին «Երևան» կինոթատրոնի մոտից) և ձգվում մինչև Մովսես Խորենացու փողոց։

Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց

Գտնվում է Մինաս Ավետիսյան և Լեփսիուսի 1-ին փողոցների միջև։ Սկսվում է Կարապետ Ուլնեցու փողոցից, ձգվում հյուսիսարևելյան ուղղությամբ և ավարտվում Լեփսիուսի փողոցի հետ հատումով։

Խորհրդային տարիներին կոչվել է Գաստելլոյի 5-րդ փողոց, Հայաստանի անկախացումից հետո վերանվանվել է Լեփսիուսի 2-րդ փողոց։ 2020 թվականի սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստում որոշվեց փողոցը վերանվանել ազգությամբ եզդի քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ, Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 1-ին և 2-րդ գումարումների պատգամավոր, 1918 թվականի Մայիսյան հաղթական հերոսամարտերի մասնակից Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով։

Ֆիրդուսու փողոց

Անվանվել է ի պատիվ պարսիկ նշանավոր բանաստեղծ Ֆիրդուսու։
Սկսվում է Տիգրան Մեծի պողոտայում և ավարտվում Չայկովսկու փողոցում։ Փողոցը երթևեկելի չէ, քանի որ նրա ամբողջ երկայնքով գործում է ապրանքային շուկա։ Հատվող փողոցներ չունի։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s