
Բուժական գյուղը այսօր պատկանում է Կոտայքի մարզին, նախկինում եղել է Ապարանի շրջանի գյուղերից: 1972-ին, երբ Եղվարդ կենտրոնով ձևավորվեց նոր՝ Նաիրիի շրջանը, Բուժականը միացվեց այդ վարչական միավորին:
Գտնվում է Երևանից 35 կիլոմետր հեռավորության վրա:
Բուժականը, որը նախկինում ունեցել է Բաբաքշի անունը, տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին՝ Արա լեռան հանդիման:
Բաբաքշին որոշ ժամանակահատված թուրքաբնակ էր: Թուրքեր էին ապրում նաև շրջակա գյուղում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր` Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան, ասվում է Կոտայքի մարզպետարանի կայքում։
Հնում հայեր են ապրել այստեղ: Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր` իր հռչակավոր վանքերով: Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյաց հազարամյա վանքը: Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը: Բուժականի մյուս պատմամշակութային կենտրոնը գյուղից մեկ-երկու կիլոմետր արևելք գտնվող սուրբ Մարիամ Աստվածածին վանքն է, որից մեզ է հասել միայն վանքի հարավային պատը:
Բուժականի նոր պատմությունն սկսվում է 1922 թվականից: Այստեղ հաստատվեցին հայեր Մշից, Բասենից, Ղարսից, Էրզրումից, ինչպես նաև՝ Պարսկաստանի Խոյ գավառից: