Ռոք

on

Ռոք (ավելի մանրամասն ռոքի մասին)

1960-ական թթ.վերջերին Մեծ Բրիտանիայում ձևավորվեց ռոք երաժշտության նոր ոճ` պրոգրեսիվ ռոք (Progressive rock, prog rock կամ  prog)անվամբ, որին բնորոշ էին գեղարվեստականությունը, առավել բարդ երաժշտական ձևերի համադրությունը` այլ երաժշտական ուղղությունների և ոճերի հետ (ակադեմիական, ջազ, եվրոպական և արևելյան ժողովրդական, ավանգարդ) ռոք երաժշտության երկխոսությամբ:

Այս ժամանակաշրջանը թերևս համարվում է ռոք երաժշտության ամենագեղարվեստական, հարուստ ու խոսուն փուլը, որը հրապարակ բերեց այնպիսի խմբերի, որոնք խորը և մինչ օրս ուղենշային հետք պետք է թողնեին ոչ միայն ռոքի, այլև, առհասարակ, երաժշտության պատմության մեջ`  Pink Floyd, King Crimson, Jethro Tull, ELP(Emerson Lake & Palmer),  Yes, Genesis, Soft Machine և այլն: Նրանք յուրովի արտահայտվեցին դասական երաժշտության և ռոքի համադրումներում:

Պրոգրեսիվ ռոքն ընդունված է համարել փսիխոդելիք ռոքի հիման վրա առաջացած նոր ուղղություն, որն  իր հերթին, ըստ ոճական հատկանիշների, ժամանակի ընթացքում բաժանվեց մի քանի ենթաճյուղերի, որոնցից մեկն է ` սիմֆոնիկ ռոքը: Այն հայտնի է նաև սիմֆո-ռոք և արտ-ռոք ձևակերպումներով:

SYMPHOROCK

Սիմֆոնիկ ռոքը բնորոշվում է դասական-ակադեմիական երաժշտության հետ համադրությամբ և ունի տարբեր դրսևորումներ` մեջբերումներ  դասական երաժշտության տարբեր գործերից` ամբողջական ստեղծագործություններ կամ դրանցից վերցված առանձին կտորներ, առանձին թեմաներով ռոքային մշակումներ կամ, պարզապես, որևէ հայտնի ռոքային ստեղծագործություն` դասական երաժշտական գործիքների կիրառմամբ,  փոքր անսամբլներից մինչև մեծ սիմֆոնիկ նվագախմբերի սինթեզ-համադրում:

Ռոքի և ակադեմիական երաժշտության երկխոսության առաջին փորձերն արվել են դեռևս 60-ականների կեսերին: Այն ժամանակ այս ոճը առավելապես բնութագրվում էր «բարոկ-ռոք» տերմինով: Այս բնորոշմանը համահունչ էին Բիթլզի «Yesterday»-ը, The Rolling Stones-ի «As Tears Go By»-ը, ավելի ուշ հայտնվեց նաև Procol Harum-ի «A Whiter Shade of Pale»-ը: Եվ, այնուամենայնիվ, ժամանակագրական առումով սիմֆո-ռոքի ի հայտ գալու առաջին փորձը վերագրվում է The Moody Blues խմբին, որը 1967թ. ձայնագրեց «Days of Future Passed» կոնցեպտուալ ալբոմը:

«Nights in White Satin»-ը բրիտանական The Moody Blues խմբի ամենահին և ամենահայտնի երգերից է: Գրել է խմբի վոկալիստ և կիթառահար Ջասթին Հեյվըրդը 1967թ-ին: Այն առաջին անգամ ձայնագրվեց սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ և ընդգրկվեց «Days of Future Passed» ալբոմում, սակայն հետագայում, երբ առանձին թողարկվեց երգի սինգլը, նվագախմբային մասը և ավարտը` Գրեմ Էջի մոնոլոգով (Cold hearted orb that rules the night…) անհայտ պատճառներով այս տարբերակում չներգրավվեցին: Երգը 60-ականներին արդեն կազմալուծման շեմին գտնվող խմբին մեծ հաջողություն բերեց. հաջողություն, որին երկար էին սպասել` լայն ճանաչում, լավագույն հորիզոնականներ ճանաչված հիթ-շքերթներում և երկարատև շրջագայություններ:

