Կարմիր կամուրջ, կիսավեր կամուրջ Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Հրազդան գետի վրա։ Հանդիսանում է մայրաքաղաքի հնագույն կամուրջը։ «Կարմիր» անվանումը ստացել է կարմիր տուֆից կառուցված լինելու համար։ Հին Երևանի կամուրջներից է, վերակառուցվել է 1679 թվականին՝ երկրաշարժից հետո։ Ուներ 80 մետր երկարություն և 11 մետր բարձրություն։ Կառուցվել է Հրազդանի ձորում՝ 1679 թվականի Երևանի երկրաշարժից քանդված կամրջի տեղում։ Կապել է Երևանի բերդը Արարատյան դաշտին։ Կարմիր կամրջից ոչ հեռու գտնվել են Դալմայի և Սարդարի այգիները, «մալի բազարը»։ 20-րդ դարում կամուրջը փլուզվել է։ Նախկինում դրա վրայով անցնում էին գրաստներ, սայլեր, հետիոտններ ու հեծյալներ։ Ռազմական նպատակների համար կիրառված այս կամուրջը պարբերաբար վերանորոգվել է։ Բազմաթիվ վերանորոգումներից (որոնց հետքերը տեսանելի են կառույցի որմնանցքի վրա) ամենահիմնավորը եղել է 1830 թվականինը։ Կամուրջն ունի կամարավոր բացվածք, որոնցից երկու կենտրոնականները մեծ են, և դրանց միջով հոսում է գետը, իսկ 2-ը փոքր են՝ համեմատաբար բարձրադիր։ Դրանց միջով անցնում են մոտակա հանդամասերը ոռոգող ջրանցքները։
Կարմիր կամուրջը կոչվել է նաև Խոջա-Փիլավի կամուրջ՝ ի պատիվ քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փիլավի, որը ֆինանսավորել էր կամրջի վերանորոգումը, իսկ Կարմիր է կոչվել, որովհետև կառուցված է կարմիր տուֆից: Այս կամրջով է նախկինում անցել Երևան-Էջմիածին գլխավոր մայրուղին: Կամրջի տակ՝ ձախ կողմում, պարսկական մզկիթ կա։