Ազատագրական զինված պայքարը Սյունիքում XVIII դարերում

on

Պետրոս Առաջինիդեպի Անդրկովկաս շարժը սկսելու հետ մեկտեղ հայերի մեջ վերջապես պարսկական ծանր լուծը թոթափելու հույս հայտնվեց: Սա հնարավոր եղավ հատկապես Սյունիքում և Ղարաբաղում, որտեղ համեմատաբար ավելի թույլ էին բռնապետության դիրքերը, որ պայմանավորված էր նաև այս տեղանքների աշխարհագրական դիրքով: Այս շրջանում Հայաստանի ինքնապաշտպանության և ազգային ինքնորոշման կռիվներում աչքի եկան մի ամբողջ խումբ հայազգի փառապանծ հրամանատարներ, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն ունեցավ հայկական բանակի, ռազմարվեստի զարգացման և հրամանատարական կադրերի պատրաստման գործում: Դավիթ Բեկը, որ գտնվում էր Վրաստանում, գալով Սյունիք արագորեն իր շուրջը համախմբեց տեղի հայ զինվորականությանը, կարգեց զորապետներ: Սրանց շարքում էին Մխիթար Սպարապետը, Թորոս իշխանը և այլ հերոսներ, որ մարտերի ժամանակ փայլեցին իրենց հրամանատարական և կազմակերպչական բարձր ունակություններով: Դավիթ Բեկը հրամանատարի բնածին որակներ ուներ, որ հայրենիքին նվիրվածության հետ մեկտեղ դաստիարակչական մեծ դեր կատարեցին նրա ղեկավարած զորքերում: Նրա անձնական օրինակը վարակիչ էր ենթակաների համար:
Դավիթ Բեկը 1722–28 թթ.ին գլխավորել է Սյունիքի ազատագրական պայքարը թուրք-պարսկական զավթիչների դեմ: Ստեղծել է անկախ հայկական իշխանապետություն, որը ճանաչել է Պարսից շահը և նրա հետ դաշինք կնքել:
Դավիթ Բեկը սյունեցի էր: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր: Սյունիքի 50 տանուտերերի ու մելիքների անունից և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով Վրաց թագավորը 1722 թ-ին Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկել է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվեց սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ դարձան Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ:
Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետերի: 1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, ՈրոտանըՍյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից: 1724 թ-ի սեպտեմբերի 26-ին Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել:
Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրել են նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը: 1727 թ-ին Դավիթ Բեկը բանակցել է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում և դրամ հատելու իրավունք տվել:
Ցավոք, Դավիթ Բեկի անժամանակ մահից հետո Սյունիքում հայկական զինված ուժերը կազմալուծվեցին և պարտություն կրեցին: Սակայն հայկական զինված զինվորականությունը պահպանվեց Արցախում և շարունակեց իր անհավասար պայքարը օտար նվաճողների դեմմինչև Անդրկովկասի միացումը Ռուսաստանին: Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացումից հետո հայկական զինված ստորաբաժանումները որպես ինքնուրույն միավորներ դադարեցին գոյություն ունենալ, բայց հայկական զինվորականությունը շարունակեց ծառայել իր հայրենիքին` այս անգամ ցարական բանակին տալով այնպիսի հռչակված հրամանատարներ, ինչպիսիք էին Բեհբութովը, Մադաթովը, Տեր-Ղուկասովը, Լորիս-Մելիքովը և այլք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s