«Nights in White Satin» -ը կատարվել է շատ այլ երգիչների և երաժշտախմբերի կողմից, նաև օգտագործվել Մարտին Սկորսեզեի«Կազինո», Թիմ Բարտոնի «Մռայլ ստվերներ» և այլ ֆիլմերում:

The Moody Blues-Nights in white satin

  1969թ. բրիտանական հայտնի Deep Purple խումբը` իր հիմնադիր և երգեհոնահար Ջոն Լորդի նախաձեռնությամբ ձեռնամուխ եղավ մի աննախադեպ և համարձակ ստեղծագործության` «Կոնցերտ ռոք խմբի և նվագախմբի համար» (Concerto for Group and Orchestra): Հեղինակ և գործիքավորող` Ջոն Լորդ, մենակատար` Deep Purple` Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Համերգի օր էր նշանակվել սեպտեմբերի 24-ը: Խմբի մենեջերը` Թոնի Էդվարդսը որոշեց, որ համերգը պետք է կայանա թագավորական «Ալբերտ Հոլում»` Մեծ Բրիտանիայի մշակութային կյանքի ամենահայտի ու նշանավոր սրահում:

«Երբ ինձ հայտնեցին այդ մասին, ես ուղղակի սարսափեցի,-հարցազրույցներից մեկում ասել էր Ջոնը,- այլ բան է ինչ-որ գործ պլանավորելը և բոլորովին այլ արդեն նախատեսված համերգի պատրաստվել, այն էլ`  այդպիսի հեղինակավոր դահլիճում. չէ՞  որ ես պատրաստվում էի ներկայացնել նոր երաժշտական ի’մ տեսլականը, որը դեռևս փորձնական փուլում էր: Այս նախաձեռնության ֆիասկոն հնարավոր էր դառնար ոչ միայն իմ կարիերայի փլուզումը, այլև Deep Purlpe-ի: Այլընտրանք չկար, և ես պարտավոր էի շտապ գործի անցնել` երաժշտական մտահղացմանս մասնատված ու տարբեր տեղեր ցրված  բեկորները, որ մինչ այդ մտքումս կային,  հավաքել, ի մի բերել և մշակել` վերածելով հասուն ու խորը ձևերի»:

Ջոն Լորդը ստիպված էր աշխատել օր ու գիշեր, քանի որ նրան տրված էր ընդամենը մի քանի ամիս այդ բարդ և, ինչպես ինքն էր ենթադրում, ճակատագրական աշխատանքի համար: Աշխատում էր հուլիս-օգոստոս ամիսներին, համերգներից հետո` ուշ գիշերվանից մինչ առավոտ. «Իսկ երբ քունն ու գերհոգնածությունը փորձում էին հաղթել, ինձ օգնության էին հասնում թունդ սուրճով լի հսկա բաժակը  և ձախողման սարսափելի պատկերը, որը մղձավանջի նման հետապնդում էր ինձ այդ ամիսների ընթացքում»:

Թերևս մի բանում այս ընթացքում Ջոն Լորդի բախտը բերեց. Թոնին իր կապերի շնորհիվ կարողացավ համերգը ղեկավարելու համար ստանալ Մալքոլմ Առնոլդի համաձայնությունը. մարդ, ով Անգլիայի ամենահեղինակավոր դիրիժորներից մեկն էր համարվում և երաժշտական կյանքում առավելապես հայտնի էր որպես էքսպերմենտների սիրահար նորարար:

Համերգը թեև նախատեսված էր սեպտեմբերի 24-ին, երաժիշտների հետ ամբողջական կազմով փորձերը սկսվեցին միայն սեպտեմբերի 20-ից. դիմադրությունն անթաքույց. նախատեսված մի քանի փորձեր ձախողվեցին թագավորական նվագախմբի երաժիշտների բացահայտ չկամության պատճառով: Այդ մտահղացումը արկածախնդրության նման էր: Նրանցից ոմանք տարակուսած նայում էին մերթ դիրիժորին, մերթ  հինգ հանդուգն, երկարամազ երիտասարդներին, ովքեր թեև շփոթված էին, բայց ակնհայտորեն փորձում էին իրենց խայտաբղետ փողկապներով ու չսափրված դեմքերով ներխուժել դարավոր ավանդույթների վրա հիմնված  դասական- ակադեմիական երաժշտության ասպարեզ (Deep Purpl-ն այն ժամանակ թեև հայտնի խումբ էր, բայց դեռևս մեծ մասսայականություն չէր վայելում): Իսկ երբ Ռիչի Բլեքմորի (Deep Purple խմբի կիթառահար) կիթառի առաջին ակորդը խլացրեց ողջ նվագախմբի ձայնը, թավջութակահարուհիներից մեկի նյարդերը պարզապես չդիմացան և  լքեց սրահը` հայտարարելով, որ նա կոնսերվատորիան չի ավարտել  այդ արժանավոր դահլիճում բիթլզյան նմանատիպ հետնորդներին նվագակցելու համար:  Միայն Մալքոլմ Առնոլդի համբերության և հեղինակության շնորհիվ հաջողվեց գործը գլուխ բերել: Նա վստահ էր, որ այդ համերգով նրանք պատմության նոր էջ էին բացելու. և նա ճիշտ էր:

1969թ. սեպտեմբերի 24-ին Ալբերտ Հոլում կայացած այդ համերգը ոչ միայն հաջողությամբ պսակվեց. այն հետագայում շատ բան պետք է փոխեր երաժշտական պատկերացումներում`  կոտրելով  նաև ռոք երաժշտության հանդեպ ունեցած կարծրատիպերը: «Կոնցերտը» առաջին խոշոր նախագիծն էր, որը համատեղել էր ռոք խումբն ու դասական երաժշտական նվագախումբը  այդպիսի մասշտաբային ստեղծագործությունում, այն էլ` հավասար իրավունքներով,  և երաժիշտները պատկերացնել անգամ չէին կարող թե ինչ պետք է տեղի ունենար լեփ-լեցուն դահլիճի ներկայությամբ: Մինչդեռ համերգից հետո նրանք դեռ երկար պետք է վայելեին դահլիճի արձագանքները.  Ի՞նչ իմանային, որ 30 տարի անց, այդ արձագանքների հետքերով,  արդեն սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները պետք է պայքարեին 2-րդ համերգի (1999թ) նվագախմբում ընդգրկվելու համար` շտապելով նաև  խնդրել նախկին արկածախնդիր երիտասարդներից դիփըրփըլյան ստորագրություններ իրենց ձայնասկավառակների համար:

«Կոնցերտը» երաժշտագետների խորին համոզմամբ ճանապարհ բացեց նաև ռոք և դասական երաժշտության նոր նշանավոր երկխոսությունների, ինչպիսիք էին Ռոջեր Ուոթերսի (Pink Floyd) «The Wall – Live in Berlin» -ը, Metallica-ի S&M-ը և այլն:

