
Նախագիծը ցանկանում եմ սկսել «Լավ էլի» խմբի՝ «Արեւին, Արեւին» երգից:
Նախագծի ընթացքում կներկայացնեմ ընթերցածս ստեղծագործություններից ստացածս տպավորություններն ու կարծիքները: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հետաքրքիր նախագծի համար, որի շրջանակներում ես կարող եմ ազատ արտահայտվել ու կիսվել իմ կարծիքով:
Նախագծի ընթացքում չեմ ցանկանում մեկնաբանել ստեղծագործության սյուժեն կամ դեպքերի ընթացքը, հնարավորինս փորձել եմ ներկայացնել հետաքրքիր նյութ:

Հեռավար ամառային ճամբար. Մայիսի 25-հունիսի 5
Մեզանում տարածված կարծիք կա, թե գրքեր քչերն են մեր օրերում կարդում։ Մինչդեռ, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ գրադարաններն ավելի շատ են, քան ՄաքԴոնալդս սննդի կետերը։ Մինչ նախագծին անցնելը, կցանկանամ ներկայացնել մի քանի փաստ գրքերի մասին։
— ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը ներկայումս ամենամեծն է, այնտեղ հավաքված է շուրջ 150 մլն օրինակ։ Գրադարանը տարեկան այցելում է 1․7մլն ընթերցող։
— Հին աշխարհից մեզ հասած ամենամեծ գրադարանը պատկանել է Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալին։ Հնագետները պեղել են 25000 սեպագիր կավե աղյուսներ։
— Աշխարհում գոյություն ունեն 150 գրադարաններ, ուր գրքերի փոխարեն մարդիկ են, որոնք կարդում են իրենց պատմվածքները։
— Աշխարհում գոյություն ունի 129մլն-ից ավելի գիրք: 2010թ.-ին Google-ը հաշվարկեց ու ներկայացրեց ողջ աշխարհում գոյություն ունեցող գրքերը: Ըստ նրանց տվյալների այդ թվականին կար հրատարակված 129.864.880 գիրք: Արդեն 2018թ.-ին, հիմնվելով այդ տվյալների վրա, շատ աղբյուրներ հաշվարկեցին ավելի քան 145մլն գիրք:
— Աշխարհի ամենաթանկարժեք գիրք Լեոնարդո դա Վինչիի 18 էջանոց «Լիսթերի աշխատությունն» է: Այն 1994թ.-ին վաճառվել է 30,8մլն դոլարով, ինչն այսօր համարժեք է $52մլն դոլարին:
— «Պաշտոնական» անուն կա գրքի հոտի հանդեպ ունեցած սիրո համար՝ «Բիբլիոզմիա»:
— Տպագրված ամենաերկար նախադասությունն ընդգրկում է 823 բառ: Ըստ Barnes and Noble հրատարակչության այդ նախադասությունը Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» ստեղծագործության մեջ է: Այն կարող եք գտնել այստեղ:
— Աշխարհի ամենաընթերցասեր երկիրը Իսլանդիան է: Գուցե պատճառը ցուրտ եղանակն է, կամ գուցե այլ բան, բայց մի բան հստակ է՝ Իսլանդիայի բնակիչները շատ են սիրում գրքեր կարդալ:
— Ամենաերկար վիպաշարը, որ երբևէ գրվել է ֆրանսիացի հեղինակ Մարսել Փրուսթի «Կորսված ժամանակի փնտրտուքներում» ստեղծագործությունն է: 20-րդ դարի ամենակարևոր ստեղծագործություններից մեկը համարվող այս գործում կա 9,609,000 տառ:


Ամեն անգամ կարդալով Չարենցի մասին, նրա ստեղծագործություններն ու նամակները, նրան բացահայտում եմ նորովի: Այս նամակը ևս բացառություն չէր, նամակը կարդալիս կարծես փոքրիկ, բայց խորը մի պատմվածք կարդայի, ինչն էլ սկզբում գրավեց ինձ: Չարենցը նամակի մեջ կիսվում է իր մտերիմ ընկերուհու՝ Լեյլիի հետ իր անելանելի վիճակի մասին:
Նամակում ևս երևում է Չարենցի ստեղծագործ ձեռագիրը:
Նամակից ցանկանում եմ մեջբերել հետևյալ տողերը.
«Իմ դրությունը հիմա ավելի քան անել է. Մի կողմից գրավում է Մոսկվան, ուզում ես կրթվել, գրել, մեծ, մե՜ծ, մե՜ծ մտքեր են հղանում, հսկայական պլաններ,- մյուս կողմից… հանրակացարան, կինս-քաղցած, ո՛չ մի ծանոթ դեմք… Հայաստան վերադառնալ ես չեմ ուզում. Մնալ այստեղ-չեմ կարող. Ի՞նչ անել…»
Կարող եք նաև ծանոթանալ Չարենցի մասին հավաքած իմ նյութերին:

Պատմվածքը իրոք տպավորիչ էր, հաճելի, ուներ գեղեցիկ ընթացք: Ինձ համար պատմվածքի գլխավոր միտքը այն էր, որ կյանքի համար կարևոր քայլերին անլուրջ մոտեցում ցուցաբերելը սխալ է, այսինքն՝ որևէ քայլ անելուց առաջ, մի լավ ծանր ու թեթև անել է պետք, որպեսզի հետագայում ամբողջ կյանքդ չփլուզվի: Կյանքում պետք է գնահատել այն մարդկանց, այն պահերը, որոնք օգնել են քեզ, երջանկացրել, ջերմացրել են, թեկուզ եղել են կարճ, ակնթարթային… Ցավոք, մարդիկ հիմնականում հիշում են վատը, սխալը, բայց չեն փորձում վատի մե՛ջ էլ տեսնել լավը…
Պատմվածքից ինձ դուր եկած հատվածները.
«-Ի՞նչ անել,- ասաց նա,-պետք է կարողանալ չկորցնել ինքնատիրապետումը: Ինչու՞ տրվել գետի հոսանքին. չէ՞ որ դուք լողալ գիտեք: Ուզում եմ ասել լի եք եռանդով և մեծ հոգու տեր կին եք: Իհարկե, երկար պայքարի անհրաժեշտություն չկա ճակատագիրը սանձելու համար: Մարդու կյանքում կան հազվագյուտ պահեր, երբ ամեն ինչ որշվում է մեկընդմիշտ: Հենց այդ հազվագյուտ պահերին այո կամ ոչ ասելու համարձակություն պետք է ունենաք:»
«– Այդ ինչ-որ բանը,-ասաց նա,- անձնազոհությունն է: Նա, ով չի փնտրում այն, ինչ մարդիկ երջանկություն են անվանում, ընդունակ է սիրել ուրիշներին այնպես, ինչպես նրանք պետք է սիրված լինեն և դրանում է տեսնում իր երջանկությունը:»
«Պետք չէ փորձել վերապրել շատ կատարյալ պահեր:»
«Жажда жизни» (ռուսերեն լեզվով)

Լինելով նկարիչ Վան Գոգի սիրահար, չէի կարող չընթերցել նրա մասին գրված գիրքը, որը կոչվում է «Կյանքի ծարավը»: Գիրքն ընթերցել եմ ռուսերեն լեզվով, և տպավորություններս ուղղակի աննկարագրելի են, կարդալու ընթացքում հուզմունքս անպակաս էր, արցունքներս ուղղակի գլորվում էին այտերիս վրայով: Գրքի սյուժեով կա նաև նկարահանված ֆիլմ, որն էլ արժանացել է օսկարի: Գիրքը ստեղծվել է Վինսենթի նամակների հիման վրա, որտեղ էլ նա նկարագրում էր իր վերաբերմունքը ծանոթների նկատմամբ, և այնպիսի կտավների ստեղծումը, ինչպիսիք են՝ «Կարտոֆիլ ուտողները», «Արևածաղիկներ», «Նկարչի ննջարանը Առլում», «Գիշերային սրճարան» և այլն։
Վան Գոգը զարմանալի մարդ էր, իր հետաքրքիր կյանքի պատմությամբ…
Մի քանի մեջբերում գրքից.
«Բուն խելագարության մեջ մի ուրախություն կա, որ հայտնի է միայն խելագարին:»
«Խելացնորությունը նրա համար առողջ դատողություն էր դարձել, աննորմալը` նորմալ բան:»
«Աշխարհը միայն անհաջող ճեպանկար է: Մեր աշխարհն, ըստ երևույթին, հապշտապ է ստեղծված, այն սև օրերից մեկի ընթացքում, երբ արարչի բանականությունը մթագնած է եղել:»
«Հեղինակայինը» (այս բաժնում կգտնեք բոլոր ստեղծագործությունները)

Կարդալով Նելլիի ստեղծագործությունները, իրոք ապշում եմ, հուզվում ու փշաքաղվում: Ստեղծագործությունները լիովին հասկանալու համար, պետք է ուշադիր կարդալ, հասկանալ փոխաբերությունների, համեմատությունների իմաստը, ընկղմվելով ամեն տողի ու բառի մեջ: Ստեղծագործությունները երկար ու ծավալուն չեն, բայց կարդալիս, կարող ես հասկանալ մարդու ողջ հուզական ներաշխարհը: Կարդալու ընթացքում կարող ես ունենալ քո կարծիքը, քո պատկերացումները, քո ընկալումը. հեղինակը կամ ստեղծագործությունը չեն ստիպում համակարծիք լինես նրա մտքի հետ:
Սարդոստայնը։ Ակուտագավա Րյունոսկե

«Սարդոստայնը» ստեղծագործությունը սկզբում չգրավեց, բայց երբ սկսեցի ավելի ուշադիր ու հասկանալով կարդալ՝ ընկալեցի միտքը, սկսեց հետաքրքրել, նաև ծանոթացա հեղինակի կենսագրությանը (կարող եք տեսնել իմ բլոգում): Ստեղծագործության հիմնական միտքը՝ ըստ իս, բարի գործեր անելն է, չմոռանալ, որ հատուցելու ես արածդ մեղքերի ու վատ արարքների համար…
Առանձնացրել եմ մի քանի տող պատմվածքից.
«Կանդիտան այն է, ոտքը վրա էր բերել, որ տրորի նրան, բայց ահա ինքն իրեն ասաց. «Չէ, նա թեեւ փոքր է, բայց ինչ ուզում ես ասա, կենդանի էակ է: Ափսոս է նրան զուր սպանելը»:»