

Քոլեջում ուսումնական նախագիծ էինք սկսել Մարիամ Մինասովնայի և միսս Լիլիթի հետ, որի ընթացքում պետք է ծանոթանայինք Սերգեյ Փարաջանովի կյանքին, գործունեությանը, թանգարանին և կատարած աշխատանքներին։ Ավելի լավ սովորելու և ճանաչելու համար այսօր այցելեցինք թանգարան, որտեղ պետք է ապրեր հենց ինքը Փարաջանովը, բայց իր հիվանդության պատճառով չհասցրեց ապրել այնտեղ և տունն ուղղակի դարձավ «Սերգեյ Փարաջանովի թանգարան», որտեղ ներկայացված են՝ իր ձեռքի աշխատանքները, կյանքից դրվագներ և իրեր։ Թանգարանն ուներ հրաշալի կահավորում և ձևավորում, ինչն առաջին հայացքից նկատելի էր և գրավիչ։ Սկսեցինք գիդի հետ շրջել սրահներով, որտեղ նա մեզ հետաքրքրությամբ ներկայացրեց Փարաջանովի կյանքը, ստեղծագործությունները։ Մանրակրկիտ ծանոթանալուց և բացահայտելուց հետո, ավելի շատ սկսեցի սիրել Փարաջանովի մարդ տեսակը։ Ինչքան էլ ունեցել է դժվարին ճանապարհ, խոչընդոտներ, որոնք խանգարել են կատարելագործվելուն, նա փորձել է այդ խոչընդոտները օգտագործել է իր օգտին՝ ավելի կանգուն ու առողջ ապագա ունենալու համար։ Փարաջանովը միշտ շեշտում էր, որ ինքը հանճար է, և դա կգնահատվի միայն այն ժամանակ, երբ կմահանա ինքը։ Մի քանի մեջբերում կցանկանայի անել Փարաջանովից, որոնք հնչեցին թանգարանում.
«Ես հասկացել եմ, և սա ամենասարսափելին է… Ես հարավն ու արեւելքն եմ: Կեղտոտ և մաքուր»,
«Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով»,
«Ես ծաղիկներ նկարող խելագար ծերուկ եմ»։
Այսօր ունեցա շատ հագեցած և հրաշալի օր, ձեռք բերեցի նոր գիտելիքների պաշար, ինչի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին ուսուցողական նախագիծ կազմակերպելու համար։