1970-ականներին  սիմֆոնիկ ռոքը դարձել էր  երաժշտական դաշտում ամենապահանջված ժանրերից մեկը, որը ծնունդ տվեց այս ասպարեզում նոր երաժիշտների և խմբերի: Այս «ուղղությանը» ինչ-որ ժամանակ տրվել են նույնիսկ կոմերցիոն դաշտում հայտնի երաժիշտներ, որոնցից մեկն էլ ի զարմանս մեզ Էլթոն Ջոնն է: Սիմֆոռոքի տպավորություններով 1973թ նա գրեց իր` երաժշտական քննադատների կողմից լավագույնս գնահատված ալբոմը` «Goodbye Yellow Brick Road»-ը: Սիմֆոնիկ ռոքի հանդեպ հետաքրքրությունը տարիների ընթացքում դուրս էր եկել անգլիական սահմաններից` ընդգրկելով նաև ոչ անգլիալեզու տարածքներ` Իտալիա, Գերմանիա, Հոլանդիա, Ֆրանսիա, Ճապոնիա և այլն,  զարգանալով բոլոր չափանիշներին համապատասխան: Ցավոք սրտի այդ փորձերից շատերը, որոնք իրականում փայլուն ներկայացրեցին այս բնագավառը, այդպես էլ մնացին նեղ ու փոքր միջավայրի սահմաններում. միգուցե պատճառը «առաջամարտիկների» թողած ստվերն էր, որը ներգործում է նույնիսկ մեր օրերում: Ճապոնիայում առավել ակտիվ էին խմբերը 80-ականների սկզբին, նրանց մեծ մասը կրում էին «Pink Floyd», «King Crimson», «Yes» և «Genesis» խմբերից ազդեցություններ:

Ռոքի և ակադեմիական երաժշտության սինթեզը շարունակում է հետաքրքրության կենտրոնում մնալ մինչ օրս` մերթ շատ պահանջված, մերթ սպասված հանգստի դերում, ժամանակ առ ժամանակ նույնիսկ  դառնալով շատ երաժիշտների ու նվագախմբերի համար չափանիշ` իրենց կարիերայում հասնելու որոշակի փուլի: Այս, թվում էր երկու հակադիր տարածքների համադրումը իրականում շատ բան փոխեց մասնագետների և երաժշտասեր լսարանի նախնական ընկալումներում` ռոքը որպես աղմկոտ և ոմանց կողմից ժամանցային, երբևէ անընդունելի տարածք տեսնող երաժիշտներին մոտեցնելով իրական խորքին` նրանց մեջ ձևավորելով լուրջ համակրանք այս ժանրի հանդեպ, և ճիշտ հակառակը` ռոքի մեջ ապրողներին ներարկելով դասական երաժշտության  փոխանցած զգացողությունը: Այն նաև երկուստեք կամուրջ ստեղծեց տարբեր տարածքների երկրպագուների համար: Այսօր «Ի՞նչ ես սիրում լսել» հարցին ի պատասխան հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունը` «Ես սիրում եմ դասական, մեկ էլ` ռոք երաժշտություն…»:

Սիմֆոնիկ ռոքի տրամադրությունը մեր` հայաստանյան հասարակության մեջ վերածնվեց, իսկ երաժշտական կյանք ներխուժեց իմ կարծիքով 2010թ մարտից, երբ Deep Purple խմբի մենակատար Իեն Գիլանը երկու համերգ ունեցավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (երբ սիմֆոնիկ ռոքը ոչ միայն ծնվել ու ապրել, այլև հասցրել էր իր զարգացման գագաթնակետից իջնել, հետո մի անգամ էլ բարձրանալ ու էլի իջնել) … զուսպ, սևի ու սպիտակի կատարյալ համադրությամբ, չափի ու մեղեդայնության հաղորդած ջերմությունը մինչ այդ ինքնամփոփ վայելող երաժիշտներին երբևէ այդքան ազատ ու անկաշկանդ մեր բեմերում չէի տեսել… նրանց այդ պահի կերպարը զարմացրել և հուզել էր անգամ նվագախմբի դիրիժորին` Էդուարդ Թոփչյանին, ով դալիճից էր հետևում հրավիրյալ դիրիժորի ստացած «արդյունքին»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s