Բջնիի Սուրբ Աստվածածին Եկեղեցի
Բջնիի Սուրբ Աստվածածին վանքը հիմնադրվել է 1031 թվականին և նախատեսված էր եպիսկոպոսական աթոռի հաստատման համար: «Մագիստրոսի ճեմարան» անունով հայտնի Սուրբ Աստվածածինը միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել: Առասպելը պատմում է, որ Բջնիի բերդն ու Սուրբ Աստվածածին վանքը կապված են եղել ստորգետնյա ճանապարհով, որով քառանիվ սայլերով պաշարվածներին սնունդ են հասցրել: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է ստորգետնյա անցումի հատված: Կան մասնագետներ, ովքեր պնդում են, որ դա միայն գեղեցիկ առասպել է, որը հորինվել է Բջնիի բերդի պաշտպանողների սխրանքները փառաբանելու համար: Եկեղեցու Ավագ խորանի կենտրոնի խորշը շրջապատված է գիպսե շքեղ շրջանակով, իսկ պատերի ողջ երկայնքով ձեռագրերի համար նախատեսված դարակներ են: 1272 թվականին եկեղեցուն կից մատուռ է կառուցվել: Սուրբ Աստվածածին վանքը զգալիորեն վնասվել է Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, երբ եկեղեցում սպանվել է վանահայրը: Վանքը վերականգնվել է XV դարում, երբ բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել: Հետագայում՝ XIX դարում. Խրիմյան Հայրիկի հրամանով տարածքում դպրոցի շենք է կառուցվել:
Բջնիի ամրոց. միջնադարյան անառիկ ամրոց
Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Ամրոցը Վասակ Պահլավունու շինարարական գործունեության արդյունք է , իսկ նրա որդին` Գրիգոր Մագիստրոսը, կառուցել է տվել Բջնիի Սբ. Աստվածածին և Կեչառիսի վանքի գլխավոր եկեղեցին: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:
Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի): Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից ամրոցը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որի երկարությունը հասնում է 120 մ: Մուտքը հյուսիսային կողմից է: Ամբողջ բերդատարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով: Փոքրի վրա, որը 10-15 մ ցածրադիր է մեծի համեմատությամբ և ունի 1200-1500 մ² մակերես, տեղադրված է եղել ստորին, իսկ գագաթի մնացած մասում վերին ամրոցը: Բերդատարածքը խիտ կառուցապատված է եղել: Այստեղ նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր: Մեծ ամրոցի տարածքում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը: Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին: Բերդը ավերվել և ամայացել է XVI-XVII դդ.:
Բուժական գյուղ, Թեղենյաց վանքը
Թեղենյաց վանքը գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս, անտառածածկ տեղանքում: Միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից է: Վանքի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VIII դ. 20-ական թթ.: X-XIV դդ. եղել է մշակութային, կրթական նշանավոր կենտրոն: Թեղենյաց վանքում գործել են ականավոր գիտնականներ Սարգիս Իմաստասերը (XII դ.), Վանական վարդապետը (XIII դ.), պատմիչ Վարդան Արևելցին (XIII դ.):
Թեղենյաց վանքի հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, երկու գավիթներից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, փոքր եկեղեցուց (Ս. Աստվածածին):
1979-1989 թթ. պեղվել է վանքի տարածքը (ղեկավար` Գ. Սարգսյան), որի ընթացքում բացված կառույցներն են Կաթողիկե եկեղեցին, գրատունը, գավթին հյուսիսից հարող շինությունը (գավիթ-մատենադարան), փոքր եկեղեցին:
Հուշարձանախմբից ոչ հեռու պահպանվել է միջնադարյան գերեզմանատունը: Վանքից մոտ 20 մ հեռու կան հողով ծածկված մատուռներ և կացարանների հիմքեր: