Գայլուկ

on

Հայկական տարանունները — դրոժի թուփ, հմուլ, հյուսիսայգի, հումել, ջղլաբատ

Դեղաբույսի նկարագրությունը: Թթազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա լիան է: Տերևներն ամբողջական կամ բլթակավոր են: Ձմռանը բույսի վերգետնյա մասը մահանում է, իսկ գարնանը կենսունակ կոճղարմատից աճում են մագլցող նոր շիվեր, որոնք ձախից աջ հյուսվելով մերձակա ծառերին, ստեղծում են անանցանելի բուսուտներ: Մշակվում և օգտագործվում է հիմնականում իգական բուսատեսակը: Կոներն ունեն մեծ թվով թեփուկներ, որոնք ներսի կողմից ունեն լուպուլին արտադրող դեղին գեղձեր: Գայլուկը ծաղկում է ամռանը, իսկ պտղակալում` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Բավականաչափ զգայուն է ցրտի նկատմամբ, պտղակալում է կանոնավոր: Բույսի արմատը խորանում է հողի մեջ մինչև 3 մետր: Կոճղարմատը, որն ունի սպիտակ գույն, ապրում է 15-20 տարի: Այն շատ պահանջկոտ է ազոտական աղերի նկատմամբ և բավական մեզոֆիլ է: Բազմանում է տնկաշիվերով, որոնք առաջին տարում աճեցվում են տնկարանում, իսկ հաջորդ տարում տեղափոխվում հիմնական բուսուտ: Բույսը կանոնավոր աճի համար պահանջում է հենարան և առատ բերք է տալիս միայն տնկման երկրորդ տարվանից:

Ոմանք գտնում են, որ «հումուլուսը» ծագել է սլովոնական «խմել» բառից, իսկ «լուպուլուսը», որ նշանակում է գայլ, ծագել է այն բանից, որ գայլուկը ծառին հյուսվելով և հենվելով ոչնչացնում է նրան: Ահա թե ինչու Պլինիոսը գայլուկին անվանել է նաև «արոտավայրի գայլ»: Բույսն աճում է խոնավ տեղերում, գետեզրերին, անտառի բացատներում, այգիներում:

Քիմիական բաղադրությունը: Լուպուլինը հարուստ է դառը նյութերով, եթերայուղով, խեժով, դաբաղիչ և ներկող նյութերով, հումուլինային թթուներով, ալկալոիդներով: Կոների մեջ հայտնաբերվել է դեղնակարմրավուն եթերայուղ, խոլին, տրիմեթիլամին, ասպարագին, խեժ (մինչև 16%), տանին (մինչև 4%), կիտրոնաթթվական աղեր, վալերիանաթթվական եթեր, ֆիտոստերին, C վիտամին, պալմիտինաթթվային միրիցիլ, ալկալոիդ խումուլին, իսկ ծաղիկների, տերևների և ցողունների մեջ կան հիմքերի հետքեր և C վիտամին:

Բուժական նշանակությունը: Կոները հավաքում են կոթուններով, պարզ եղանակին` մինչև լրիվ հասունանալը, և չորացնում ստվերում, բարակ շերտով, մինչև կոթունները ծալելիս բեկվեն: Դրանից հետո հումքը ծխահարում են ծծմբով և մամլած շերտերով պահում տուփերի մեջ: Չորացած հումքն ունի հաճելի հոտ, խեժի դուրեկան դառնահամություն: Հասուն և չոր կոների թափահարումից անջատվում է լուպուլինը, որը դեղատներում հայտնի է «գայլուկի ալյուր» անվամբ: Լուպուլինը կազմում է չոր հումքի 7-16%-ը: Գայլուկը լայն կիրառում ունի աշխարհի տարբեր երկրների ինչպես ժողովրդական, այնպես էլ գիտական բժշկության մեջ: Ֆրանսիայում այն անվանում են «հյուսիսային խաղող» և օգտագործում են որպես տոնուսավորող և քնաբեր միջոց, ինչպես նաև սեռական գերգրգռվածության և սրտանոթային ֆունկցիոնալ թուլությունների ժամանակ:

Լեհաստանում դեղաբույսն օգտագործում են ընդհանուր թուլության, նևրասթենիայի, կլիմակտերիկ նևրոզի, ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների բուժման նպատակով, Բուլղարիայում` սեռական գերգրգռվածության, հատկապես ցավոտ էրեկցիայի, սերմնահոսության, անքնության, ախորժակի բացակայության, գեղձախտի, դեղնուկի, միզուղիների բորբոքման և քարերի, դաշտանային ցավերի ու գլխացավերի ժամանակ: Ավստրիայում և Գերմանիայում գայլուկը հանրածանոթ միջոց է նևրոզների և անքնության ժամանակ (կոները լցնում են բարձի մեջ և քնում վրան): Հունգարիայում և Չեխոսլովակիայում գայլուկի չոր մզվածքը կազմում է «խովալետտին» և «վալոսեդան» հանգստացնող բնույթի դեղամիջոցների բաղադրիչ մասերից մեկը: Գայլուկը` քսուքի ձևով, Բելոռուսիայում օգտագործվում է թարախային վերքերը, հին խոցերը և խուղակները բուժելու համար: Ըստ Մ.Ա. Նոսալի տվյալների, Ուկրաինայում գայլուկի կոներն օգտագործում են միզուղիների բորբոքման, ջրգողության, ստամոքսի կատառի, լյարդի և լեղապարկի հիվանդությունների և նևրոգեն անքնության ժամանակ: Կոմպրեսի կամ թրջոցների ձևով որպես ցավ հանգստացնող և ներծծող միջոց, գայլուկն օգտագործվում է նաև չիբանը և խոցային վերքերը բուժելու համար: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ գայլուկը լայն կիրառում է գտել գաստրիտների, ճիճվակրության, լնդախտի, մազաթափության, նևրասթենիայի, ռադիկուլիտի, նևրալգիաների, չիբանի և մկնատամի բուժման գործում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s