Բերդեր և ամրոցներ

on

Հայաստանն աշխարհի ամենահին և ամենահարուստ պատմություն ունեցող երկրներից մեկն է, որտեղ բերդերը և ամրոցներն ապրում են մինչ օրս: Մեկ տեղում եմ հավաքել Հայաստանի բերդերի և ամրոցների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ամրոցների պեղումները, դրանց ճարատարապետական և կառուցվածքային առանձնահատկությունները, տեղադիրքն ու կառուցվածքը, բերդերի պաշտպանական նշանակությունն ու պատմական ակնարկները։

Սև բերդ

Սև բերդ (ամրոց) գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տարածքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման, Սև բերդի համար նույնպես ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Պատմական ակնարկ

Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։ 1828 թվականին Թիֆլիսի զինվորական նահանգապետը Անդրկովկասում գլխավոր հրամանատար Իվան Դիբիչին նամակ էր հղել, որում ասվում էր. «Թուրքերի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտ կլինի Գյումրիում կառուցել բերդ և այն խիստ ամրացնել, որպես կարևորագույն ռազմական հենակետ»։ Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է, որպես զինվորական բանտ։ Միայն 1877-1878 թվականների ռուս-թուրքական Բալկանյան պատերազմից հետո, երբ ռուսները գրավեցին Ղարսը, Ղարսի բերդը դարձավ առաջնակարգ պաշտպանական բերդ, իսկ Ալեքսանդրապոլի բերդը դարձավ հրետանու պահեստարան։ Բացի հիմնական բերդից, կառուցվել է նաև առանձնացված պաշտպանական կառույցներ՝ հիմնական կառույցից հեռու՝ նախամատույցների վրա, որպեսզի թշնամու առաջին հարձակումը կարողանան կասեցնել։

Ամրոցի պեղումները

Մի շարք պեղումների արդյունքում պարզվել է, որ Սև բերդի տարածքը քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է եղել։ Առաջին ուսումնասիրություններն այստեղ կատարվել են XIX դարի երկրորդ կեսին՝ մոտ 1875 թվականին։ Հետագայում՝ 1900 թվականին Սև «ղուլի» տակ պեղումներ է կատարել գերմանացի հնագետ Գեոսները, 1907-1908 թվականներին՝ Խառատյանցը։ Պեղումներ իրականացրել է նաև «Կումայրի» արգելոց-թանգարանի արշավախումբը։ Պեղումների արդյունքում գտնվել են մի փոքր բնակավայր, սրբատեղիով, փոքր արձան, ցլիկ, անտիկ ժամանակշջանի դամբարանադաշտ։ Ամբողջ հարթավայրը՝ սկսած աշտարակից մինչև ամրոցի վերջ, հոյակապ հնագիտական հուշարձան է, հիմնականում՝ դամբարանադաշտ։ Բակի ներսում պեղվել է Ք.ա. 8-6-րդ դարերի թվագրության դամբարաններ։ Բերդի տարածքում սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից մինչև երկաթի դարաշրջան, մշակութային ժառանգություն կա։ Այս պատմական հուշարձանը վերջին ժամանակներում նաև սեփականաշնորհվել է։ Ժամանակին ռուսները բերդը հանձնել էին ՀՀ պաշտպանության նախարարությանը։ 2005-ին կառույցը պաշտպանության նախարարությունից գնել է Հայկ Հայրապետյանը, իսկ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կառույցը վերավաճառվել է Բալասանյանների ընտանիքին։ Սեփականատերը Միսակ Բալասանյանն է, նպատակը՝ բերդը տուրիզմի կենտրոն դարձնելն է։

Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույցծառայել է որպես զինվորական բանտ։ Միայն 1877-1878 թվականների ռուսթուրքական Բալկանյան պատերազմից հետո Ալեքսանդրապոլի բերդը դարձավ հրետանու պահեստարան։ Բացի հիմնական բերդիցկառուցվեցին նաև առանձնացված պաշտպանական կառույցներ:

Հոռոմ ամրոց / Ուրարտական ցիտադել

Ճարտարապետական նկարագիր

Հոռոմ ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. IX դարում`  Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Այն այլ կերպ անվանվում է նաև Ուրարտական ցիտադել: Ամրոցը, որը գրավում է 4 կմ² ընդհանուր տարածք, ունի պաշտպանական հզոր պարիսպ, որից պահպանվել են տուֆե խոշոր քարերով կառուցված` կիկլոպյան շարվածքով հատվածներ:
Ամրոցի հարավ-արևմտյան մասում գտնվում է պարսպապատ միջնաբերդը, կողքին` մշակված սալահատակ հսկայական շինություն, շուրջը քարարկղային դամբարաններ:
Բարձունքների և լանջերի վրա պահպանվել են ուղղանկյուն կամ օվալաձև հիմքերով, հիմնականում` մեկ, երբեմն` երկու բաժանմունքով, խոշոր և միջին չափերի տուֆաքարերով շարված բնակարանների հետքեր:

Ամրոցի պեղումներ

1908 թվականին Բ. Խալաթյանցը պեղումներ կատարեց ամրոցի միջնաբերդում, ուր հայտնաբերվեցին բազմաթիվ դամբարաններ:
Քարարկղային դամբարանների նյութերը ( նիզակների երկաթե ծայրեր, դանակներ, դաշույն, ուլունքներ, բրոնզե ապարանջաններ և այլն ) վերաբերում են հիմնականում երկաթի դարին, առավելապես` մ.թ.ա. 9-8 դարերին:
1914 թվականին ամրոցը ճարտարապետական տեսակետից հետազոտել է Թ. Թորոմանյանը:
1930-ական թթ. ամրոցում հնագիտական հետազոտություններ են կատարել Բ.Պիոտրովսկին, Ա.Աջյանն ու Լ.Գյուզալյանը ( թվագրվել են մ.թ.ա. 13-10 դդ. ), 1967-ին`  Տ.Խաչատրյանը: Հայտնաբերվել են մեծ մասամբ մ.թ.ա. 3-1 հազարամյակների աննախշ խեցեղեն, բազալտից, տուֆից և օբսիդիանից աշխատանքային գործիքներ և այլ իրեր:

Հալիձորի բերդ

Հալիձորի բերդը հայկական ճարտարապետական համալիր է  Սյունիքի մարզում, Ողջի գետի աջ ափին: Կառուցվել է XVII դարի առաջին կեսին՝ որպես կուսանաց անապատ և 1668 թ. ունեցել է 70 միանձնուհի: XVIII դարում իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Դավիթ Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Տեղակայված է Ողջի գետի ափին։

Ճարտարապետական առանձնահատկություններ

Բերդի պարիսպները հատակագծում ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև։ Պարսպապատերից յուրաքանչյուրի երկարությունը 50 մետր է, հաստությունը՝ մոտ մեկ մետր: Միակ, կլոր բուրգը ամրոցի հարավ-արևմտյան անկյունում է։ Մուտքերը երկուսն են՝ հարավային և արևմտյան պարիսպներում։ Ամրոցի անսամբլում իր տեղադրությամբ և չափերով գերիշխողը եկեղեցին է՝ կառուցված անմշակ բազալտի խոշոր քարերի կրաշաղախով։ Ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, բեմի երկու կողմերում՝ զույգ ավանդատներ։ Եկեղեցուն հյուսիսից և հարավից կից թաղածածկ երկհարկ շինությունները գավթի դեր են կատարել, իսկ տանիքներից գնդակոծել են գրոհող թշնամուն։ Հալիձորի բերդի պաշտպանական հաջող համակարգը և անառիկ դիրքը հնարավորություն են տվել այստեղ պատսպարված Դավիթ Բեկին իր փոքրաթիվ զինակիցներով դիմադրել թուրքական բանակի պաշարմանը։

Բերդ-համալիրի կառույցներից՝ Սբ. Աստվածածին եկեղեցի

Համալիրում թե´ տեղադրությամբ և թե´ չափերով գերիշխողը Ս.Աստվածածին եկեղեցին է: Կառուցվել է XVII դ., վերակառուցվել՝ 1723 թ.: Կառուցված է անմշակ բազալտե խոշոր քարերով: Ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ դահլիճ է, արևելյան խորանի աջ և ձախ կողմերում՝ զույգ ավանդատներով: Աղոթասրահի վրա բարձրանում է զանգակատունը: Եկեղեցին գավիթ չունի: Հյուսիսից և հարավից եկեղեցուն կից են երկհարկ շինություններ, որոնց առաջին հարկերը գավիթների դեր են կատարում, և եկեղեցու երկու մուտքերը բացվում են դրանց մեջ: Եկեղեցու նախկին երկթեք տանիքը պաշտպանական նկատառումներով, վերածել են հարթ տանիքի, հավասարեցրել երկու կողմերի երկհարկանի շինությունների տանիքներին և դարձրել բարձրադիր հրապարակ՝ ռազմական գործողություններ մղելու համար: Սբ. Աստվածածին եկեղեցուց հյուսիս կանգուն է ուղղանկյուն հատակագծով, չորս մույթերով, գմբեթածածկ մի շինություն, որը հավանաբար դամբարան է եղել: Կառուցվել է XVII դ.: Ըստ ավանդության՝ այստեղ է գտնվում Դավիթ Բեկ զորավարի տապանաքարը: Ամրոցի հյուսիսային կողմում է XVII դ. կառուցված սեղանատունը: Արևմտյան պարսպին կից՝ միաբանության խցերի հետքերն են: Հարավային պարսպին կից կա ուղղանկյուն հատակագծով ոչ մեծ շինություն, որը, հավանաբար, կառուցվել է ավելի վաղ և մենաստանի պահակատունն է եղել: Հալիձորի բերդը, Հայաստանի մյուս բերդերի նման ունեցել է նաև գաղտնուղի:

2006-2009 թթ. բերդի տարածքում կատարվել են մասնակի վերականգնման աշխատանքներ: Վերականգնվել են Սբ. Աստվածածին եկեղեցին, արևելյան, հյուսիսարևելյան, հարավարևելյան պարսպապատերը, հարավային մուտքը:

Լճաշենի Կիկլոպյան ամրոց

Ամրոցի տեղադիրքը և պատմությունը

Լճաշեն գյուղից մոտ 400 մ հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի հյուսիսային վերջավորությունը կազմող, ձորակներով և  ուղղագիծ ժայռերով կտրտված բլուրների վրա կառուցված է Լճաշենի ամրոց-բնակատեղին՝ բերդշենը: Այն գտնվում է քարակարկառներով հարուստ բարդ տեղանքում, որն իր ազդեցությունն է ունեցել ամրոց-բնակավայրի հատակագծային և ծավալատարածական լուծումների վրա: Ամրոցը կառուցվել է վաղ բրոնզե դարում՝ մ.թ.ա երրորդ հազարամյակում, զգալիորեն ընդլայնվել ուշ բրոնզե դարում և պահպանվել մինչև ուշ միջնադար: Հուշարձանի տարածքում հայտնաբերված հնագիտական նյութերը թվագրվում են խալկոլիթից մինչև ուշ միջնադար։ Վանի հայկական թագավորության ժամանակաշրջանում վերակառուցվում է միայն կենտրոնական միջնաբերդի հյուսիսարևմտյան հատվածը, որտեղ առկա է Վան-Տոսպյան շինարվեստի ազդեցությունը։

Ամրոցի ճարատարապետական և կառուցվածքային առանձնահատկությունները

Ամրոցի և բնակավայրի արտաքին բերդապարիսպների ընդհանուր երկարությունը հասնում է շուրջ 5000 մետրի: Ամրոցն ունի երկու միջնաբերդ, 22 մանր ու խոշոր քարաբլուրներ ու աշտարակներ։ Ամրոցի, ինչպես նաև միջնաբերդի տարածքը ծածկված է այդ ժամանակի բնակարանների բազմաթիվ ավերակներով։ Ամրոցն ու բնակատեղին շրջափակված են եղել բարձր ու լայն պարիսպներով։ Քարերն անտաշ են, սակայն պարսպի շարքերում հարմարեցված են անպես, որ նրանց առավել հարթ կազմերը  դարձել են ողորկ։ Փաստերը վկայում են, որ բնակավայրում զարգացած են եղել երկրագործությունը, անասնապահությունը, բրուտագործությունը, մետաղամշակումը, փայտամշակումը, զինագործությունը, ոսկերչությունը և այլն: Ի դեպ, վերականգնման ենթակա այդ հուշարձանների թվում են նաև՝ Լուռու Դսեղ գյուղում գտնվող Սուրբ Գրիգորի վանքը (Բարձրաքաշ X – XIII դդ), Շիրակի մարզի Մարմաշենի եկեղեցին (X – XI դդ), Արարատի մարզի Դվին քաղաքի հնավայրը (IV – V դդ) և Մշկավանքը՝ Տավուշում (XIII դ): Լճաշեն գյուղից հարավ-արևմուտք, ոչ այնքան բարձրադիր սարի վրա են գտնվում ուրարտական հնագույն ամրոցի պատերը:
Շուրջ չորս մետր լայնությամբ հսկայական պատերն ընդգրկում են ինչպես սարերի կատարները, այնպես էլ առանձին տարածքներ դրանց միջև`   առաջացնելով առանձնացված փակ տարածքների մի ամբողջ համակարգ: Դրսի պատերը, որոնք իջնում են գետի մոտ, միացնում են երկու ափերը:

Ամրոց-բնակավայրի պեղումները

Լճաշենի ամրոցի նշանակությունը պարզ է առաջին հայացքից. այն հյուսիսից պաշտպանում էր արևմտյան ափը: Դրանով էլ բացատրվում են ամրոցի թե չափսերը, և թե հզորությունը: Ամրոցը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. VII դարին: Լճի ցամաքատեղում հայտնաբերված բնակատեղիից ոչ հեռու՝ Սևան-Կամո ճանապարհի ձախ կողմի մի քարաժայռի վրա՝ երեսով դեպի լիճը պահպանվել է Արգիշտի I-ի  որդի Մենուայի սեպագիր արձանագրությունը: Բերդում պեղված գտածոների շարքում առանձնանում են առաջին հազարամյակի կավե իրերը: Կատարված պեղումների ընթացքում Լճաշեն գյուղում այստեղ հայտնաբերվել են նախապատմական շրջանի բնակատեղիներ, բերդ-ամրոցներ, դամբարանադաշտեր ու առանձին կոթողներ: Հայտնաբերվել են նաև կացարանների պատերի մնացորդներ, որոնք վերաբերում են բրոնզի դարաշրջանին։ Իսկ այստեղից հանված ռազմակառքերն ու սայլերը, նաեւ բազմաթիվ հնագիտական նյութերը Հայաստանի պատմական թանգարանի հազվագյուտ զարդերից են: Այսօր էլ պահպանվում են մինչուրարտական շրջանի շինությունները, Կիկլոպյան ամրոցի եւ Իշտիկունի քաղաքատեղիի մնացորդները, որոնք գտնվում են գյուղից 2 կմ հարավ, եւ Իշտիկունի քաղաքի գրավման մասին Արգիշտի առաջինի հայտնի արձանագրությունը, որը տեղակայված է գյուղի կենտրոնում: Փաստերը վկայում են, որ բնակավայրում զարգացած են եղել երկրագործությունը, անասնապահությունը, բրուտագործությունը, մետաղամշակությունն ու փայտամշակությունը, զինագործությունը, ոսկերչությունը, արձանագործությունը և այլն:

Բոլորաբերդ ամրոց / Պռոշաբերդ

Ամրոցի տեղադիրքը և կառուցվածքը

Բոլորաբերդը կամ Պռոշաբերդ ամրոցը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Վերնաշենից 6-7 կմ հյուսիս, Գլաձորի համալսարանի թանգարանի դիմաց, հիմնադրվել է 13-րդ դարում: Բոլորաբերդը եղել է իշխանանիստ, գրավել է լեռան գագաթի 1-1,5 հա տարածությամբ հարթությունը, ունեցել է բազալտաշար ամուր պարիսպ և ջրմուղ, որի խողովակները նշմարվում են մինչև այսօր։ Պահպանվել են պարիսպը և բուրգերը։ Բերդի ներքին պաշտպանական կառույցները, զինանոցները, զորանոցները, ինչպես և Պռոշյան իշխանների պալատը ավերվել են, թաղվել հողի հաստ շերտի տակ։ Արևելյան կողմում կա կանգուն մատուռ, իսկ 1-2 կմ հարավ-արևմուտք գտնվում է Բոլորաբերդ կամ Սպիտակավոր Ս.Աստվածածին վանքը։

Ամրոցի անվան նշանակությունը

Բոլորաբերդ ամրոցը կոչվում է նաև Պռոշաբերդ, այս հանգամանքը ենթադրում է, որ ամրոցը վերակառուցվել է Պռոշ իշխանի կողմից, երբ Զաքարյանները Վայոց Ձորի մի մասը տվեցին Պռոշյաններին: Պռոշաբերդի արևմտյան կողմում, հարթավայրի վրա, փոքրիկ ձորակի ափին նկատելի են հին բնակատեղի հետքեր` փոսերի ձևով, հավանական է, որ դրանք Բոլորաբերդ գյուղի ավերակները լինեն:

Խանի հարձակումը ամրոցի վրա

Պարսից խանը հարձակվում է Պռոշաբերդի վրա: Բազմաթիվ անհաջող գրոհներից հետո նա որոշում է պաշարել բերդը: Անցնում է մի ամիս, երկու ամիս, բայց ամրոցը անսասան է մնում: Խանը հասկանում է, որ պետք է կտրել ամրոց մտնող ջուրը, բայց նրա զինվորները ոչ մի կերպ չեն կարողանում գտնել աղբյուրը: Այդ ժամանակ մի իմաստուն մարդ խորհուրդ է տալիս յոթ օր ծարավ պահել մի ջորի: Այդպես էլ անում են։ Երբ կենդանուն բաց են թողնում ամրոցի մոտակայքում, նա սկսում է ջուր փնտրել։ Հողի տակ խոնավություն զգալով՝ փորում է և գտնում ամրոցին ջուր մատակարարող խողովակաշարը։ Ջուրը կտրելուց հետո ամրոցի պաշտպանները ստիպված անձնատուր են լինում։

Բերդավան ամրոց

Բերդի տեղադիրքը. պատմական նկարագիր

Բերդավանը (նախկինում` Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դարերում և վերականգնվել է 17-րդ դարում:  Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի  սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարերի մեծ հավաքածու: Բերդավանի մոտ է գտնվում միջնադարյան Գալինջաքար (Ղալինջաքար) ամրոցը: Գրավոր աղբյուրներում Ղալինջաքար ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1123 թվականին: Հավանական է, որ ուշ միջնադարում ենթարկվել է նորոգության: 1983 թ. ամրոցի տարածքը մաքրվել և բարեկարգվել է, քանդվել և վերաշարվել են պարսպապատերի և աշտարակների վերին հատվածները, վերականգնվել է հյուսիսարևելյան երկու աշտարակը և այլն:

Ճարտարապետական նկարագիր

Ճարտարապետական հորինվածքով եռանկյունաձև հատակագծով, արևելք-արևմուտք ուղղվածությամբ աշտարակավոր պարսպապատերով կառույց է, որի աղյուսաշար սլաքաձև ավարտով միակ մուտքը բացված է արևմուտքից: Ամրոցն ունեցել է ստորգետնյա գաղտնուղի, որի սկզբնահատվածը պահպանվել է արևելյան աշտարակի ստորին մասում: Կառուցված է կոպտատաշ դեղնավուն ֆելզիտով, կրաշաղախով: Բացառություն են կազմում պատերի ստորին շարքերը, ինչպես նաև բացվածքների եզրաքարերը, որոնք սրբատաշ են: Որմերում պահպանվել են միջնադարյան քանդակազարդ բեկորներ: Դրանք հատակագծում ունեն կլորացված անկյուններով հավասարակողմ (մոտ 20 մ երկարությամբ) եռանկյունաձև՝ գրեթե արևելք-արևմուտք ուղղվածությամբ։ Հավանական է, որ պարսպապատերին կից՝ ներքին բակի շուրջը ժամանակին եղել են շինություններ (կացարաններ, պահեստներ և այլն)։ Այդ մասին են ասում վերջերս նորոգման առիթով ներսի 2-3 մ հաստությամբ կուտակված հողաշերտը հանելիս հայտնված ձուլվածքի կտորները, փուքսի մնացորդները, կավանոթները, մետաղական կազինը և այլն։

Կառուցվածքային առանձնահատկություններ

Պատերն արտաքուստ ամրացված են ½ կամ ¾ գլանի ձև ունեցող 11 բուրգերով, որոնցից 2-ը՝ մոտ 2 մ շառավղով տեղադրված են արևմտյան պատի անկյուններում, մյուսները՝ 1,2 — 1,5 մ շառավղով։ Ամրոցի արևելյան կեսը շրջափակող պարսպի եզրագծով, որտեղ պարիսպն անհամեմատ բարձր է և նայում է դեպի բաց դաշտ։
Պատերի հաստությունը 1,2 մ է, բարձրությունը՝ պայմանավորված ռելիեֆի արևելք — արևմուտք ունեցած թեքությամբ, եղել է տարբեր։ Ներկայումս արևմտյան և հարավարևմտյան մասերում դրանք ունեն 5,5 մ բարձրություն, արևելյան և հյուսիսարևելյան մասերում՝ 10,5 մ։ Պատերի բարձր մասում՝ բուրգերի միջև, ներքին բակի մակարդակից ավելի քան 5,5 մ բարձրության վրա կան 12-15 սմ բացվածքով (դեպի ներս նայող) պատուհաններ, որորնք, ըստ երևույթին, ծառայել են որպես դիտաճեղքեր։ Դրանցից 1 մ ցածր պատերի մեջ կան կլոր խոռոչներ։
Միակ մուտքը՝ 1մ լայնությամբ, արևմտյան կողմից է՝ աղյուսաշար սլաքաձև վերջավորությամբ։ Մուտքից հարավ՝ անկյունային մասում, պարսպի հաստատության մեջ կան աստիճաններ։ Ամրոցն ունեցել է դեպի հյուսիսարևելյան կողմի ձորը տանող ստորգետնյա գետնուղի։ Դրա մի հատվածը՝ մարդագասակ բարձրությամբ, երևում է ամրոցի արևելյան անկյան աշտարակի ստորին մասում։
Կառուցված է կոպիտ մշակված դեղնավուն ֆելզիտե մանր քարերի անկանոն շարվածքով, կապակցված կրաշաղախով։

Հիշատակություններ և նորոգման աշխատանքներ

Բերդավանի ամրոցը ենթադրաբար նույնացվում է XII դ. վրաց Անանուն պատմիչի հիշատակած Ղալինջաքար ամրոցի հետ։ Ստացվում է, որ Բերդավանի ամրոցը առնվազն XII դ. գոյություն է ունեցել։ Ներկայից ամրոցի մնացորդների տվյալները (շարվածք, շինարարական տեղնիկա, պահպանվածություն, մուտքի բարավորի սլաքաձևություն և այլն) նման նույնացման համար բավարար հիմք չեն տալիս. դրանք ավելի շուտ վերաբերում են ուշ միջնադարին՝ հավանդաբար XVII դ.: 1983 թ. սկսվել է ամրոցի նորոգումը։ Փլատակներից մաքրված է հուշարձանի ներսը և շրջակայքը։ Քանդվել և վերաշարվում են պարսպապատերի և աշտարակների մերին խազիզված մասերը։

Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ

Բաղաբերդը (Կապանի բերդ) պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Ձորք գավառում գտնվող ամրոց է։ Այն գտնվում է Կապան քաղաքից արևմուտք` Քաջարան տանող մայրուղու վրա, Ողջի և Գեղի գետերի միախառնման տեղից ոչ հեռու, Ողջի գետի ձախ ափին: Հայաստանի պաշտպանական խոշոր կառույցներից է:

Պատմական ակնարկ

Պատմագիր Ստեփանոս Օրբելյանի (XIII–XIV դդ.) հաղորդած ավանդության համաձայն` Սիսակի սերունդներից Բաղակ նահապետը որպես ժառանգություն ստանում է Ձորք (Կապան) գավառը, կառուցում է Բաղակի քար ամրոցը, ամրացնում բերդը` անվանելով Բաղաբերդ: Որպես անառիկ բերդ` հայտնի է IV-V դարերից: Բաղաբերդի նշանակությունը առանձնապես մեծանում է X-XII դդ., Սյունիքի կամ Բաղաց թագավորության շրջանում: 1103 թ. Կապան քաղաքի ավերումից հետո Բաղաբերդը դառնում է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը: Վտանգի ժամանակ Սյունյաց իշխանները այստեղ էին պահում գանձերը, ձեռագրերը: 1170 թ. Գանձակի սելջուկները Էլդկուզ (Ելտկուզ) աթաբեկի գլխավորությամբ գրավում են Բաղաբերդը, կոտորում բնակիչներին, այրում Տաթևի վանքին պատկանող ավելի քան 10 հազար ձեռագիր մատյաններ, կողոպտում գանձերը:

Ճարտարապետական նկարագիր

Բերդը կառուցված է եռանկյունաձև հրվանդանի վրա, եռաստիճան պաշտպանական մակարդակներով, որոնցից առաջինը անցնում է ժայռի ստորոտով, երկրորդը` նրանից մոտ 150 մ բարձրության վրա, երրորդը հրվանդանի գագաթին է: Շրջափակված է բոլորաձև աշտարակավոր հաստ և բարձր կրկնապարիսպներով: Երկու կողմից որպես բնական պատնեշ են ծառայում խոր կիրճերի ուղղաձիգ ժայռերը: Արևելյան կողմում ժայռերի համեմատաբար խոցելի մասերը ամրացված են բրգաձև կոնտրֆորսեր ունեցող հենապատով, իսկ ժայռերը որոշ տեղերում մշակված են որպես ուղղաձիգ պատեր: Բերդի միակ մուտքը պարսպապատի հարավարևմտյան հատվածում է` պաշտպանված հսկիչ-աշտարակով: Բերդը ուներ ստորգետնյա անցուղիներ, ժայռափոր պահոցներ, ջրատար ուղի, որոնցից մնացել են հազիվ նշմարելի հետքեր: Պահպանվել են պարիսպների մնացորդները` մոտ 6-8 մ բարձրությամբ: Անցյալում շրջակա բնակչությունը քանդել է պարիսպների քարերը` գործածելով որպես շինաքար: Բերդը մեծապես տուժել է նաև խորհրդային տարիներին, երբ կառուցվել է Կապան-Քաջարան նոր ճանապարհը: Ճանապարհի կառուցման ընթացքում քանդել են պարսպապատի մի հատվածը` նրա վրա գտնվող բուրգերի հետ միասին: Ներկայումս այդ ճանապարհին կից կանգուն են երկու բուրգեր` խարխլված և կիսաքանդ:

Ամրոցի պաշտպանական նշանակությունը

Հայաստանի հնագույն բերդերից մեկն է, որն իր ամուր դիրքի շնորհիվ վաղ ժամանակներից հռչակված էր որպես անմատչելի բերդ։ Բաղաբերդը արտաքին վտանգների դեպքում հաճախակի ապաստան է դառնում շրջակայքի բնակիչների համար։ Բաղաբերդի նշանակությունն ավելի մեծացավ հատկապես Սյունիքի թագավորության ժամանակներում, երբ քաղաքական աննպաստ պայմանների պատճառով այստեղ էին կենտրոնացվել Տաթևի վանքի և երկրում եղած մյուս վանքերի հսկայական հարստություններն ու բազմահազար ձեռագրերը։
1103 թվականին, Կապան քաղաքի ավերումից հետո, Բաղաբերդը դառնում է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը։ 1170 թվականին, սելջուկները, գրավելով Բաղաբերդը, այստեղ ամբարված հսկայական հարստությունները ենթարկում են ավարի, իսկ ավելի քան 10 000 ձեռագրերը ոչնչացնում։ Դրանից հետո Բաղաբերդն այլևս չի վերականգնվում։ Բաղաբերդի ավերակները մինչ օրս պահպանված են։ Նրա ավերակները գտնվում են Ողջի գետի և նրա ձախակողմյան Գիրաթաղ վտակի անկյունում։
Ավերակներից պարզ երևում է, որ Բաղաբերդն ունեցել է կրկնակի պարիսպներ` իրենց աշտարակներով։ Բավական հորդաբուխ մի աղբյուր, որն այժմ դուրս է գալիս Ողջի գետի անմիջապես ափին, ժողովրդական զրույցների համաձայն, մի ժամանակ տարված է եղել բերդի ներսը։ Տեղացիների մոտ մինչ օրս պահպանվել են Բաղաբերդի հետ կապված մի քանի ավանդություններ:

Արայի բերդ

Արայի բերդ. կիկլոպյան շարվածքով բերդ

Արայի բերդ գտնվում է Արագածոտնի մարզի Արա գյուղից հարավ-արևմուտք, ծովի մակարդակից մոտ 2300 մետր բարձրության վրա, ձորակներով եզերվող բլրի գլխամասային հատվածում: Կառուցապատվել է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներում: Կառուցվել է կիկլոպյան շարվածքով:

Կառուցվածքային նկարագիր

Պարսպապատերը շարված են բլրի գլխամասին համապատասխան և ունեն 1,5-2,5 մ հաստություն: Արագած սարին հարող հիմնային մասում պատի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 32 մետր: Այստեղ առկա են պարսպապատին կից երկու ուղղանկյուն հատակագծով հզոր հեցեր, որոնք ունեն 2 մ լայնություն ու 3 մ երկարություն: Ամրոցի հակադիր կողմի պատի երկարությունը 26 մ է: Աջակողմյան պատի երկարությունը մոտ 86, իսկ ձախակողմյանը մոտ 100 մ երկարության են: Լեռան հրվանդանին համապատասխան կենտրոնական հատվածը նեղ է, և այստեղ կողմնային պարիսպներն իրարից հեռու են ընդամեն 15 մ: Պարսպապատերի արտաքին և ներքին շարքերի համար օգտագործվել են ահռելի չափերի տձև որձաքարեր, որոնք սակայն վարպետորեն շարվել են իրար վրա ու բավականին հարթ պատ են կազմել, իսկ սրանց ներսում լցվել են տարբեր չափերի մեծ ու փոքր քարեր, որոնք հզոր պաշտպանական հենք են ապահովել: Առավել բարձր պահպանվել է աջակողմյան պարսպապատը, որը որոշ տեղերում 3,5-4,5 մ բարձրությամբ պահպանվել է: Հենց այս պատի վերջնամասում էլ եղել է ամրոցի մուտքը, որը բացառիկ ամբողջությամբ պահպանվել է և ունի 2 մ լայնություն: Այս մուտքը բացվել է երկրորդ պարսպաշարքի մեջ: Ամրոցի Արագած սարի հիմնային մասի երկու անկյուններից սկսվել է առաջին պարսպաշարքը, որը բլրի գագաթի միջնաբերդից 4-5 մ ցածր է և ամբողջովին եզերել է միջնաբերդը՝  այն դարձնելով պաշտպանության համար առավել հարմար: Առաջին կամ դրսի պարիսպները ևս պատրաստվել են նույն շինարարական տեխնիկայով և դարձյալ 2-2,5 մ հաստություն են ունեցել:

Բերդի պաշտպանական նշանակությունը

Արայի բերդը Արագած լեռան պաշտպանական համակարգի բաղկացուցիչ մասերից մեկն է և ունի բարձրադիր ու անմատչելի տեղադրություն: Այն ուղիղ տեսանելի է իրենից մոտ տասը կիլոմետր հարավ-արևմուտք ընկած և մոտ 200 մետր ավելի ցածր բլրի վրա կառուցված Նիգատուն գյուղի հզոր բերդից (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներ): Եվ ամենայն հավանականությամբ Արայի բերդը միջանկյալ կայանատեղի է եղել Նիգատան և այս ամրոցից ավելի արևելք ընկած Արագած գյուղի հզոր բերդերի միջև:

Ախթալայի ամրոց

Ամրոցի տեղադիրքն ու պատմությունը

Ախթալայի ամրոցը (անվանումը թուրքերենից թարգմանաբար աղ թալա՝ սպիտակ բացատ) գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալա գյուղում՝ Երևանից 185 կմ հյուսիս: Տեղակայված է խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա և բացառիկ տեղ է զբաղեցնում հայ միջնադարյան մշակույթում: Այն հայ քաղքեդոնական (ուղղափառ) ճարտարապետության և կերպարվեստի արժեքավոր նմուշներից է: Կառուցվել է 10-րդ դարում Կյուրիկյան Բագրատունիների տիրապետության օրոք: Ամրոցը հայտնի է եղել նաև Պղնձահանք անունով։ Հետագայում ամրոցը անցել է Զաքարյան իշխանական տան տիրույթին։ Ամրոցի տարածքում է գտնվում նաև համանուն՝ Պղնձահանք վանքը, որը հետագայում հայտնի դարձավ որպես Ախթալայի վանք՝ բաղկացած երեք եկեղեցուց։

Ճարտարապետական առանձնահատկություններ

Ամրոցը հյուսիսային կողմից ամրացված է բարձրաբերձ բրգավոր պարիսպներով: Պատերը շարված են բազալտի խոշոր, սեպաձև քարերով՝ կապակցված ամուր կրաշաղախով: Գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակներ:
Ամրոցի ներսում է գտնվում Ախթալայի վանքը՝ բաղկացած երեք եկեղեցուց, զանգակատնից, սրահից և քարաշեն կացարաններից: Վանքի գլխավոր եկեղեցին Ս. Աստվածածինն է (XIII դ), որը ուղղանկյուն հատակագծով խաչաձև գմբեթավոր կառույց է: Պատերը ներսից ծածկված են Հին ու Նոր Կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ որմնանկարներով:
Ախթալայի ամրոցը Հայաստանի տարածքում համեմատաբար լավ պահպանված է, որին բնորոշ է հայկական ճարտարապետության առանցքային տարրերից մեկը՝ կառույցի և բնական միջավայրի ներդաշնակության սկզբունքի կիրառումը: Ամրոցը, երեք կողմից շրջապատված լինելով ուղղաձիգ ժայռեղեն ձորերով, ունի բնական պաշտպանվածություն: Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է: Այն ունի հյուսիսից հարավ ձգվող թաղակապ սրահ, որի վերնամասում կառուցված են եղել պահակային և պաշտպանական նշանակության սենյակներ: Հատկապես տպավորիչ է մուտքի արևելյան կողմի հզոր աշտարակը: Մինչև հուշարձանի վերանորոգումը այն կիսով չափ փլված վիճակում է եղել: Այս աշտարակը կազմված է հինգ հարկից, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը ներքևից վերև, աստիճանաբար, պակասել է: Առաջին հարկը գետնափոր է, մնացած չորս հարկերը ներքուստ կամարակամ են: Ամրոցի բերդապարիսպները և աշտարակները շարված են կապտավուն կոպտատաշ բազալտի շաղախված կրաբետոնով:
Հստակ է, որ XIII դարասկզբին Ախթալայի Սբ. Աստվածածին վանքն արդեն հայտնի և հեղինակավոր է եղել: Մի որոշ ժամանակ այստեղ է պահվել այնպիսի նշանավոր սրբություն, ինչպիսին Աստվածընկալ Սուրբ Խաչն է, որով ավանդության համաձայն, Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուսին: Այդ մասունքը Իվանե Զաքարյանը նվեր էր ստացել նշանավոր Պռոշ իշխանի հայր Վասակից, իսկ 1216 թվականին բավական մեծ վճարի դիմաց հանձնել է Նորավանքին:
Ֆրանսիացի հնագետ, ազգագրագետ և պատմաբան Ժակ դը Մորգանը, ոբ 19-րդ դարում եղել է Ախթալայի պղնձահանքերի տնօրենը, Ախթալայի բերդում իրականացրել է պեղումներ և հայտնաբերել է հնություններ, այդ թվում հայտնաբերել է ռազմական սակը (մ.թ.ա. 6000 թթ.): Այժմ այն պահպանվում է Փարիզում։

Ախթալայի վանք. պատմական ակնարկ

Ախթալայի վանական համալիրը (նաև Պղնձահանք), 10-րդ դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր է, տեղակայված է Լոռու մարզի Ախթալա գյուղում։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։
Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացել է 1241 թվականին  և նրա դին ամփոփվել է Պղնձահանքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքը՝ ուղղափառ) եկեղեցի։ Դարձնելով ուղղափառ եկեղեցի, ուղղափառություն ընդունած Իվանե Զաքարյանը այն վերակառուցել և անվանել է Ախթալա։

Ավանդազրույցներից մեկի համաձայն` Նյու Յորքի Ազատության արձանը ֆրանսիացիները ձուլել են Ախթալայի պղնձից: Ախթալայում է պահվել նաև քրիստոնեական նշանավոր սրբություն համարվող Աստվածընկալ Սուրբ Խաչը:

Ախթալայի վանական համալիրում է Սերգեյ Փարաջանովը նկարահանել «Նռան գույնը»  ֆիլմի որոշ տեսարաններ։
Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր՝ սեպտեմբերի 20-21:

Կոշի բերդ

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ գյուղից հյուսիս, բլրի գագաթին է գտնվում Կոշի բերդ, որը թվագրվում է որպես 13-րդ դարի կառույց:

