Շուշիի ազատագրումը

on

Շուշին ազատագրվել է 09.05.1992թ.ին:

— «1992 թվականի մայիսի 8-ն էր, առավոտյան 06:00-ից սկսվեց ռազմական գործողությունը…մայիսի 9-ի կեսօրին մտանք Շուշի: Աննկարագրելի զգացողություն էր` միթե մենք էինք այն սերունդը, որը կարողացավ ազատագրել մեր պապերի հողը: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու բակում արդեն արցունքները խեղդել չհաջողվեց: «Գինի լից» -ն էինք երգում ու պարում…»

— «Շուշիի ազատագրման օպերացիայի նախորդող օրը երգում էինք: Ընդհանրապես, շատ էինք երգում: Հավաքվել էինք Սխնախի անտառներում, պատրաստվում էինք, որ գիշերը դուրս պիտի գայինք: Նիկոլ Աղբալյան ուսանողական ջոկատով առանձին վրանի մեջ էինք: Որոշեցինք՝ ով ինչ շնորհք ունի, պիտի ցուցադրի: Մեկն արտասանում էր, մյուսը` երգում, երրորդը` անեկդոտ պատմում: Վրան մտավ Վիգեն Զաքարյանը, ով Բեյրութից էր եկել կռվելու, նայեց մեզ, մի քանի վայրկյան լսեց ու ասաց՝ «Ասոնք խենթ են, վաղը կգնան, չգիտեն՝ կվերադառնան, թե չէ,  բայց երգ ու պար են անում»: Ցավոք, գործողության ընթացքում Վիգենը զոհվեց:»

— «Մահվան վախ չկար, այդ մասին չէինք էլ մտածում: Իհարկե, գիտակցում էինք, որ  ցավ ենք պատճառելու մեր ծնողներին, բայց, եթե այդ ցավը չպատճառեինք հենց այդ ժամանակ, հետո ավելի մեծ ցավ էինք ապրելու, երբ թշնամին հայտնվեր մեր դռան շեմին: Արցախի սահմանից է սկսում մեր հայրենիքի, օջախի դուռը:»

Իգոր Սարգսյան

«Մեր պապեր, Շուշին ազատագրուա՛ծ է, հանգստացէ՛ք»
Դուշման Վարդան

«Մայիսի 7-ին զինվորները դիմեցին մեզ. ամեն մեկը խաչ էր խնդրում: Խաչերը կախեցինք նրանց պարանոցներից կամ ամրացնում էինք գլխարկների վրա: Ոմանք էլ կրծքի, թիկունքի կամ թևերի վրա ներկով խաչ էին նկարում կամ հագուստին կտորե խաչ կարում: Նույնիսկ խաչեր էին արված զենքերի ու զրահատեխնիկայի վրա: Կարծես Խաչակրաց արշավանք լիներ։»

Պարգև սրբազան

Շուշիի ազատագրումը

Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով՝ դիվանագիտական, լրատվաքարոզչական և ռազմական։ 1992-ի մայիսի 8-ին ժամը 2:30-ին ԻՊՈւ շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ են եղել կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը Շուշիի և Ստեփանակերտի շրջակա հենակետերում։ Մարտական գործողությունները ծավալվել են «26»-ի (հյուսիսային), Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային) և Ջանհասան-Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություններում։


  Ռազմական գործողության մանրակրկիտ նախապատրաստության, հմուտ ղեկավարման, բոլոր աստիճանների հրամանատարների հնարամիտ փոխհամագործակցության, հայ ազատամարտիկների վճռական գործողությունների շնորհիվ երկու օրում հաջողվել է ճնշել հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմավարական տեսակետից կարևոր Շուշի քաղաքը։ Շուշիի ազատագրմամբ հնարավոր է դարձել նաև Լաչինի ռազմագործողությունը՝ ԼՂՀ շրջափակման օղակի ճեղքումը (տես Լաչինի մարդասիրական միջանցքի բացումը)։


 

Շուշիի ազատագրումը վերջնականապես հողմացրիվ է արել թվաքանակով ու միջոցներով գերակշռող հակառակորդին սեփական ուժերով հաղթելու անհնարինության մասին առասպելը։ Մյուս կողմից, այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ հետագա մարտական գործողությունների ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պարտվածի բարդույթը։
  Շուշիի հաղթանակը հիմք է հանդիսացել ԻՊՈւ ջոկատները ԼՂՀ ՊԲ-ի վերակազմավորելու նախապատրաստության համար։ Շուշիի ռազմահանգրվանի կորստից հետո հակառակորդը մեծ ուժերով ու միջոցներով հարձակումներ է ձեռնարկել ԼՂՀ սահմանների մի քանի հատվածներում։ Մայիսի 10-ին հարձակում է սկսել Աղդամ — Ասկերան — Ստեփանակերտ ռազմավարական գծով։ Մասնավորապես, Աղդամի հենակետից գրոհել է Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ, Դահրազ գյուղերը և ժամանակավորապես զավթել այդ բնակավայրերը։ Դեռևս մայիսի 8-ին, Ասկերանի շրջանի Ջանհասան_Քյոսալար գյուղերի վրա հարձակումից ԻՊՈւ հրամանատարության ուշադրությունը շեղելու մտադրությամբ, հակառակորդը զրահատեխնիկայի ուղեկցությամբ գրոհել էր Քարագլուխը։


 

Պահակակետերում գտնվող Նորագյուղի վաշտի մարտիկները և նրանց օգնության հասած Սարդարաշենի և Խնձրիստանի ինքնապաշտպանական ջոկատները, զգալի կորուստներ պատճառելով, ստիպել են հակառակորդին թողնել ԼՂՀ սահմանները։ Մայիսի 10-ին վերստին հարձակման անցած հակառակորդը որոշակի հաջողության է հասել Սառնաղբյուրում։ Ասկերանի պաշտպանական շրջանի ուժերը երեկոյան ձեռնարկած սրընթաց հակագրոհով ազատագրել են ինչպես Սառնաղբյուր, այնպես էլ վերոհիշյալ գյուղերը և հակառակորդին դուրս շպրտել ԼՂՀ տարածքից՝ խափանելով Շուշի հասնելու նրա ծրագրերի իրականացումը։ Մայիսի 10-ին իրավիճակը կտրուկ սրվել է նաև Մարտակերտի շրջանում։ Վեց միավոր տեխնիկայի աջակցությամբ հարձակման է ենթարկվել ու զավթվել Մարաղան, 1 տանկի ու 3 ՀՄՄ-ի ուղեկցությամբ՝ Չայլուն: Մինչ Չայլուում համառ մարտեր էին ընթանում, ստացված պահեստազորի ու մարտական տեխնիկայի օգնությամբ հայ մարտիկները մայիսի 12-ին ազատագրել են Մարաղան։


 

Մայիսի 11-ի երեկոյան Շուշիում դիրքերն ամրապնդելուց և ԼՂՀ սահմանների մի քանի հատվածներում հակառակորդի հարձակումները հետ մղելուց հետո ԻՊՈւ նախաձեռնել են Բերդաձորի ռազմական գործողությունը: Մայիսի 12-ին վերահսկողության տակ է առնվել Զառըսլու գյուղը, քանի որ ԻՊՈւ շտաբն օպերատիվ տեղեկություններ էր ստացել հակառակորդի հարձակման անցնելու մտադրության վերաբերյալ։ ԻՊՈւ ստորաբաժանումները հուսալիորեն փակել են դեպի Շուշի հակառակորդի հնարավոր սողանցքերը։ Լիսագոր — Զառսլու ուղեհատվածը նախօրոք ականապատվել էր։
  Մայիսի 13-ին հակառակորդի մարտական տեխնիկան ու հետևակը հարձակման է անցել՝ Զառսլու ներխուժելու նպատակով, սակայն ականի վրա տանկը պայթել է, զրահամեքենան նռնականետով խոցվել և կանխվել է զրահատեխնիկայի հետագա առաջխաղացումը։ Ծայր առած փոխհրաձգության ընթացքում կորցնելով շուրջ 40 զինվոր՝ հակառակորդը նահանջել է։ Լիսագոր-Բերդաձոր գծով ռազմական գործողությունն սկսվել է հիմնականում երկու ուղղություններով՝ խճուղու աջ ու ձախ կողմերով և Ջանհասան_ Քյոսալար գյուղերից։ Ճնշելով հակառակորդի դիմադրությունը միայն 2 գյուղում՝ վերահսկողության տակ է առնվել Շուշիի շրջանի շուրջ 17 գյուղ։
  Այնուհետև հարվածային զորախմբերը դուրս են եկել Լիսագորից աջ և ձախ ընկած բարձունքները, որոնցից հատկապես հեռուստաաշտարակի բարձունքի գրավումը կանխորոշել է հենակետի վերածված այդ բնակավայրի հետագա ճակատագիրը։ Լիսագոր — Մեծշեն — Հինշեն գծով հարձակումը շարունակել են Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Շոշի, Սղնախի, ՀՀԴ վաշտերը և այլ ստորաբաժանումներ, որոնք էլ ազատագրել են Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Մայիսի 18-ի առավոտյան, հրետանային նախապատրաստությունից հետո, ԻՊՈւ կազմավորումները հարձակման են անցել Լաչինի ուղղությամբ և վերահսկողության տակ առել այն։
  Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին ադրբեջանական ուժերի կողմից վերածվել էր զինապահեստի
Լաչինից ԻՊՈւ կամավորները դուրս են եկել ՀՀ սահմանը, միաժամանակ հետապնդել Քելբաջարի ու Կուբաթլուի ուղղությամբ նահանջող հակառակորդին։ Այդպիսով մաքառող Արցախն անմիջական ցամաքային կապ է հաստատել Հայաստանի հետ, ինչը նշանակում էր կյանքի ճանապարհի բացում, արհեստականորեն մասնատված ժողովրդի երկու հատվածների գործնական վերամիավորում։ Լաչինում կրած պարտությունն ավելի է սրել Ադըրբեջանի ներքաղաքական լարվածությունը և միջազգային հանրությանը կանգնեցրել փաստի առաջ՝ ստիպելով վերանայել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ առկա մոտեցումները։ Հայկական կողմի այս ակնառու հաջողություններին հետևել է պարտադրված կարճատև հրադադար, ինչը սակայն խախտվել է 1992-ի մայիսի վերջերին ու հունիսի սկզբներին, երբ Ռուսաստանն Ադրբեջանին հանձնել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք (մոտավոր տվյալներով 150 տանկ, 120 ՀՄՄ, 170 զրահափոխադրիչ, մոտ 150 ականանետ, 90 զենիթահրետանային կայանք, ՍՈւ-25 և ՄԻԳ տեսակի ինքնաթիռներ):


 

Միաժամանակ, Ադրբեջանում տեղակայված ռուսական բանակի զորամասերի զինվորների ու սպաների համար ստեղծվել են որպես վարձկան մարտական գործողություններին մասնակցելու բոլոր պայմանները։ Այդ ամենը Ադրբեջանին հնարավորություն է տվել որոշակիորեն փոխել իրավիճակը ղարաբաղյան ռազմաճակատում։ 1992-ի հունիսի առաջին տասնօրյակում նկատելիորեն ակտիվացել են հակառակորդի գործողությունները ԼՂՀ սահմանագծի ողջ երկայնքով. բնակավայրերի հրթիռահրետակոծություններին զուգահեռ՝ ուժեր և միջոցներ են կենտրոնացվել ղարաբաղա-ադրբեջանական զինված կազմավորումների շփման գծում։
  1992-ի հունիսի 2-ին ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում է սկսել։ Հունիսի 12-ի օրվա երկրորդ կեսին ԼՂՀ սահմանամերձ շրջաններում կուտակված կազմավորումները մեծաքանակ զրահատեխնիկայի, հրետանու և ռազմաօդային ուժերի աջակցությամբ լայնածավալ հարձակում են ձեռնարկել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Ճնշման ծանրության կենտրոնը տեղափոխվել է հատկապես դեպի Ասկերանի, Մարտակերտի, ապա և Շահումյանի շրջանների ուղղություններ։ Ասկերանի ճակատում հակառակորդը հարձակվել է Ասկերան ավանի, Խանաբադի ու Նախիջևանիկի ուղղություններով։ Հարձակմանը նախորդել է ուժգին հրթիռահրետանային նախապատրաստությունը. կրակի տակ պահելով հատկապես Խոջալու-Ասկերան խճուղին և պաշտպաններին թիկունքից օգնությունը խափանելու նպատակով՝ ՍՈւ–24-ով ռմբակոծել են Նորագյուղ, Խանաբադ գյուղերը, Ասկերան ավանը և ԻՊՈւ մարտիկների պաշտպանական դիրքերը։ Հակառակորդը մարտի է նետել մեծաթիվ կենդանի ուժ և տեխնիկա (շուրջ 20 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր): Միայն մի հատվածում հակառակորդի գերակշիռ ուժերին հաջողվել է ճեղքել պաշտպանական գիծը և զավթել Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ և Դահրազ գյուղերը։
  Այդուհանդերձ, ԻՊՈւ մարտիկներին հաջողվել է կասեցնել հակառակորդի մեծաթիվ ուժերի առաջխաղացումը դեպի Ստեփանակերտ։ Աղդամ-Ասկերան մայրուղին հսկող 4-րդ պահակակետի վրա հակառակորդը գրոհել է 2 տանկի և 1 ՀՄՄ-ի, իսկ Խանաբադի վրա՝ մեկական տանկի ու ՀՄՄ-ի աջակցությամբ։ Հակառակորդին հաջողվել է գրավել 4-րդ պահակակետը։ Հայ մարտիկները դիմադրությունը շարունակել են երկրորդ բնագծից։ Այլևս նահանջելու տեղ չկար, հետևում Ասկերանն էր, Ստեփանակերտը։ Օգնության են հասել ԻՊՈւ 2-րդ և 4-րդ, Քյաթուկի և Նորագյուղի վաշտերը։

  Ժամանակին հայ սակրավորների տեղադրած ականների վրա պայթել են հակառակորդի երկու ծանր տանկեր, խփվել է նաև մեկ ՀՄՄ–2: Դրանից հետո հակառակորդի հարձակման թափը կոտրվել է, առաջխաղացումը կասեցվել։ Հունիսի 13-ի առավոտյան հայ մարտիկները հակահարձակման են անցել, հետ վերցրել 4-րդ պահակակետը, և հակառակորդը հետ է շպրտվել Ասկերան_Ստեփանակերտ կենտրոնական ուղղությունից։ ԼՂՀ ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ՝ 1992-ի հունիսի 20-ին հանրապետության տարածքում անցկացվել է մասնակի զորահավաք:
  Զորակոչի ենթակա էին 18-ից 40 տարեկան զինապարտ սերժանտները, զինվորները և զինակոչիկները, մինչև 50 տարեկան սպաները, հատուկ պատրաստություն ունեցող 19-ից 30 տարեկան կանայք։ Հունիսի 23-ին ադրբեջանական կողմը գրոհել է Մարտակերտ քաղաքը՝ Մադաղիսի, Կարմիրավանի և Ներքին Հոռաթաղի ուղղություններով։ Դժվարությամբ է հաջողվել դիմագրավել թշնամու գերակշիռ ուժերին։ Այդուհանդերձ, հունիսի 25-ին կասեցնելով թշնամու առաջխաղացումը, ԻՊՈւ կազմավորումները հակահարձակման են անցել և ազատագրել Կարմիրավան ու Քաջավան գյուղերը, իսկ հաջորդ օրը, «աքցանի» մեջ առնելով վերստին հարձակման անցած հակառակորդին, կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով նրան, դուրս են շպրտել Մադաղիսից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s