Չարենցի և Իսահակյանի ընկերությունն ու Չարենցի վերջին բանաստեղծությունը

on

Եղիշե Չարենցին ձերբակալեցին 1937թ. հուլիսի 27-ին։ 1935-1936 թթ. ընթացքում բանաստեղծին շատ անգամներ էին կանչել ցուցմունքներ տալու: Չարենցին մեղադրում էին ընդհատակյա նացիոնալիստական կազմակերպություն ստեղծելու մեջ։ Նա, իբրև թե, ուզում էր տապալել խորհրդային իշխանությունները Հայաստանում:
Չարենցից առաջ ձերբակալվել էին նաև Ակսել Բակունցը, Ալազանը, Մկրտիչ Արմենը, Նորենցը և այլք: Իսկ 1934-1936թթ. Չարենցին ձերբակալություններից կարողացավ պաշտպանել Աղասի Խանջյանը` Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը։
Սակայն Թիֆլիսում Խանջյանի սպանությունից հետո, որն իբրև ինքնասպանություն մատուցեցին, Չարենցը զրկվեց պաշտպանությունից: Նրան հեռացրին Գրողների միությունից: Տնային կալանք նշանակեցին:

Իսահակյանը

Ժամանակակիցներից շատերը ստիպված երես դարձրեցին Չարենցից։ Սակայն Ավետիք Իսահակյանը Հայաստան գալուց անմիջապես հետո՝ 1936թ. դեկտեմբերին, մշտապես հանդիպում էր Չարենցի հետ․․․ Նրանք դեռևս 24 թվականից ընկերներ էին։
Իսահակյանը որպես քաղաքական վտարանդի՝ 1920թ.-ից մշտապես ապրում էր Վենետիկում, իսկ Չարենցը տարված հոկտեմբերյան գաղափարներով՝ մնում է Հայաստանում։ Կյանքում առաջին անգամ ստեղծագործական գործուղման է մեկնում Եվրոպա, և առաջին հերթին՝ Վենետիկ՝ Իսահակյանին հյուր:

1925 թ. Հայաստան վերադառնալուց հետո Չարենցը Իսահակյանի մասին գրում է «Էլեգիա, գրված Վենետիկում» պոեմը, որտեղ գովում է Սովետական Հայաստանը և քննադատում Իսահակյանին՝ Եվրոպական երազաներով ապրելու համար․

VI

…Ես պատմում էի նրան, թե մեր
Երկիրը ի՜նչ է հիմա դառնում
Եվ ի՜նչ ուժեր են հիմա հառնում
Իր երազած այն աշխարհի դե՛մ։
Ես պատմում էի այգը մեր մեծ
Եվ առավոտը մեր իրական
Եվ այն, որ սիրտս թինդով երգեց,
Եվ այն, որ նոր է ու պիտի գա։
Ես ասում էի.— երկրում հեռու,
Ուր մեր աշխարհն է սավետական,
Հիմա ելնում է ուրի՜շ մի կյանք
Եվ ա՛յլ պայքար է հիմա եռում։
Որ այն, ինչ մութ էր, հնին անտես,
Որ խորշերում էր, ներսում, միգում—
Հիմա դառել է հրե մի գունդ
Եվ բորբոքում է կյանքը այնտեղ։
Որ ոնց գարնանը հեղեղը գա
Եվ կապանքները ձմռան քանդե—
Այդպես մրրիկը այն հեռակա
Խուլ աշխարհում մեր արձագանքեց։
Ինչպես հանքում հին, երբ վերևի
Շերտերը ծուխ են արդեն դառնում—
Ուրիշ ուժեր են վարից հառնում
Ու բարձրանում են վեր՝ արևին,—
Այդպես մրրիկը այն կարմրակեզ,
Որ Հոկտեմբեր է հիմա կոչվում—
Բերեց երկրին մեր նո՛ր մի աճում
Եվ աշխարհնե՛ր նոր հանեց հանդես։
Եվ այդ աշխարհը, ուժը այդ մեր—
Օ, ա՜յլ է, ա՜յլ է, չեղած երբեք.
Որպեսզի գար նա, կյանքում հորդեր—
Դեռ հարկավոր էր հինը սրբել։
Այդ ուժը նո՛ր է, ձերին օտար,
Ձերին ներհա՛կ միշտ ու հակադիր,
Ինչպես փայտի՛ դեմ— հալած մետաղ,
Ինչպես ջրի՛ դեմ— հրի հատիկ։
Դա մեր բանակն է, ելած վարի՛ց,
Խուլ խավարի՛ց ձեր աշխարհի այն,
Որ մեր քրտինքը փոխում քարի՝
Եվ մեզ թողնում էր արյուն միայն։
Մեր կյանքը մութ էր ձեր աշխարհում,
Անդուռ նկուղ էր, անանց ձմեռ.
Եկավ պայքարը, ցուրտը ցրեց—
Եվ ձմեռի՛ տեղ— տեսանք գարուն։
Մենք մեր օրերը, այգը դարու
Հոկտեմբերից ենք հիմա հաշվում
Եվ անհաջող մի, հիմար սիրուց
Դեպի լեռները մենք չե՛նք քաշվում։
Եվ սրտերում մեր— տրտունջ չկա.
Մենք հավատում ենք հիմա կյանքին.
Մեզ հմայում են գործ ու պայքար
Եվ հոգնությունը աշխատանքի։
Քո ճանապարհը աշխարհում այն
Դու գնացել ես մեն ու մենակ—
Իսկ մենք անթիվ ենք, անհուն բանակ
Եվ կառուցում ենք հիմա անահ
Մեր նոր աշխարհը՝ պայծառ ու լայն։
Եվ մենք ասում ենք.— Մե՛նք ենք հիմքը
Ամբողջ կյանքի ու մարդկության.
Ամբողջ աշխարհը հայրենիք է
Եվ աշխատանքը ու քրտինքը
Օ, նո՜ր աշխարհ մի պիտի տան—
Նրանց, ում կյանքը անիծել է,
Ով ճորտ է, մերկ է ու անտուն,
Բայց պայքարում են հիմա անդուլ
Եվ աշխատում են ստեղծել
Նոր մարդկություն մի՝ անցավ, անցեց…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Եվ գաս եթե դու երկիրը մեր

