Գյումրի

on

Գյումրին բնակավայր է եղել դեռ անհիշելի ժամանակներից։ Տարածքում հայտնաբերվել են հնագիտական (մ.թ.ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադար) հուշարձաններ։ Պեղված իրերից են 1875 թ. շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնված մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե իրերը, ինչպես նաև 1908 թ. գտնված մ.թ.ա. X-IX դդ. երկաթե ապարանջաններն ու դանակները։ 1929 թ. Լենինականում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ.թ.ա. XI-IX դդ։ 1939 թ. մսի կոմբինատի տարածքում եղած հնագույն բնակատեղիից պեղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի աշխատանքային գործիքներ ու զենքեր (բրոնզե և երկաթե դանակներ, նետասլաքներ ու նիզակների ծայրեր)։

Կումայրի

Հնում ստացած Կումայրի անվանումը որոշ պատմաբաններ կապում են կիմերների հետ։ Կումայրի բնակավայրի մասին տեղեկություններ է հայտնում նաև Քսենոֆոնն իր «Անաբասիս» ստեղծագործությունում։ Հայ մատենագիրներից առաջինը Կումայրու մասին տեղեկություներ է հայտնում Ղևոնդ պատմիչը՝ նկարագրելով 773-775 թվականներին արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժողովրդական հուզումները։
Այնուհետև, դարեր շարունակ Կումայրի-Գյումրին նշանակալի առաջադիմություն չի ունենում։ Մինչև XIX դարի սկիզբը Գյումրին ընկել է մերթ Պարսկաստանի, մերթ Թուրքիայի տիրապետության տակ, ինչի պատճառով բազմիցս թալանվել է ու ավերվել։ Գյումրու զարգացման ամենանշանակալի շրջանը դարձավ XIX դարը, երբ 1804 թ.՝ ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ, այն հարակից տարածքներով հանդերձ մտավ Ռուսաստանի կազմի մեջ, այսինքն՝ շատ ավելի վաղ, քան ողջ Արևելյան Հայաստանը:
Պատմական տարբեր ժամանակներում բնակավայրը կրել է տարբեր անուններ։ Ամենահին աղբյուրը, որ թվագրված է Ք.Ա. VIII դարով, այն հիշատակում է Կումայրի անունով։ Այդպես է անվանվել նաև մ.թ. VIII դարում, ինչպես վերը նշեցինք, Ղևոնդ պատմիչի ձեռագրում։ Փաստորեն շուրջ 16 դար բնակավայրը հայտնի է եղել այս անվանումով։ Հետո երկար ժամանակ տեղեկություններ չկան, որից հետո սկսում է հիշատակվել «Գումիրի», «Գումրի», «Գյումրի» և այլ տարբերակներով, մինչև 1837 թվականը, երբ վերանվանվեց Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ Ռուսաց ցար Նիկոլայ Ա-ի կնոջ՝ Ալեքսանդրիայի։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մի քանի տարի հետո՝ 1924 թվականին քաղաքը կոչվեց Լենինական՝ Վ.Ի Լենինի անունով։ Հայաստանի անկախացումից հետո 1991 թվականին շատ կարճ ժամանակով վերականգնվեց քաղաքի հնագույն Կումայրի անունը, որից հետո 1992-ին կրկին հաստատվեց միջին դարերից հայտնի Գյումրի տարբերակը։
Կումայրիի տարածքը բնակեցված է եղել վաղեմի ժամանակներից։ Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այն գոյություն է ունեցել դեռևս քարի դարաշրջանում։ Նրա տարածքում եղած երկու բազմաշերտ բնակատեղիներում՝ Կումայրիում (քաղաքի հարավային և հյուսիսարևմտյան ծայրամասերում) և ներկայիս Մսի կոմբինատ թաղամասի տարածքում հայտնաբերված հնագիտական իրերը վերաբերում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին։
Առաջին լուրջ հնագիտական ուսումնասիրությունները կատարվել են 1928 թ.՝ Գյումրիի ավազահանքերում. «Կազաչի պոստ»-ում հայտնաբերվել են բրածո կենդանիների (երրորդական շրջանի վերջի, չորրորդականի սկզբի) մնացորդներ (փղի, նախնադարյան ձիու, ցուլի, ուղտի, եղջերվի, ռնգեղջյուրի)։
1941 թ. հողային աշխատանքների ժամանակ, մսի կոմբինատի տարածքում գտնվել է մամոնտի կողոսկր։ 1929 թ. Գյումրիում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ.թ.ա. XI — IX դդ.: 1939 թ. մսի կոմբինատի տարածքում եղած հնագույն բնակատեղիից պեղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի աշխատանքի գործիքներ ու զենքեր (բրոնզե և երկաթե դանակներ, նետասլաքներ ու նիզակների ծայրեր)։ 1943 թ. այդ բնակատեղիում և նրան կից դամբարանադաշտում պեղումներ է կատարել ՀՍՍՀ մշակույթի պատմության ինստիտուտի արշավախումբը՝ Աշխարհբեկ Քալանթարի ղեկավարությամբ։ Առանձնապես արժեքավոր են բնակատեղիում բացված՝ վաղ երկաթի դարի ձուլման արհեստանոցը (կենտրոնում՝ մոխրով լցված վառարան, կողքին՝ խարամի կույտ) և կացնի ձուլման կաղապարը։ Հիմնահողային և սալարկղային դամբարաններից, ուր կատարվել են առանձին և խմբային թաղումներ, հանվել են բրոնզե, կավե և քարե իրեր, որոնց մեջ գերակշռում են գետաքարից և ծակոտկեն բազալտից պատրաստված աշխատանքի գործիքները։ Դրանք բնորոշ են հիմնականում ուշ բրոնզի դարից վաղ երկաթի դարին անցման ժամանակաշրջանին (մ.