Բերդ – համալիրի կառուցվածքային առանձնահատկությունները

Ամրոցն-համալիրն ունի ուղղանկյուն հատակագծային կառուցվածք, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ բերդի ստորին հատվածը՝ կոպտատաշ բազալտով: Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով։ Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված 6,8 մ բարձրություն ունեցող խաչքար-հուշարձան (1195թ.), որն ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն:

Կոշ գյուղի և Կոշի ամրոցի վերաբերյալ հիշատակություններ

Հայկական մատենագրության մեջ պահպանվել են IV դարին վերաբերող՝ Կոշի (հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ։ Մովսես Խորենացին հաղորդում է,որ Հայոց Տիրան թագավորը (339-345) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշ գյուղում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինիս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները: Այդ պատճառով Տիրանը անիծում է Արշակին և վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում է Կոշում։ Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։
Գոյություն ունեն նաև վաղ Երկաթի դարաշրջանի բազմաթիվ հիշատակումներ, ինչպես նաև բազալտ քարից կառուցված բնակելի շենքերի ավերակներ: Գյուղում են գտնվում Սբ. Գրիգոր (13-14-րդ դդ.) և Սբ. Գևորգ (19-րդ դ.) եկեղեցիները: Արձանագրության համաձայն`   Կոշը կառուցվել է Արագածոտնը թուրք-սելջուկներից ազատագրելու պատվին:

Կայանբերդ ամրոց / Դսեվանք

Կայանբերդ (ի սկզբանե՝ Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի), գտնվում է Լոռու մարզի Հաղպատ և Սանահին գյուղերի միջև, երկու կիրճերի միացման տեղում, հրվանդանի վրա։

Պատմական ակնարկ

Համաձայն շինարարական արձանագրությունների` բերդը կառուցվել է Հաղպատավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի կողմից 1233 թ.-ին, Հաղպատի միաբանության համար։ Սկզբնական շրջանում այն կոչվել է «Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի», իսկ Կայան և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են։ Ամրոցը մեր օրերում անվանում են նաև Ակնաբերդ. ամենայն հավանականությամբ Ակներ գյուղի մոտ գտնվելու պատճառով։
Մեծ վնաս են հասցրել թաթարները, 1241թ.-ին։ Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ։ Ամրոցում կանգուն է Դսեվանքի Սբ.Աստվածածին եկեղեցին։

Կառուցվածքային առանձնահատկություններ

Կայանբերդի հիմնական մուտքը հարավային կողմից է, որտեղից հրվանդանը Ջաղացաձորով կապվում է գյուղի հետ: Ձորում ճանապարհն անցնում է Շերեք գետի վրա կառուցված միաթռիչք կամարակապ կամրջի վրայով (XIII դ.): Ամրոցն ունի մոտ 120 մ հարավ-հյուսիս ձգվածություն, իսկ առավելագույն լայնությունը չի անցնում 20 մետրից: Բաղկացած է երկու մասից: Հիմնականը հարավայինն է` տեղադրված ավելի բարձր և հյուսիսային մասից բաժանված առանձին պարսպով, որում կա սրահավոր թաղակապ դարպաս (ներկայումս գտնվում է ավերված վիճակում): Հյուսիսային մասը, որն անմիջապես տեղադրված է Դեբեդի կիրճի եզրին, իր երկարությամբ մոտ մեկ ու կես անգամ պակաս է հարավայինից: Այն արևմտյան կողմից ունեցել է իր առանձին մուտքը: Ներսում պահպանվել են մեծ թվով կացարանների ավերակներ, ջրավազանների և ջրագծերի մնացորդներ` թրծված կավե գունգերով:

Դսեվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Տարածքի հարավային մասում, արևելյան կողմի ժայռի գլխին, շրջակայքից լավ տեսանելի վայրում է գտնվում Դսեվանքի (Դրսեվանք) Սուրբ Աստվածածին ոչ մեծ գմբեթավոր եկեղեցին` դրսից ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով: Մուտքն արևմուտքից է` ձևավորված անպաճույճ եզրակալով: Ուշագրավ է մուտքի բարավորը` երեք առանձին քարից, որոնցից միջինն ունի խաչաթևերի նմանվող կտրվածք, որին էլ հարմարեցված են մյուս երկուսը: Թմբուկի ցածրանիստ համաչափությունները, նրա գոտու կտրված լինելը պատուհանների բացվածքներից, փաստորեն, վկայում են գմբեթի վերափոխված լինելու մասին: Մուտքից վերև՝ ողջ ճակատի երկարությամբ փորագրված շինարարական բովանդակություն ունեցող արձանագրության մեջ հիշատակվում է ամրոցը և եկեղեցին, որը կառուցել է Զաքարե և Իվանե Զաքարյանների քրոջ որդի` Հաղպատի վանահայր Հովհաննեսը:

Կայան ամրոցը եղել է միջնադարյան Հայաստանի պաշտպանական կարևոր հենակետներից մեկը և խիստ ուշագրավ է ամրաշինական տեխնիկայի առումով: Կայան բերդըորպես դիտակետ ամրոցիր բարձրադիր դիրքի շնորհիվ՝ հսկիչ դեր է ունեցել ամբողջ ձորի երկայնքով և շրջակա սրբավայրերի նկատմամբ:

Մանթաշաբերդ կամ Աշոտ Երկաթի ամրոց

Մանթաշաբերդ (երբեմն՝ Մանթաշ ամրոց, Մանթաշ կալա, Կարա-Կալա), հանդիսանում է ռազմական կառույց Տավուշի մարզում, տեղակայված լինելով Իջևան քաղաքից 7 կմ հարավ, Աղստև գետի աջ ափի անտառապատ լեռան գագաթին, շրջապատված է լայն, բրգավոր պարիսպներով։ Պատկանում է Բագրատունիների ժամանակաշրջանին։ Այն Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է:

Ճարտարապետությունը և կառուցվածքային առանձնահատկությունները

Կառուցվածքային տեսանկյունից ամրոցն ունի երկու մուտք, որոնց դռներ եղել են ամբողջական մեծ քարերից։ Լեռան անցանելի հատվածներն ամրացված են ամուր պարսպապատերով, որոնք ունեն բրգաձև աշտարակներ, պատերի մեջ՝ կլոր, փոքր անցքեր։ Պարսպապատերը սև քարից են, ամուր կրաշաղախով։ Սև գույնի պատճառով հետագայում օտար նվաճողները այն կոչել են Ղարա ղալա այսինքն Սև բերդ, իսկ ԽՍՀՄ տարիներին սկսել են կիրառել Кара Кала անունը:
Ամրոցը կրկնահարկ է, սանդղավանդի ձևով, առաջին հարկը բավական ընդհարձակ է, հյուսիսից բարձրանում է մի այլ քարաժայռ, որի վրա տեղավորված է ամրոցի երկրորդ աստիճանը՝ միջնաբերդը, այն ամրացված է պարսպապատերով, արևելյան կողմից ունի առանձին մուտք։ Միջնաբերդը զբաղեցնում է փոքր տարածք։ Հիմնական մուտքը բարձրավանդակի հարավարևմտյան անկյունից է, լեռնապարսպի արևելյան կողմից։ Ամրոցի երկու կողմերում էլ նկատվում են կառույցների հիմնապատերը։ Պատմական աղբյուրներում Մանթաշաբերդը միշտ հիշատակվում է Աղջկա բերդի հետ միասին, որից կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում։

Բերդի հետ կապված ավանդություն

Ամրոցի և Աղստևի կիրճում գտնվող ավերակ բաղնիքի մասին ժողովրդի մեջ մի ավանդություն է մնացել։ Ասում են, մի գեղեցկուհի երիտասարդ իշխանուհի է եղել, ով ունեցել է իր զորքը։ Շատ իշխաններ հրապուրվելով նրա գեղեցկությամբ ցանկացել են ամուսնանալ, սակայն նա մերժել է բոլորին։ Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել։ Իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցում է ամրոցը և իր զորքով պատսպարվում այնտեղ։ Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի են բոցավառում իշխան Մանթաշի սերը: Նա աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշի բերդը և հարձակումներ գործում աղջկա բերդի վրա։ Սակայն դրանք բոլորը անհաջողությամբ են վերջանում: Ավանդությունն ասում է, թե վերջապես մի անգամ աղջիկը զորքը տալիս է իր զորավարին և ուղարկում Մանթաշ բերդի վրա։ Այդ կռվին թեև իշխանուհին չի մասնակցում, սակայն հաղթանակ է տանում։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են, որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) կառուցում են վերը նշված բաղնիքը, որը հանդիսանում է նրանց ժամադրության վայրը։
Այդ պատճառով Աղջկա բերդին հաճախ ասում են նաև Մանթաշաբերդ:

Լոռի Բերդ

Լոռի բերդը միջնադարյան անառիկ ամրոց  է Լոռու մարզում՝ Ստեփանավանից 5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմական ակնարկ

Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրվել է Դավիթ Անհողինի կողմից, թվագրվում է մոտավորապես՝ 1005 — 1020 թվականներին։ 1065 թվականին, Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա-ն (1049—1089 թթ.) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք: Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և այլ քաղաքների հետ: XI— XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ: Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել: 1105 թվականին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118 թվականին՝ վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը: 1185 թվականին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին: 1236 թվականի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը: 1430-ին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները: 1562—1734 թվականներին Լոռին, որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին: XVIII դ. վերջին Լոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926—1930 թվականներին ամայացավ (այժմ Լոռիից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը):

Բերդի տեղադիրքը և կառուցվածքային առանձնահատկությունները

Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, փռված է ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձրություն ունեցող սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը: Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիս-արևմտյան անկյունում է միակ մուտքը: Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20, բարձրությունը՝ 20—25 մ: Պարսպի երկարությամբ Փորվել է ջրի խանդակ: Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել: Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ: Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր: Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով: Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք բերելու համար:

Պեղումներ և հնագիտական ուսումնասիրություններ

Լոռիում 1966 թվականից հնագիտական ուսումնասիրություններ է կատարում Երևանի պետական համալսարանի արշավախումբը: Պեղվել են XI—XIII դդ. 2 բաղնիք` մեկը բաղկացած է հանդերձարանից, 3 լողասրահներից, հնոցից և սառը ջրի ամբարից, մյուսը՝ հանդերձարանից, լողասրահից և ջեռուցարանից: Բաղնիքների լողասրահները և հանդերձարաններն ունեն կրկնակի հատակ, որոնց միջից անցնող հնոցի ծուխն ու գոլորշին տաքացրել են վերին հատակը, պատերը ներսից պատված են ջնարակած աղյուսի բազմագույն սալիկներով: Բացվել են նաև երկհարկանի պալատական կառույց (պահպանված է միայն աոաջին հարկը), 2 ջրավազան (շատրվաններով), որոնք ներսից պատվել են բազմագույն ջնարակապատ սալիկներով: Ավազաններում ջրի մակարդակը կարգավորվել է համապատասխան խողովակով, որով ավելացած ջուրը հասել է Ձորագետի կիրճը: Պեղված է Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը, որը ներսում ունեցել է 4 զույգ որմնասյուների վրա հենվող 4 խաչաձևվող կամարներ, որոնց հատման տեղից սկսվել է գմբեթը: Գմբեթի շաղախի մեջ, ծածկի լիցքը թեթևացնելու նպատակով, դրվել են կավանոթներ: Բնակելի թաղամասում բացված տներից առանձնապես ուշագրավ է մեկը, որի պատերի որմնանկարներն, ի տարբերություն ժամանակամերձ ուրիշ հուշարձանների, աշխարհիկ բնույթի են: Հնավայրում պահպանվել է ուղղանկյուն հատակագծով մի կառույց, որի ներքին տարածությունը բաժանված է 6 մասերի՝ ծածկված գնդաձև առագաստների վրա հենվող երկթեք, ընդհանուր կտուրի տակ առնված գմբեթներով: Հարավային պատի մեջ դրված միհրաբի քարը ապացույց է, որ այն եղել է մահմեդական մզկիթ (XIV— XV դդ.): Լոռիի համար շինաքար է ծառայել տեղական բազալտը: Քաղաքին կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել 5 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից, իսկ տեխնիկական ջուր՝ խողովակաշարի վրայով հոսող բաց առվով: Լոռիից գտնվել են աշխատանքի գործիքներ, զենքեր, զարդեր, կավե բազմապիսի անոթներ և ծխամորճներ, ապակե ջրամաններ, ճենապակյա, հախճապակյա, ոսկրե և քարե առարկաներ, դրամներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Լոռիում զարգացած են եղել արհեստների բազմաթիվ ճյուղեր: Կան նաև այլ երկրներից (մասնավորապես՝ Վրաստանից, Պարսկաստանից, Միջին Ասիայից և Միջագետքից) ներմուծված առարկաներ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s