Եվ նույնը, նույնը, նույնը մնաս –

Մեր նոր արևը չի´ գուրգուրե

Քո այդ երգերը մահամնա:

…Եվ կմնաս դու տխուր ու ծեր,

Այդ նույն ձմեռը քո ցուրտ հոգում,

Եվ հուսահատ ու որբ կլինես

Ինչպես հեռու այս Վենետիկում…

Իսկ տարիներ անց․․․

Երբ քաղաքական երկարամյա տարագրությունից հետո` 1936թ. դեկտեմբերին Իսահակյանն ընդմիշտ վերադարձավ հայրենիք, նրան դիմավորեց արդեն բոլորովին այլ Չարենց՝ նախկին ոգևորությունից ու համոզմունքներից հոգնած ու հիասթափված․․․

Չարենցի ձերբակալության օրը մոտենում էր…

Ահա թե ինչպես է նկարագրում Իսահակյանի որդին` Վիգենը, Չարենցի ձերբակալությունը.

«Վաղ առավոտյան (1937թ. հուլիսի վերջին) հորս մոտ եկավ Իզաբելան (Չարենցի կինը)` շատ հուզված, արցունքների մեջ: Մենք հասկացանք, որ մեծ դժբախտություն է պատահել:
Իզաբելան պատմեց, որ Չարենցն իր և երկու դուստրերի հետ հյուր էր մի բարեկամի տանը` Նորքի բարձունքներում գտնվող նրա քաղաքամերձ տանը: Շատ շոգ էր, և Չարենցը երեխաների հետ առավոտյան շրջում էր այգում: Կեսօրին մոտ եկել է սև մեքենան, որից դուրս են եկել երկու հոգի` ՆԳԺԿ աշխատակիցների համազգեստով և նրան հարցրել են, թե որտեղ է Չարենցը: Իզաբելան պատասխանել է, թե նա երեխաների հետ այգու խորքում է: Նրանք գնացին նրա մոտ. «Ընկեր Չարենց, Ձեր գործը քննելու հետ կապված` Ձեզ կանչում են ՆԳԺԿ»:
Չարենցն անմիջապես հասկացավ ամեն ինչ: «Ես գիտեմ, որ այլևս այստեղ չեմ վերադառնալու, դրա համար խնդրում եմ, որ ընտանիքս էլ ինձ հետ գա Երևան, տուն»: Չմերժեցին: Նրանք բոլորը նստեցին մեքենան: Մեծը` Արփիկը, նստել էր հոր ծնկներին, փոքրը` Անահիտը, իմ: Ամբողջ ճանապարհին Չարենցը լուռ էր և գլուխը խոնարհած` թախծոտ նայում էր Արփիկի աչքերին, ասես ուզում էր ընդմիշտ հիշել նրա կերպարը»:
Տանը Իզաբելան թույլ չտվեց, որ Եղիշեն հրաժեշտ տա իրեն և երեխաներին. «Չէ՞ որ դու պետք է վերադառնաս, իսկ հրաժեշտը վատ նշան է»:
Եվ պոետը գնաց այն հագուստով, ինչ հագին կար` թեթև սպիտակ վերնաշապիկով: Հասցրեց միայն հանել ոսկե ժամացույցը և հանձնել կնոջը. «Կարող է քեզ պետք գալ»: Եվ այդ ժամանակ ուղեկցողները խնդրեցին նրան. «Ընկեր Չարենց, եթե կարելի է, մեզ իբրև հիշատակ մեկական գիրք տվեք ձեր ինքնագրով»: Չարենցը չմերժեց նրանց: Ապա միայն գլխով շոյելով կնոջը` արագ դուրս եկավ: Իզաբելան դուրս թռավ պատշգամբ և տեսավ, թե ինչպես նա մեքենա նստեց ու կորավ տեսադաշտից: Կինը հասկացավ, որ նրան այլևս երբեք չի տեսնի ամուսնուն»: Պատմելիս Իզաբելան կրկին հեկեկաց` սեղմվելով հորս»:

Սա Չարենցի մեծ ողբերգության ընդամենը սկիզբն էր: Դրանից շատ չանցած Իզաբելային հանեցին բնակարանից, երեխաների հետ ապրելու համար մի փոքրիկ խուց հատկացրեցին, առգրավեցին բանաստեղծի բոլոր ձեռագրերն ու գրադարանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s