Երևանի թանգարանները

on

Երևանի մշակութային ու տեսարժան վայրերը

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան, թանգարան Երևանի Նոր Նորք համայնքի առաջին զանգվածում՝ Նանսենի անվան այգու Ֆրիտյոֆ Նանսենի անվան փողոցում։ Թանգարանը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո։

Թանգարանում ցուցադրվում են նորվեգացի բևեռախույզ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի կյանքին և գիտական ու մարդասիրական գործունեությանն առնչվող գրքեր, ֆիլմեր, ցուցապաստառներ, հոբելյանական նյութերի միջոցով թողարկված քանդակներ։

Թանգարանում առանձին բաժին է հատկացված հովանավորներ Կառլեն և Սառա Եսայանների կյանքին և հայրենասիրական գործունեությանը։

Միջին Արևելքի արվեստի թանգարան

Թանգարանն ունի 3 ցուցասրահներ, որտեղ ներկայացված են Մարկոս Գրիգորյանի՝ պարսկական, հայկական, եվրոպական կիրառական արվեստի նմուշներ, գեղանկարներ, գորգեր, հողանկարներ, մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարն ընդգրկող արվեստի շուրջ 2500 ցուցանմուշներ, գերակշռում են Իրանի տարբեր նահանգների մշակութային արժեքներ, զրահադաշտական պաշտամունքային առարկաներ, Էլամի խեցեղենի, վաղ բրոնզի դարի խեցեղենի, իսլամական միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներ, պարսկական և հայկական հնագիտական իրեր, միջնադարյան ձեռագրեր, իրանական մանրանկարչություն, ուշ միջնադարյան ղաջարական կերպարվեստի նմուշներ, ազգագրական իրեր։

Մարկոս Գրիգորյանը հավաքածուի զգալի մասը ձեռք է բերել Իրանում ապրելու տարիներին և 1993 թվականին այն տեղափոխել է Հայաստան։

Գտնվում է Արամ փողոցի վրա։

Երևանի թատերական թանգարան

Թանգարանի պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականից: Այն սաղմնավորվել է իբրեւ Հայաստանի Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին կից Երեւանում ստեղծված Պետական կուլտուր-պատմական թանգարանի պատմագրական բաժին: Ըստ էության գործել է 1922-ից՝ ղեկավարությամբ բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզի (1856-1951), որը Նոր Նախիջեւանից Երեւան էր բերել եւ թանգարանին հանձնել Մ. Նալբանդյանի, Գ. Պատկանյանի, Ռ. Պատկանյանի, Հ. Խալիպյանի, Ս. Շահազիզի արխիվները, Նոր Նախիջեւանի հայ գաղութի պատմությանը վերաբերող վավերագրեր, հնատիպ գրքեր եւ այլ նյութեր: Մինչ այդ (1921 թ. հոկտեմբերին), Հովհաննես Թումանյանի միջոցով, թանգարանին էր հանձնվել Սայաթ-Նովայի երգերի ինքնագիր տետրը՝ Դավթարը…

Հետագա տարիներին Կուլտուր-պատմական թանգարանի պատմագրական բաժինը համալրվում է հայ դասական գրողների, գրական-մշակութային գործիչների ու հաստատությունների բազմաթիվ նյութերով եւ 1935 թվականի մայիսի 16-ից առանձնացվում որպես ինքնուրույն գիտական հիմնարկ՝ Պետական գրական թանգարան անունով (առաջին տնօրենը՝ Խորեն Սարգսյան): Նույն թվականին թատերագետ Սարգիս Մելիքսեթյանի ջանքերով հիմնվում է նաեւ Երեւանի թատերական թանգարանը: Դրանից մեկ տարի առաջ Երեւանի կոնսերվատորիայում երաժշտական մի շարք ֆոնդերի ընդգրկմամբ բացվել էր Ռ. Մելիքյանի անվան կաբինետը: 1942 թ. հուլիսի 21-ից Գրական թանգարանը դուրս գալով Լուսժողկոմատի ենթակայությունից` ընդգրկվում է Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի ապա Հայաստանի Գիտությունների ակադեմիայի կազմում՝ իբրեւ Լեզվի ու գրականության ինստիտուտի, այնուհետև Գրականության ինստիտուտի մի ինքնուրույն բաժին: 1953 թվականի մայիսից անցնում է Մշակույթի նախարարության իրավասության տակ` իբրեւ Հայաստանի Պետական պատմական թանգարանի մի առանձին բաժին:


1954 թվականի հոկտեմբերին Գրական եւ Թատերական թանգարանների եւ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական կաբինետի ֆոնդերի միավորմամբ կազմավորվում է Գրականության եւ արվեստի թանգարանը՝ մինչեւ 1963-ը գործելով Գիտությունների ակադեմիայի, այնուհետեւ, մինչեւ օրս՝ Մշակույթի նախարարության իրավասության ներքո: 1967-ից կրում է Եղիշե Չարենցի անունը: Ավելի ուշ (1977 թ.) թանգարանում հանգրվանեցին նաեւ հայ կինոարվեստին վերաբերող ֆոնդերը…

Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ

Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցասրահ Երևանում։

Ցուցասրահի հիմքը դրվել է 2004 թվականին, բացումը կատարվել է 2013 թվականին։ Էդուարդ Իսաբեկյանի որդին՝ Արամ Իսաբեկյանը, Երևան քաղաքին է նվիրաբերել Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությանը ներկայացված գունանկարչական հայտնի կտավներից 28-ը: Բացման օրվանից ցուցասրահի գործունեությունը ղեկավարում է Իրինա Իսաբեկյանը։

Ցուցասրահը գտնվում է Երևանի Մաշտոցի պողոտայի 7ա հասցեում։

Վալմար արվեստի սրահ

Վալմար արվեստի սրահը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլին։
Ցուցասրահը ներկայացնում է ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները։
Ամեն տարի այստեղ կազմակերպվում է թեմատիկ նոր ցուցադրություն, որը հայ և օտարազգի հանդիսատեսին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Վալմար գեղանկարչի ստեղծագործական ուղուն։
Ցուցասրահը գտնվում է Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում։

Ռուսական արվեստի թանգարան

Ստեղծվել է 1984թվականին: Պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածուն ներկայացնում է ռուսական արվեստի պատմության լավագույն շրջանը, որի հիմքում 19-20-րդ դդ. տնտեսական ու բարոյական փոփոխություններն են: Ավելի քան 120 նկարչի աշխատանք է ընդգրկում թանգարանի հավաքածուն: Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում բեմարվեստը ներկայացնող դահլիճը, որտեղ ցուցադրված զգեստներն ու բեմի դեկորացիաները տոնական տրամադրություն են ստեղծում: Հատուկ ուշադրության են արժանի Կորովինի, Սերովի, Արխիպովի գործերը:

Հասցե` Երեւան, Իսահակյան փ. 38

Երկրաբանական թանգարան

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանը ստեղծվել է 1937 թվականին երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Տիգրանի Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ։ Թանգարանի առաջին ցուցադրությունը կազմվել է նրա հարուստ հավաքածուների հիման վրա և հետագայում համալրվել Հայաստանի և այլ երկրների երկրաբանների կողմից։ 1944 թվականից թանգարանը կոչվում է Հովհաննես Կարապետյանի անունով։

Թանգարանի ստեղծման համար հիմք են ծառայել Հովհաննես Կարապետյանի անձնական՝ մոտ 4500 նմուշները։ Տարիների ընթացքում բազմաթիվ երկրաբանների շնորհիվ թանգարանը համալրվել է։

Բաժիններ

• Հնէաբանության բաժին
• Հրաբխականության բաժին
• Հանքաբանության բաժին
• Օգտակար հանածոների բաժին
• Ապարաբանության բաժին
• Հանքային ջրերի բաժին

Կալենց թանգարան

«Կալենց» թանգարանը կառուցվել է Արմինե և Հարություն Կալենցների տուն-արվեստանոցի հիման վրա, թանգարանի կառուցման նախագիծը կյանքի է կոչվել Արմինե և Հարություն Կալենցների որդու՝ Սարո Կալենցի ջանքերով։ Դեռ 1968 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել Հարություն Կալենցի թանգարանի կառուցման վերաբերյալ, ինչը խորհրդային տարիներին այդպես էլ իրականություն չդարձավ։

Հարություն Կալենցի մահվանից հետո ընտանիքը ձեռնամուխ եղավ թանգարանի ստեղծմանը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2002 թվականին և ավարտվել 2010 թվականին։

Թանգարանը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում՝ Հարություն Կալենցի 18 հասցեում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s