


Գտնվում է Ազատ գետի բարձրադիր աջ ափին, երեք կողմերից խիստ զառիվեր ժայռալանջերով կերտված թերակղզու եռանկյունի սարավանդի վրա: Հայաստանի հնագույն բնակավայրերից է. որպես բնակավայր հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 2166թ.: Ըստ կիսաավանդական պատմության` կառուցվել է մ. թ. ավելի քան 2000 տարի առաջ: Խորենացին նրա կառուցումը վերագրում է Հայկ Նահապետի ծոռ Գեղամին: Իբր վերջինիս թոռան` Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի: Առաջին անգամ հիշատակում է հռոմեական պատմագիր Տակիտոսը` Գորնեա անունով: Հայկական աղբյուրները հիշատակում են նաև Գեղամի բերդ, Գեղամի դաստակերտ անուններով: Հավանաբար հիմնադրվել է 3-2-րդ դդ./մ.թ.ա./: Մ.թ. առաջին դարի կեսերին գյուղն ավերվել է հռոմեական զորքերի կողմից, նորից վերականգնվել Տրդատ Ա- ի օրոք` հավանաբար 77թ.: Արտաշիսյանների եւ Արշակունիների օրոք եղել է զորակայան, ամառանոց, եպիսկոպոսանիստ: Ամրոցը արաբական նվաճումների ժամանակ ավերվելուց հետո նորից վերականգնվել է Աշոտ Բ -ի/914 — 928/ օրոք, իսկ դրան կից ավանը ոչ միայն շարունակում էր պահպանել իր գոյությունը, այլև 10-րդ դարից համարվում էր գյուղաքաղաք: Գառնիում հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան բնակավայրեր, ուշ բրոնզեդարյան դամբարաններ, հնագիտական զանազան նյութեր, Արգիշտի թագավորի մի սեպագիր արձանագրություն և այլն: Ամրոցի տարածքում է գտնվում Գառնիի հեթանոսական տաճարը: Մեր մատենագիրներն այն հաճախ հիշատակում են «Տրդատի թախտ» անունով: Կառուցվել է մ.թ. 1-ին դարի երկրորդ կեսին: Չորս կողմից սյունազարդ է, սյուների թիվը` 24: Սկզբնական շրջանում տաճարում Տրդատ Գ-ի քրոջ` Խոսրովադուխտի ամառանոցն էր: Տաճարը կործանվել է 1679թ.` Երևանի երկրաշարժի հետուանքով: 1975 թ. այն վերականգնվել է ճարտարապետ Ա. Սահինյանի գլխավորությամբ: Ամրոցից ու հեթանոսական տաճարից բացի այստեղ գտնվում են 4-րդ դարի միանավ մի եկեղեցու ավերակները, Թուխ-Մանուկ և Սբ. Սարգիս մատուռները, 11-13-րդ դդ. քարայրեր, Սբ. Աստվածածին եկեղեցին, 12-րդ դարի կենտրոնագմբեթ Մեսրոպ Հայրապետի անվան փոքր եկեղեցին: Գառնիում են ծնվել Սողոմոն Ա Գառնեցի/791 -792/ և Գևորգ Բ Գառնեցի/877- 897/ կաթողիկոսները: Գյուղում կանգուն է նաև Գառնիի կամուրջը, որը կառուցվել է 11-րդ դարում և Գառնին կապում է Հավաց թառ վանքի հետ: