Արտավազդ Բ( Wikipedia)


Արտավազդ Բ (ծն. թ. անհայտ-մ. թ. ա.31) — Հայոց թագավոր մ. թ. ա. 55-34թթ.։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Բ Մեծին։ Տիգրան Բ Մեծի կառավարման վերջին տարիներին Արտավազդը եղել է նրա գահակիցը։ Գտնվելով հռոմեական եւ պարթեւական պետությունների միջեւ, Հայաստանը հարկադրաբար մասնակցել է նրանց բախումներին, հարելով մերթ մեկին, մերթ մյուսին։ Արտավազդը նախապես ունեցել է հռոմեական կողմնորոշում, որովհետեւ Հռոմի հետ Հայաստանը ունեցել է դաշնակցային պարտավորություններ, իսկ Պարթեւաց թագավորության հետ՝ թշնամական հարաբերություններ։ 54թ. Արտավազդը այցելել է Հռոմի եռապետ ու զորավար Մարկոս Կրասոսին, որը 42000 զինվորով ժամանել էր Ասորիք եւ առաջարկել արշավել Պարթեւաստան Հայաստանի վրայով, քանի որ լեռնոտ տեղանքում նրա լեգեոնները կպաշտպանվեին պարթեւական հեծելազորի վտանգավոր գրոհներից, չէր խափանվի պարենավորումը, Հայաստանը կապահովվեր պարթեւական հարձակումներից, հայկական բանակը կմիանար հռոմեականին։ Սակայն Կրասոսը մերժել է Արտավազդի առաջարկը` գերադասելով հակառակորդի դեմ պատերազմել Միջագետքի անապատներում։ Վերադառնալով Հայաստան Արտավազդը ենթարկվել է պարթեւական զորքերի հարձակմանը։ Համոզվելով, որ Կրասոսի սխալ ռազմավարությունը հռոմեական բանակը դատապարտել է պարտության, Արտավազդը հաշտություն է կնքել Պարթեւաց Որոդես II թագավորի հետ։ Հաշտությունը վերածել է հայ-պարթեւական դաշնակցության, որն ամրապնդվել է Արտավազդի քրոջ եւ Որոդեսի գահաժառանգ որդի Բակուրի ամուսնությամբ։ Մ. թ. ա. 53թ. Քառայի ճակատամարտում հռոմեական բանակի ջախջախումից եւ Կրասոսի սպանվելուց հետո Արտավազդի ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է հայկական պետության անկախությունն ու հզորությունը։ Մ. թ. ա. 37թ. Արտավազդի դաշնակից Որոդես II թագավորի դավադրական սպանությունից, ինչպես նաեւ Ատրպատականի թագավոր Արտավազդի ու Պարթեւաց նոր թագավոր Հրահատ IV հակահայկական դաշինքից հետո հայ-պարթեւական հարաբերությունները դառնում են թշնամական։ Երբ մ. թ. ա. 36թ. հռոմեական նոր եռապետ եւ զորավար Մարկոս Անտոնիոսի բանակը Հայաստանի վրայով հարձակվել է Ատրպատականի վրա Արտավազդը խոստացել է օգնել հռոմեացիներին։ Սակայն, Անտոնիոսի անխոհեմ ռազմավորության պատճառով Ատրպատականում հռոմեական բանակի պետությունից հետո Արտավազդը գրավել է չեզոք դիրք, թեեւ ապահովել է հռոմեական պարտված ուժերի նահանջը Հայաստանի վրայով։ Հռոմի առջեւ արդարանալու նպատակով Անտոնիոսն արշավանքի ձախողման պատճառ է հայտարարել Արտավազդի դիրքորոշումը։ Անտոնիոսը քանիցս փորձել է խարդախորեն ձերբակալել Արտավազդին, բայց վերջինս չի արձագանքել նրա հրավերներին։ Իսկ մ. թ. ա. 34թ., երբ Անտոնիոսը ներխուժել է Հայաստան եւ շարժվել Արտաշատի վրա, Արտավազդը հանձնվել է՝ ինքնազոհության գնով փորձելով երկիրը փրկել ավերածություններից ու արյունահեղություններից։ Անտոնիոսը շղթայակապել է Արտավազդին եւ տարել Ալեքսանդրիա՝ հաղթահանդեսի։ Արտավազդի հանդեպ Անտոնիոսի նենգ վերաբերմունքը դատապարտել են նույնիսկ հռոմեացի պատմիչները։ Անտոնիոսի դեմ Հռոմի ծերակույտի հարուցած չորս մեղադրանքից մեկը համարվել է Հայոց թագավոր Արտավազդի ձերբակալումը։ Ակտիումի ճակատամարտից հետո Արտավազդը գլխատվել է Անտոնիոսի եւ Կլեոպատրայի հրամանով։ Արտավազդը ստացել է հելլենական կրթություն։ Պլուտարքոսը վկայում է, որ Արտավազդը գրել է ճառեր, պատմություններ ու ողբերգություններ, որոնք, սակայն, չեն հասել մեզ։

•Գայոս Օկտավիանոսի՝ Արտավազդին հղած նամակը
Փրաասպայի մատույցների մոտ Անտոնիոսի կրած ջախջախիչ պարտությունից հետո, Արմենիայի արքա Արտավազդին նամակ է հղում Հռոմի ազդեցիկ եռապետ, ապագա «Օգոստոս» Գայոս Օկտավիանոսը։ Վերջինս իր նամակում Արտավազդին հորդորում էր սպանել Մարկոս Անտոնիոսին, ինչպես նաև վերջինիս ողջ մնացած զորախմբերին։ Հայքի գահակալը կտրականապես մերժում է տալիս հռոմեացի գործչի դավադիր այս առաջարկին, քանզի դա վայել չէ ազնվականի արժանապատվությանը։ Այնուամենայնիվ, Հայքի արքայից արքան այս հարցին ամենայն հավանականությամբ մոտենում էր նաև հեռատեսորեն, քանզի բոլորին էր հայտնի, որ Օկտավիանոսը հավակնում էր դառնալ Հռոմի բացարձակ միապետ։ Անտոնիոսի սպանությունը հնարավորություն կտար իրագործել արկածախնդիր այդ ծրագիրը, քանզի Լեպիդոսն ինքնին այդքան էլ մեծ մարտահրավեր չէր։ Այս հանգամանքը ամենևին էլ չէր բխում Հայաստանի շահերից, քանի որ կանխորոշված իրավիճակում Հռոմը կարող էր հայտնվել ավելի շահեկան դիրքերում։
•Նաև 1996 թվականից ի վեր մարտի 27-ին՝ թատրոնի համաշխարհային օրը, Երևանում անցկացվում է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբախշությունը։
•Արտավազդ Բ-ի կյանքն ու գործունեությունը վերծանվել է գլխավորապես հռոմեացի պատմիչների գրությունների ծաղկաքաղի արդյունքում։ Պլուտարքոսն իր հայտնի «Զուգահեռ կենսագրություններ» գրքում Արտավազդ Բ-ի մասին գրում է.
Նրանք ցույց տվեցին իրենց ոգու արիությունը և դրանով փառավոր անուն վաստակեցին։
— Պլուտարքոս