թ.ա. X — IX դդ.)։ 1952 թ. ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի արշավախումբը, Տ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ, բացել է տուֆի և բազալտի կոպիտ, խոշոր կտորներից շարված պատերով, կավածեփ, քառանկյունի բնակարանների հիմքեր և 14 քարարկղային դամբարան: Գտնված առարկաների (կավամաններ, բրոնզե և երկաթե ապարանջաններ, բրոնզալարից մատանիներ և այլնն) մի մասը վերաբերում են մ.թ.ա. VIII — VII դդ.:
Մսի կոմբինատի տարածքում կատարված հողային աշխատանքների ժամանակ բացված հնագույն ընդարձակ բնակավայրն ունեցել է կիսագետնափոր, խոշոր վեմերով կառուցված քառանիստ բնակարաններ։ Ի հայտ բերված նեոլիթյան քարե գործիքները, խեցանոթների բեկորները, ոսկրե, բրոնզե և երկաթե իրերը վկայում են, որ Կումայրին, որպես բնակավայր քարի, բրոնզի և երկաթի դարաշրջաններում գոյատևել ու զարգացել է։ Նրա բնակիչներն ունեցել են տոհմատիրական կարգերին բնորոշ կենսակերպ։ Այնտեղ հայտնաբերված բրոնզե կոթառով սեպաձև կացինը, պղնձե դաշույնը, ձուլարանը և մետաղներ ձուլելու քարե կաղապարները խոսուն ապացույց են՝ տեղում մետաղաձուլության առկայության մասին։ Ընդ որում՝ Գյումրիի գավառագիտական թանգարանում պահվող մարտական կացինը նման է Միջագետքում (հին Շումերում) մ.թ.ա. IV-III հազարամյակներում արտադրվածին։ Կումայրիում հայտնաբերված բրոնզե, պղնձե և երկաթե զինատեսակները (կացին, դաշույն, նետասլաքներ, ձիու սանձի երկաթե մասեր) վկայում են հեռավոր այդ ժամանակներում տեղում ծանր հետևակազորի ու հեծելազորի առկայության և ընտիր սպառազինության մասին։ Դրանք նաև արտադրության տարբեր ճյուղերի մասնագիտացման, ինչպես նաև Կովկասի և այլ երկրաշրջանների հետ տեղաբնիկների ունեցած մշակութային, տնտեսական առնչությունների ապացույցն են։
Հայտնաբերված սեպաձև արձանագրությունում տեղեկություններ կան Շիրակի տարածքը ներառող այսպես կոչված Էրիախի (Երիախի) երկրի ու նրա բնակավայրերի մասին[7]:
1970 թ. Կումայրի-ամրոց բնակատեղիում գտնված նյութերը վերաբերում են մ.թ.ա. III հազարամյակից մինչև միջնադարն ընկած ժամանակաշրջանին։ Նույն ժամանակաշրջանն ընդգրկող նյութեր են պեղվել նաև թռչնաֆաբրիկայի տարածքում (1971)։ Գյումրիում բացվել են հիմնահողային, սալարկղային, քարարկղային դամբարաններ, դամբարանաբլուրներ, կրոմլեխներ, որոնք պարունակում են մ.թ.ա. X — VII, մասամբ՝ VII — VI դդ. նյութեր։ Հնագիտական նյութերի մեջ գերակշռում են ալիքավոր, գծավոր, կետազարդ նախշերով, սև, փայլեցված, ինչպես և կոպիտ կավամանները, աշխատանքի բրոնզե և երկաթե գործիքները, զենքերն ու զարդերը։ Դրանց մեջ առանձնապես ուշագրավ են թևավոր գառնանգղի և սրբազան ծառի պատկերով՝ նախշազարդ ուրարտական բրոնզե գոտին և կոլխիդաոբանյան տիպի կացնակը։ Առանձին խումբ են կազմում մածուկից, ագատից, սարդիոնից և այլ քարերից պատրաստված ուլունքները։ Բոլոր այդ նյութերը զուգահեռներ ունեն Հայաստանի և շրջակա երկրամասերի հնավայրերից հայտնաբերվածների հետ։ Դա հիմք է տալիս ենթադրելու, որ տեղի հնագույն բնակիչները հաղորդակցվել են շրջակա երկրամասերի հետ։ Գյումրիի հնագիտական նյութերի մեծ մասը պահպանվում են տեղի երկրագիտական թանգարանում։
Կումայրիում հայտնաբերված բրոնզաձույլ դաշույններն իրենց զուգահեռներն ունեն Շիրակավանում կատարված հնագիտական պեղումների ընթացքում ի հայտ բերվածների մեջ։ Իսկ Արթիկի դամբարանադաշտում հայտնաբերված ձեռքի փոքր կացինը նման է Կումայրիում արտադրվածին։ Դրանք անշուշտ, արտադրվել են Կումայրիում, որն, այսպիսով, Շիրակի մյուս բնակավայրներին ևս զինել է անհրաժեշտ զինատեսակներով՝ նրանց օժտելով պաշտպանական կարողություններով։ Կումայրիում վաղնջական ժամանակներից եղել է բերդ։ Շիրակի մյուս բնակավայրերի՝ Արգինա, Մարմաշեն, Գուսանագյուղ, Դարբանդ (այսօր՝ Կարմրաքար), Հոռոմոս և այլն, մոտերքում հայտնաբերվել են նախաքրիստոնեական ամրակառույց բերդերի ավերակներ։ Կարելի է կարծել, որ հնուց ի վեր Շիրակն ունեցել է պաշտպանական զորեղ ուժեր, որոնք զինված են եղել Կումայրիում արտադրված զինատեսակներով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s