Արևմտաեվրոպական դասական երաժիշտներ

on
Յոհաննես Բրամս

Յոհաննես Բրամս

Բրամսը, լինելով փայլուն երգահան, այդպես էլ կյանքում ոչ մի օպերա չգրեց` չնայած բազմաթիվ փորձերին: Նրա ճանապարհին կանգնում էր ոխերիմ թշնամին` Վագները, որ իր փառքի գագաթնակետին էր: Աշխարհահռչակ երգահան Յոհաննես Բրամսը հայտնի է ոչ միայն իր փայլուն ստեղծագործություններով, այլև` սուր հումորով: Մեծ երգահանը ծնվել է 1833 թ. մայիսի 7-ին Արևմտյան Գերմանիայի Համբուրգ քաղաքի Գայնգեֆիերթել թաղամասում, երաժիշտ Յոհան Յակոբսի ընտանիքում: Բրամսը զտարյուն գերմանացի չէր. նրա մայրը` Յոհաննա Հենրիքա Քրիստինա Նիսսեն, հոլանդական ծագում ուներ և տիրապետում էր երաժշտական մի շարք գործիքների: Երաժշտության սերը Բրամսին է անցել ծնողներից: Ընդ որում, նրա մայրն ամբողջ 16 տարով մեծ էր ամուսնուց, բայց դա չի խանգարել, որ Բրամս ամուսինները հաշտ ու համերաշխ ապրեն միասին և լույս աշխարհ բերեն վեց երեխա: Բրամսի հայրը կաբարեի երաժիշտ էր և հաճախ էր որդուն իր հետ աշխատանքի տանում: Ապագա երգահանը դեռ մանուկ հասակում սկսեց ջութակ նվագել, սակայն շուտով փոխեց մտադրությունն ու հանրահայտ ուսուցիչներ Օտտո Ֆրիդրիխ Վիլլիբարդ Քոսսելի, ապա Էդուարդ Մարքսենի մոտ դաշնամուրի դասեր առավ: Նա իր առաջին ստեղծագործությունը գրեց դեռ 11 տարեկան հասակում: Պատանի Բրամսը շատ էր աշխատում. սովորելուն զուգընթաց` օգնում էր հորը` ապրուստի միջոցներ հայթայթելու: Դա շուտով նրան հյուծեց, և բժիշկների խորհրդով մեկնեց ճամփորդության` հանգստանալու և վերականգնելու առողջությունը: Ալպերում հանգստանալիս նա գտնում է իր նոր սերը` գրականությունը, որ հետագա ողջ կյանքի ընթացքում ուղեկցեց նրան: Հանգստավայրում բուժվելուց հետո նրան է մոտենում բժիշկը և հարցնում. — Դուք գո՞հ եք բուժումից: — Շնորհակալ եմ, ամեն ինչ տեղում է… Բոլոր հիվանդությունները, որ բերել էի ինձ հետ, տանում եմ հետս… Առհասարակ, Բրամսը զարգացած անհատականություն էր և քաջատեղյակ էր ժամանակի գրական անցքերին: Պատանի հասակում Բրամսը, աշխատանքից և երաժշտությունից բացի, մեծ «թուլություն» ուներ` անագե զինվորները, որոնցով նա կարող էր ժամերով խաղալ: Հետագայում` արդեն հասուն տարիքում, աշխարհահռչակ երգահանը շարունակում էր խաղալ անագե զինվորներով: Մի օր ընկերներից մեկը նրան դիտողություն է անում. — Մաե՛ստրո, ինչպե՞ս կարելի է այդքան տարվել այդ խաղալիք զինվորներով: — Դուք ոչինչ չեք հասկանում ո՜չ արվեստից, ո՛չ անագե զինվորներից: Բավական է միայն կառուցեմ իմ հավատարիմ բանակը և հրամայեմ` առաջ, անմիջապես ոգեշնչվում եմ, և երբ իմ զինվորները սկսում են գրոհել, ես գնում եմ դեպի ռոյալ… 1852 թ. Յոհաննես Բրամսը հունգարացի ջութակահար Էդուարդ Ռեմենյիի հետ սկսում է իր առաջին համերգային շրջագայությունը Հունգարիայում: Համերգներից զատ նա ուսումնասիրում է տեղացիների երաժշտական արվեստը: Այս ուղևորությունը շատ գոհարներ պարգևեց Բրամսին, և նա իր ձեռքբերումները հետագայում մշակեց և ներկայացրեց հանրությանը: Այդ ուղևորության ընթացքում նա ծանոթանում է վիրտուոզ ջութակահար Յոզեֆ Յոախիմի հետ, և այդ ծանոթությունը դառնում է ընկերություն ողջ կյանքի ընթացքում: Հետագայում Յոզեֆ Յոախիմը Բրամսին բնութագրել է. «Նրա նվագը լի է կրակով, մեծագույն էներգիայով և ռիթմիկ ճշգրտությամբ: Նրա ստեղծագործություններն ունեն այնպիսի հետաքրքիր և բազմապիսի տարրեր, որոնց ես երբեք չեմ հանդիպել այս տարիքի երիտասարդ կոմպոզիտորների մոտ»: Բրամսը պարտքի տակ չմնաց և իր շատ ստեղծագործություններ նվիրեց սիրելի ընկերոջը: Հենց Յոզեֆ Յոախիմին է պարտական Բրամսը Ռոբերտ Շումանի և նրա կնոջ` ոչ պակաս տաղանդավոր երաժիշտ Կլարա Շումանի հետ իր ճակատագրական ծանոթության համար: Երբ ամոթխած Բրամսը երաշխավորական նամակը ձեռքին ոտք է դնում Շումանների բնակարան, հիացնում է երգահանին իր կատարմամբ: Այդ օրը Շումանն իր նոթատետրում գրում է. «Պարոն Բրամսի ժամանումը. հանճար»: Սակայն Շումանը սրանով չսահմանափակվեց և իր հիմնած «Նոր երաժշտական ամսագրում» հոդված գրեց երիտասարդ հանճարի մասին. «Եկավ ընտրյալը, որին օրորոցում արդեն տրվել էին տաղանդն ու հերոսական ոգին: Նրա անունը Յոհաննես Բրամս է, և նա եկել է Համբուրգից: Երբ նստում է դաշնամուրի առջև, մեզ տեղափոխում է չնաշխարհիկ վայրեր և մտցնում իր իդեալական աշխարհը: Իր հիանալի նվագի շնորհիվ նա դաշնամուրը վերափոխում է վշտալի և հաղթական նվագախմբի: Նրա մատների տակ սոնատը դառնում է սիմֆոնիա, երգը դառնում է մի ամբողջ պոեմ: Նրա սոնատները և լարային կվարտետներից յուրաքանչյուրը տարբեր են և կարծես ունեն ամբողջովին նոր և ուրիշ հիմք: Երբ նա իր կախարդական փայտիկն ուղղի նվագախմբի և երգչախմբի կողմը, և նրանք իրենց հզորությամբ կարողանան արտահայտել Բրամսի ամբողջ տաղադը, իդեալական աշխարհի գաղտնիքներից շատերը կհամարվեն բացահատված»: Շումանի հոդվածը հնարավորություն տվեց Գերմանիայի երաժշտասեր հասարակությանը բացահայտելու Բրամս երաժշտին: Նա անմիջապես համբավավոր դարձավ ողջ Գերմանիայում և Եվրոպայում: Հոդվածին հետևեցին ելույթների և համերգային շրջագայությունների բազում հրավերներ: Մի շքեղ ընդունելության ժամանակ կազմակերպիչները Բրամսին գոհացնելու ակնկալիքով նախապես տվեցին հրավիրյալների ցուցակը և առաջարկեցին ջնջել այն անձանց անունները, որոնց Բրամսը չէր ուզի տեսնել: Հոգոց հանելով Բրամսը ջնջեց իր անունը… Մեկ այլ ընդունելության ժամանակ տանտիրուհին Բրամսին թխվածք է մատուցում, որի վրա նրա մի ստեղծագործության նոտաներն էին: Կտրելով թխվածքը` երգահանը նկատում է. — Տիկի՜ն, Դուք ինձ ոչ միայն նվագում եք, այլև` թխում… Շումանի ընտանիքում էլ Բրամսը գտավ իր կյանքի միակ սիրուն` երգահանի կնոջը` Կլարային, որին նվիրված են նրա բազմաթիվ ստեղծագործություններ… Բրամսը, լինելով փայլուն երգահան, այդպես էլ կյանքում ոչ մի օպերա չգրեց` չնայած բազմաթիվ փորձերին: Նրա ճանապարհին կանգնում էր ոխերիմ թշնամին` Վագները, որ իր փառքի գագաթնակետին էր: Մի առիթով, երբ Բրամսին հարցրին, թե ինչու օպերա չի գրում, այլայլված պատասխանեց. «Օպերայի և ամուսնության մասին ինձ հետ ոչ մի խոսք…»: Բրամսը մտերիմ էր Շտրաուս ընտանիքի հետ: Մի անգամ «Վալսերի արքայի» կինը` Յոհաննա Շտրաուսը, երգահանին խնդրեց ընտանեկան ալբոմում գրություն թողնել: Բրամսը չմերժեց և ալբոմում գրեց Շտրաուսի «Սքանչելի, երկնագույն Դանուբի վրա» վալսի առաջին տակտերը, վերջում ավելացնելով. «Ափսոս, հեղինակը ես չեմ»: Յոհաննես Բրամսը մահկանացուն կնքեց 1897 թ. ապրիլի 3-ին, Վիեննայում:

Ֆերենց Լիստ

Ֆերենց Լիստ

Կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական և հասարակական գործիչ Ֆերենց Լիստը լուրջ ներդրում ունի համաշխարհային երաժշտարվեստի զարգացման, հունգարական և այլ ազգային կոմպոզիտորական դպրոցների ստեղծման մեջ, դաշնամուրային արվեստում հիմնադրել է նոր ուղղություն:
Ֆերենց Լիստի հայրը՝ Ադամ Լիստը, նվագել է երաժշտական տարբեր գործիքներ, երգել և գրել է երաժշտություն, եղել է որդու դաշնամուրի առաջին ուսուցիչը: 6 տարեկանում Ֆերենցը սովորել է դաշնամուր նվագել, իսկ 3 տարի անց փայլուն ելույթներ է ունեցել: 1821–22 թթ-ին կրթությունը շարունակել է Վիեննայում, որտեղ աշակերտել է Կարլ Չեռնիին (դաշնամուր) և Անտոնիո Սալիերիին (կոմպոզիցիա): 1822–23 թթ-ին Վիեննայում ունեցել է մի քանի համերգ, որոնցից մեկին ներկա է եղել Լյուդվիգ վան Բեթհովենը: 1823 թ-ին կրթությունը շարունակելու նպատակով տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև 1835 թ., կոմպոզիցիայի մասնավոր դասեր  առել հայտնի երաժիշտներից: 

1830 թ-ին, Հուլիսյան հեղափոխության ազդեցութամբ, Լիստը գրել է «Հեղափոխական սիմֆոնիան», 1834 թ-ին՝ Լիոնի ջուլհակների ապստամբությունից հետո ՝ «Լիոն» դաշնամուրային պիեսը: 

1838–47 թթ-ին` որպես դաշնակահար, ելույթներ է ունեցել Եվրոպայում: Լիստը մեծ ճանաչման է արժանացել 1830-ական թվականներին ստեղծած «Ճանապարհորդի ալբոմ», 12 մեծ էտյուդներ, «Պետրարկայի երեք սոնետը», «Մահվան պարը» (նվագախմբի հետ) դաշնամուրային երկերով: Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում նրա մեծագույն նվաճումներն են առաջին «վայմարյան շրջանում» (1848–61 թթ-ին Վայմարյան դպրոցը գլխավորել է Լիստը) գրած խոշոր երկերը՝ «Ֆաուստ-սիմֆոնիա», «Սիմֆոնիա առ Դանտեի «Աստվածային կատակերգություն», 12 սիմֆոնիկ պոեմ, «Մազեպա», «Երկու դրվագ Լենաուի «Ֆաուստից» և այլն: Երաժշտական նոր ժանր են սկզբնավորել Լիստի ստեղծած 13 մեկմասանոց ծրագրային սիմֆոնիկ պոեմները: Երաժշտության միջոցով կոմպոզիտորը վերամարմնավորել է համաշխարհային արվեստի «հավերժական կերպարները» (Ֆաուստ, Պրոմեթևս, Օրփեոս, Համլետ): Վայմարում Լիստը հանդես է եկել որպես դիրիժոր (կատարել է իր ժամանակի կոմպոզիտորների ստեղծագործություններից), գրել հոդվածներ Հեկտոր Բեռլիոզի, Ռոբերտ Շումանի, Ռիխարդ Վագների, գիրք՝ Ֆրիդերիկ Շոպենի մասին, մշակել օպերային թատրոնի բարեփոխումների ծրագիրը: 

1861 թ-ին նա հեռացել է Վայմարից, ապրել Հռոմում, ապա՝ Բուդապեշտում: Կոմպոզիտորը, հիասթափվելով իրականությունից, 1865 թ-ին ձեռնադրվել է աբբա, գրել հոգևոր երաժշտություն: 1860–80-ական թվականներին ստեղծել է երգեհոնային և խմբերգային մի շարք հոգևոր ստեղծագործություններ, բազմաթիվ դաշնամուրային երկեր, հանրահայտ «Երեք մոռացված վալսը», շուրջ 70 ռոմանսներ ու երգեր: Լիստը մասնակցել է Բուդապեշտի երաժշտական ակադեմիայի հիմնադրմանը (1875 թ.), եղել նրա առաջին նախագահը:  Ակադեմիան հետագայում կոչվել է Լիստի անունով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s